Լրահոս
Զինղեկ Հարութը
Օրվա լրահոսը

Դատախազությունը տուժողի իրավահաջորդի կարգավիճակ կտա՞ զոհվածների ծնողներին

Ապրիլ 29,2022 18:21

«Վարույթ իրականացնող մարմինն ունի առավելագույնը երեք օրվա ժամկետ, որպեսզի դատավարական կարգավիճակ տրամադրի ձեզ բոլորիդ: Եթե անգամ որոշում չկայացնի, դատախազությունը համապատասխան գործառույթ ունի՝ դատավարական կարգավիճակ տրամադրել անձամբ»,- գլխավոր դատախազությունում հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, զոհված զինծառայողների ծնողները ՀՀ գլխավոր դատախազության մոտ փակել են Վազգեն Սարգսյան փողոցը: Նրանք հանդիպում են պահանջում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ: Ավելի ուշ ծնողները համաձայնեցին, որ փաստաբանը գնա դատախազությունում հանդիպման:

Փաստաբանը հանդիպել է դատախազության հակակոռուպցիոն կոմիտեի նկատմամբ վերահսկողության վարչության պետ Արամ Մարտիրոսյանի եւ գլխավոր դատախազի խորհրդականի հետ: Փաստաբանը հասկացել է, որ իրենց կողմից լիազորություններն ամբողջությամբ կատարված են, «գնդակը մնում է հակակոռուպցիան կոմիտեի դաշտում»:

Փաստաբանը վստահեցրեց, որ հսկող դատախազը էլեկտրոնային ընթացակարգով Հակակոռուպցիոն կոմիտեից կտեղեկանա ցուցումի կատարման ընթացքի մասին եւ պատասխանը կհրապարակայնացնի:

Նիկոլ Փաշինյանին մեղադրյալ ներգրավվելու մասով էլ ասել են, որ կա հնգօրյա ժամկետ, որը չի լրացել: Իսկ վարչապետին հարցաքննության հրավիրելու մասով էլ հավաստիացրել են, որ որեւէ կաշկանդվածություն չունեն: Նիկոլ Փաշինյանը մինչ այժմ չի հարցաքննվել, այլապես, փաստաբանը վստահ է, որ կասվեր:

Այս գործով բյուրոկրատական քաշքշուքի հետ կապված փաստաբանն ինչ-որ բան զգում է, բայց ասում է, որ դա իր անձնական կարծիքն է:

Զոհվածների հարազատները շարունակում են փակ պահել Վազգեն Սարգսյան փողոցը: Նրանց են միացել մի խումբ երիտասարդներ:

Ավելի ուշ զոհվածների ծնողներին դատախազությունից փոխանցեցին, որ վաղը ժ. 14:00-ին իրենց տուժողի իրավահաջորդի կարգավիճակ տրամադրելու հետ կապված ՀՔԾ-ից պատասխան կստանան: Ծնողները բացեցին Վազգեն Սարգսյան փողոցը, որն ավելի վաղ փակել էին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930