Լրահոս
Ինչը չենք արել 33 տարում
Օրվա լրահոսը

Որսում ու արտացոլում էր գեղեցիկը․ Նոր Եդեսիայի միջնակարգ դպրոցում բացվել է Վահե Վարդանյանի անունը կրող փառքի անկյուն

Ապրիլ 29,2022 17:22

Հայ ժողովրդի նորագույն պատմության էջերում իրենց անունը ոսկե տառերով գրած քաջերի շարքում շատ են Արագածոտն աշխարհի հայրենապաշտ  զավակները։ Մարզի դպրոցներում՝ հերոսների հարազատ կրթօջախներում, նրանց երբեք բացակա չեն դնում․ Նոր Եդեսիայի Ներսես Շնորհալու անվան միջնակարգ դպրոցում իր ներկայությունը վերահաստատեց դպրոցի առաջադեմ շրջանավարտ, 44-օրյա պատերազմում կյանքը հայրենիքին նվիրաբերած Վահե Էրիկի Վարդանյանը (2000թ․)։

Դպրոցի տնօրենության նախաձեռնությամբ կրթօջախում ստեղծվել է Վահեի փառքի անկյունը, որի բացումը ապրիլի 28-ին  նշանավորվեց հերոսի կերպարը ներկայացնող ցերեկույթով։ Մասնակից էին Վահեի ծնողները, հարազատները, համագյուղացիները, դպրոցի ուսուցչակազմն ու աշակերտությունը։ Արագածոտնի մարզպետարանի ներկայացուցիչները ևս ցերեկույթի  հրավիրյալների շարքում էին։

Միջոցառման սկիզբն ազդարարեց «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի ուսուցիչ Արամ Սիրունյանը՝ ներկաների համար բացահայտելով Վահեի հայրենասեր էությունը, հարուստ ներաշխարհն ու նկարչական ձիրքը։ Ստեղծագործ  էր Վահեն, սիրում էր նկարել ու գրել, որսում ու արտացոլում էր գեղեցիկը, դեռ գարուններ պիտի վրձներ, ավա՜ղ․․․

Հայրենասիրական կատարումներով հանդես եկան դպրոցի աշակերտները, նրանք ներկաներին վստահեցրին, որ պատվով են կրելու իրենց հերոս եղբոր՝ Վահեի համերկրացին լինելու կոչումը։

Ցերեկույթն ամփոփվեց կարևոր կոչով՝ հիշենք ու մեծարենք մեր նվիրյալ տղաներին, գոտեպնդվենք նրանց ուժեղ ոգով, ապրենք՝ նրանց վսեմ սխրանքին արժանի դառնալու անսպառ ձգտումով․․․

Վահե Վարդանյանը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանող էր, բանակ էր զորակոչվել 2019թ․։ Ծառայել է Ջրականում (Ջեբրաիլ), զոհվել է 2020 թ․ սեպտեմբերի 28-ին, ռազմի դաշտում՝ «կռվել մինչև վերջ» հավատամքով։ Ստացել էր կրտսեր սերժանտի կոչում։

Գլուխ ենք խոնարհում․ փառքդ անմար, սիրելի՛ Վահե։

Արագածոտնի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930