Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

3-4 տարի է անցել, սակայն չունենք ո՛չ բարեփոխում, ո՛չ իրավական ու քաղաքական գնահատական, ինչի մեղավորը գործող իշխանություններն են. Նինա Կարապետյանց

Ապրիլ 29,2022 17:18

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի համոզմամբ, մեր քաղաքացիները ակտիվ չեն բռնությունը դատապարտելու գործում՝ անկախ նրանից ով է բռնության ենթարկվում՝ իշխանության, թե՞ ընդդիմության ներկայացուցիչը: Ըստ նրա, չդատապարտելով բռնությունը՝ մի օր էլ հենց այդ նույն մարդիկ կարող են դառնալ բռնության զոհ: Տիկին Կարապետյանցն այս մասին այսօր կարծիք հայտնեց «Հոդված 3» ակումբում կազմակերպված քննարկման ժամանակ:

Նրա խոսքով, նախորդ իշխանություններին էլ բնորոշ էր բռնությունը անձի դեմ՝ սկսած ընտրություններից, նախընտրական փուլերից, քարոզարշավներից: Սակայն, ըստ իրավապաշտպանի, հեղափոխությամբ եկած իշխանություններն էլ չկարողացան այդ հարցը լուծել. «Ես, անկեղծորեն ակնկալում էի, որ նոր իշխանությունները, որոնց թվում կային մարդիկ, որոնք զբաղվել են մարդու իրավունքներով, այդ կարմիր գծերը կքաշեն հենց այդտեղ, եւ իրենք ու իրենց թիմակիցները զերծ կմնային այդ հռետորաբանությունից, չէին թույլատրի իրենց թիմակիցներին խոսել նույն բառապաշարով: Հակառակը՝ նրանց թվում կային ջատագովներ: Նոր իշխանությունները նոր վարքագիծ ու գաղափարախոսություն սկսեցին տարածել: Նոր իշխանությունների աճեցրած խումբ կար՝ «Հեղափոխության պահապաններ», որոնք սկսել էին «ռազբորկաներ» անել իրենց վարչապետի ու թիմի հասցեին վիրավորանք հնչեցնողների հետ եւ նրանց վերաբերյալ ո՛չ իրավական ո՛չ էլ քաղաքական գնահատական չեղավ»:

Նինա Կարապետյանցը գտնում է, որ պետք է հասարակության գիտակցության վրա ազդել, որ որեւէ պարագայում բռնությունը չունի արդարացում՝ անկախ այն բանից՝ սիրո՞ւմ են այդ մարդուն, թե՞ ոչ. «Ունի հանցավոր անցյալ՝ նրանով պետք է զբաղվեն իրավապահները, բայց իրավապահներն էլ պետք է բարեփոխվեն: Լինեն ոչ թե բանտիկով կապած պարեկային ծառայողներ ու մեքենաներ, սիրուն հագուստներով, այլ, հենց ոստիկանը պետք է բարեփոխվի: Բայց բարեփոխված ոստիկանության տարածքում կարողանում են խոշտանգման ենթարկել մարդկանց ու որեւէ մեկը դրա համար պատասխան չի տալիս»:

Նրա խոսքով, միլիոնավոր գումարներ ծախսվեցին ոստիկանության բարեփոխումների համար, սակայն այդպես էլ մնաց նույն ոստիկանությունը:

Ըստ Նինա Կարապետյանցի, ամենամեծ խնդիրը, երբ ամենաբարձր ամբիոնից՝ ԱԺ-ում, որը պետք է լինի վարքագծի չափանիշ, հնչում է հայհոյանք, վիրավորանք. «Բացարձակ խուլիգանական վարքագիծ է դրսեւորվում: Եվ հերիք չի՝ դրան իրավական գնահատական չեն տալիս, մի բան էլ ուրախանում են, թե ով ում խփեց: Եվ այդ զրոյական մակարդակով ակնկալում ենք, որ փողոցում մեր հասարակությունը պետք է այլ վարքագիծ դրսեւորի»:

Իրավապաշտպան Արա Ղարագյոզյանի խոսքով, 2018 թվականից հետո էլ ոստիկանության չբարեփոխման հետեւանքով ոստիկանությունում արձանագրվեցին խոշտանգումների բազմաթիվ դեպքեր, ավելին՝ այդ ոստիկանները ստացան նոր պաշտոններ:

Անդրադառնալով ընդդիմադիր քաղաքացիների նկատմամբ այս օրերին կատարվող բռնություններին, Արա Ղարագյոզյանը կարծում է, որ ընդդիմադիրների շարքերում կան այնպիսի դեմքեր, որոնք ճիշտ է՝ դիրքորոշում հայտնելու իրավունք ունեն, բայց նրանք փողոցում լինելու փոխարեն պետք է լինեին բանտում: Ըստ Արա Ղարագյողյանի՝ խոսքը, նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի, ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Լեւոն Երանոսյանի մասին է, որոնք նախորդ իշխանությունների օրոք նույնպիսի բռնություններ են կատարել քաղաքացիների նկատմամբ եւ մնացել են անպատիժ:

«Այսօր նրանք խոսում են արդարությունից, պետությունը փրկելուց, Արցախի հարց են առաջ քաշում: Այս ամենն, ինչ որ կատարվում է, այն պատճառով է, որ իշխանությունը բավականաչափ բարեփոխումներ չիրականացրեց ոստիկանական, իրավական համակարգում: Եվ ինչ էլ որ կատարում է, ձեւական բնույթ է կրում: Ոստիկանության բռնություններին էլ իրավական գնահատական չի տրվում»,-ասաց պարոն Ղարագյոզյանը:

Նինա Կարապետյանցի խոսքով, երեք-չորս տարի է անցել, սակայն չունենք ո՛չ բարեփոխում, ո՛չ իրավական ու քաղաքական գնահատական, ինչի մեղավորը գործող իշխանություններն են:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930