Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այս գործի կարճումը չի բխում Փարաքար համայնքի բնակիչների շահերից». Արաքսյա Գրիգորյան

Ապրիլ 29,2022 19:07

«Պարտավորեցման հայցն  ընդունվել էր վարույթ, դատական նիստ նշանակվել, այսօր, սակայն դատարանում դատավորը հայցը կարճեց, ինչն անօրինական, անհիմն է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արաքսյա  Գրիգորյանը:

«Ապրելու երկիր» կուսակցությունը դիմել էր դատարան պարտավորեցնելու ՀՀ կառավարությանը ընդունելու ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրությունների նշանակելու մասին որոշում։ Դատարանը գործը վարույթ էր ընդունել (նախագահող դատավոր Մերի Համբարձումյան):

Արաքսյա Գրիգորյանը վստահեցրեց՝ կուսակցությունը շարունակելու է իր պայքարը ու մանրամասնեց. «Բողոքարկելու ենք այսօրվա կարճված որոշումը, քանի որ այն անօրինական է: Եթե պետք է կարճվեր, ապա ինչո՞ւ էր գործը վարույթ ընդունվում, դարձվում դատաքննության առարկա: Անհասկանալի բաներ են կատարվում, որի համար պիտի պայքարել ու հասնել արդարության: Ամենախնդրահարույցն այն է, որ հայցն ընդունվել է վարույթ, նշանակվել դատական նիստ, և այսօր դատավորն ասում է՝ գիտեք, դա մեր իրավասությունը չէ, քննության առարկա չկա, դրա համար գործը կարճվում է: Եթե քննության առարկա չկար, այդ դեպքում ինչո՞ւ էիք գործը վարույթ ընդունում և մեկ ամիս էլ ձգում»:

Ըստ Արաքսյա Գրիգորյանի՝ դատավորն ամեն կերպ փորձեց խուսանավել գործը վարելուց՝ տարբեր մեկնաբանություններ ու բացատրություններ ներկայացնելով ու շարունակեց. «Հասկանալի է, որ նա պետք է կայացներ քաղաքական որոշում, և դա էր նաև պատճառը, որ նա տարբեր կերպ խուսանավեց այդ որոշումը կայացնելուց և գործը կարճեց: Բնականաբար, այս գործի կարճումը չի բխում համայնքի բնակիչների շահերից»:

Հարցին՝ կարծում եք դատավորի վրա ճնշո՞ւմ է եղել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Չգիտեմ՝ ճնշում  եղել է, թե՝ ոչ, բայց «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակելու է իր պայքարը, որը բխում է համայնքի բնակիչների շահերից: Համայնքի մոտ 6000 բնակիչներ ստորագրահավաք են իրականացրել ի շահ համայնքում նոր ընտրություններ անցկացնելու: Այսօրվա չակերտավոր ընտրված համայնքի ղեկավարն ընտրվել է ՏԻՄ օրենքի կոպիտ խախտումներով. այն է՝ խախտվել է 14-օրյա ժամկետը, և հետևաբար նա չի կարող  համայնքը կառավարել, որի հետևանքով համայնքում ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ: Անառողջ մթնոլորտում պարզապես հնարավոր չէ: Եթե դու ընտրված չես համայնքի բնակիչների կողմից, դու չես կարող համայնքն արդյունավետ կառավարել»:

Հետաքրքրվեցինք՝ «Ապրելու երկիր» խմբակցության անդամներն աշխատո՞ւմ են, Արաքսյա Գրիգորյանը պատասխանեց. «Մեր խմբակցության անդամները պտտվում են համայնքում, հանդիպում բնակիչների հետ, մանկապարտեզներ այցելում, համայնքում առկա խնդիրներն են արձանագրում, վերհանում: Միայն ավագանու նիստերին չեն մասնակցում,  քանի որ այդ նիստը, որտեղ եղել համայնքի ղեկավար է ընտրվել, իրավազոր չի եղել. 14-օրյա ժամկետը լրացած է եղել: ՏԻՄ օրենքը սահմանում է՝ համայնքի ղեկավարը պետք է ընտրվի 14-օրյա ժամկետում: Այնինչ համայնքի ղեկավարն ընտրվել է  հունվարի 9-ին, իսկ ժամկետը լրացել է հունվարի 3-ին, հետևաբար որևէ կերպ չի կարող այդ համայնքի ղեկավարը համարվել ընտրված»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930