Ազատագրական շարժումը ապրիլի 29-ին կազմակերպել էր իրազեկման ցույց` «Ազատագրում ստից և ստախոսներից» խորագրով` կրկին «Մարիոթ» հյուրանոցի դիմաց:
«Այսօրվա մեր խնդիրը համախմբվածությունն է, ինչպես մենք գիտենք՝ հայոց պատմության ընթացքում հայը հայի հանդեպ ատելության խնդիր գրեթե միշտ ունեցել է: Սակայն, այն կարճ ժամանակներում, երբ կարողացել ենք հաղթահարել այս խնդիրը, համախմբվել եւ հրաժարվել պառակտվածությունից, հաղթանակ ենք կերտել»,-ասաց շարժման անդամներից Վահագն Չախալյանը:
«2018թ-ին ասում էին` բարձրացրեք վեր ձեռքերը, մատներդ պարզեք ոստիկանության առաջ: Դա պառակտվածության, հանձնվելու նշան էր:
Այժմ, բարձրացրու՛ ձեռքերդ վեր եւ մատներդ դարձրու բռունցք»,-ասաց Չախալյանը: Նրա խոսքով, իշխանություններն անգամ փոքրաթիվ մարդկանց հավաքներից են վախենում. «Կարեւորը շատ ու քիչը չէ, կարեւորը արթնացածն է, համախմբված հայը»:
Կարդացեք նաև
Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ ձերբակալեցին Ազատագրական շարժման անդամներին`Վահագն Չախալյանին, Տարոն Դավթյանին, Անդրանիկ Մարգարյանին: Վերջինիս տարան ընդամենը Կառավարության շենքի դիմաց միայնակ Նիկոլ Փաշինյանի երգիծանկարը պահելու համար: Անդրանիկ Հակոբյանը եւ Վազգեն Պետրոսյանը եւս բերման ենթարկվեցին:
Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարով շարժվող Արա Զոհրաբյանին նույնպես ոստիկանները մոտեցան: Նրանցից մեկն ասաց, թե իբր այդկերպ ծաղրում են ոստիկաններին: «Աշխարհում չկա՞ն ծաղրանկարներ, դուք այստեղ ոստիկան որտե՞ղ տեսաք: Հարգելիս, ես միայնակ պտտվում եմ: Հավաքների մասին» օրենքի համաձայն` մեկ մարդու կողմից կատարած բողոքի ակցիան չի կարող համարվել հավաք: Քաղաքական պաշտոն զբաղեցրած անձի երգիծանկարը թույլատրելի քննադատություն է, որի համար չի կարող նույնիսկ քաղաքացիական պատասխանատվություն սահմանվել»,-ասաց Արա Զոհրաբյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ