Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եթե փորձեք գնահատել, թե ինչով են պայմանավորված եղել մեր անհաջողությունները, կհասկանաք` պատճառը գիտությունից հեռվանալն է». Վահագն Խաչատուրյան

Ապրիլ 29,2022 17:34

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում մասնակցել է ՀՀ ԳԱԱ 2021թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովին:

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը ներկայացրել է ակադեմիայի գիտական գործունեության հիմնական արդյունքները և առաջիկա տարիների զարգացման ռազմավարությունը, ԳԱԱ կառուցվածքային բարեփոխումների ծրագրերը:

Աշոտ Սաղյանը նշել է, որ 2021-ին COVID-19 համավարակի ու հետպատերազմյան դժվարին պայմաններում ակադեմիան շարունակել է գիտական և գիտակազմակերպական բնականոն գործունեությունը: ՀՀ ԳԱԱ 2021թ-ի գիտակազմակերպական գործունեությունը ներկայացրել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, թղթակից անդամ Արթուր Իշխանյանը:

Հանրապետության նախագահը ողջունելով ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովի մասնակիցներին, նշել է իր համար պատիվ է ներկա գտնվել մի միջավայրում, որն իր համար շատ հոգեհարազատ է:

«Ես իմ կյանքի բավականին երկար ժամանակը նվիրել եմ գիտությանը և միշտ ինձ համարել եմ ձեզնից մեկը: Ինքս երբևիցե օտարացած չեմ զգացել այս միջավայրից և շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում լինել գիտնական: Գիտնական դառնալը քչերին է տրված և սա պետք է գնահատենք բոլորս՝ և՛ դուք, և՛ հասարակությունը, և՛ իշխանությունը: Ի վերջո մեր հպարտությունը միշտ որպես հայ եղել են մեր գիտությունը, կրթված մարդիկ»,- ասել է Հանրապետության նախագահը:

Անդրադառնալով գիտության ակադեմիայի գործունեությանը նախագահ Խաչատուրյանն երկու կարևոր հանգամանք է առանձնացրել. «Երևույթները խորությամբ ուսումնասիրելու, վերլուծելու անհրաժեշտություն կա: Մենք կարիք ունենք պետական քաղաքականության մեջ մեր խոսքն ասելու ժամանակ գիտական հիմնավորումները հաշվի առնել: Այդ գործում ձեր մասնակցությունը շատ խիստ անհրաժեշտ է,- ասել է նախագահը: -Մենք հանրային խոսքում, քաղաքականության մեջ մի մեծ խնդիր ունենք: Երբ տեսակետներ ենք ասում, դրանք շատ դեպքերում գիտականորեն հիմնավորված չեն, այլ պարզապես ցանկություններ են, և դա մոլորության մեջ է գցում բոլորիս, իշխանության ներկայացուցիչներին, քաղաքական ուժերին, հանրությանը: Հասարակության մեջ այդ չհիմնավորված տեսակետները խառնաշփոթ են առաջացնում:

Մենք կարիք ունենք անաչառ գնահատականներ տալու և՛ ստեղծված իրավիճակին, և՛ ապագային, որը կդառնա նաև պետական քաղաքականություն»:

Վահագն Խաչատուրյանը կարևորել է գիտական քննարկումների անհրաժեշտությունը: «Եթե փորձեք հիմա գնահատել, թե ինչով են պայմանավորված եղել մեր անհաջողությունները, ապա կհասկանաք, որ դրա պատճառը գիտությունից հեռվանալն է: Մենք կարիք ունենք նորից վերադառնալ այդ սկզբնաղբյուրին, որը կոչվում է միտք, անաչառություն, ազնվություն, իրատեսություն»,- նշել է նախագահը:

Նրա խոսքով՝ առանց կրթության և գիտության Հայաստանի Հանրապետության զարգացում չի լինի: «Մենք այլ ռեսուրս չունենք, քան մարդն է՝ իր գիտելիքով, իր ունակություններով, իր նախաձեռնություններով: Հանրակրթություն, բարձրագույն կրթություն, գիտություն այս օղակը պետք է ամբողջական լինի: Դպրոցից կամ նույնիսկ մանկապարտեզից սկսած մենք պետք է մեր հասարակությանը, մեր քաղաքացիներին պատրաստենք ավելի կիրթ մարդ դառնալուն և դրա հետ մեկտեղ՝ երկրին ավելի նվիրված լինելուն»,- ասել է նախագահը:

Հանրապետության նախագահը բոլորին հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ է մաղթել:

«Հայաստանի իշխանության բոլոր օղակները՝ կառավարությունը, Ազգային ժողովը, նախագահական ինստիտուտը ձեր կողքին են, ձեր բոլոր նախաձեռնություններին աջակցողն են, պատրաստ են քննարկել ցանկացած բարդ հարց, որը կարող է ծագել: Մենք վաղվա օրվա մեր պետությունը կառուցելու մեջ միայն և միայն միասին կարող ենք լինել, առանձին-առանձին մենք ուղղակի գոյություն չենք կարող ունենալ»,- եզրափակել է Հանրապետության նախագահը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930