«Այսօր մի բավականին ճոխ, թանկարժեք մեքենայից մի միջին տարիքի տղամարդ, տեսնելով Արցախի դրոշները, գոռաց՝ Արցախ եք ուզո՞ւմ, գնացեք Արցախ․․․քանի որ այդ նախկին երիտասարդը չկանգնեց, որ ես իրեն բացատրեի պետության եւ ցեղախմբի տարբերությունը, հրապարակային կուզեի ասել»,-Արագածոտնի մարզում այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քայլերթի ժամանակ ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա դիմեց նշյալ տղամարդուն եւ նրա պես մտածողներին․ «Նախ, մեր երթի մեջ կան երիտասարդներ, որոնք մասնակցել են 2020թ․-ի պատերազմին, ապրիլյան քառօրյային, կան նաեւ հին գվարդիայի ներկայացուցիչներ, որոնք առաջին պատերազմին են մասնակցել։ Հասկանանք, որ պետությունը կազմակերպված ամբողջություն է։ Պետությունն ունի բանակ, պետական քաղաքականություն, եւ բանակը պետք է իրականացնի պետության առջեւ դրված խնդիրները։ Հայ ժողովուրդն այն եզակի երջանիկներից է, որն ունի անկախ պետականություն։ Բոլոր այն վայ-հայրենասերները, որոնք ասում են՝ գնացեք Արցախ, մեծամասամբ նրանք են, որոնք Արցախում չեն էլ եղել եւ չեն հասկանում՝ պետությունը պետք է հզոր լինի, որ կարողանա պաշտպանել ազգային շահը»։
Արթուր Խաչատրյանը շեշտեց․ «Արցախը հրապարակային բուլվար չի, որ ամեն մեկը վեր կենա ու պապուս հին որսորդական հրացանով ջոկատ կազմի, գնա պայքարելու ադրբեջանական տանկերի դեմ։ Ուստի Արցախի ճակատագրով եւ ՀՀ սահմանների անձեռնմխելիությամբ իրապես մտահոգվածները ոչ թե պետք է դեմագոգիկ հայտարարություններ անեն, այլ պահանջեն ունենալ այնպիսի իշխանություն, որը պատրաստ է ազգային շահերը պաշտպանել, Արցախը, Հայաստանը։ Առանց Արցախի ՀՀ չկա, առանց ՀՀ-ի չկա Արցախ։ Լաո, զարթնի եւ տեր կանգնի քո պետությանը»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ