Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պատերազմը ժողովրդավարության թշնամին է. Արուսյակ Ջուլհակյան

Ապրիլ 29,2022 17:00

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանն իր ելույթում մասնավորապես նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, ժողովրդավարությունն անսակարկելի արժեք է: Եւ պատահական չէ, որ Եվրոպայի խորհրդի ստեղծման նպատակը եւ հիմքը եղել է ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության ապահովումը: Ցավոք, ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում դժվար ժամանակներ է ապրում, եւ մենք պետք է մեկտեղենք մեր ջանքերը ժողովրդավարությունը պաշտպանելու համար:

Զեկուցողը ճիշտ է, երբ ասում է, որ մենք իրական ժողովրդավարությունը պետք է տարբերենք իմիտացիոն ժողովրդավարությունից, քանզի իրական ժողովրդավարությունը ենթադրում է ոչ միայն մեծամասնության իշխանություն, այլ նաեւ հնարավորություն ապահովելու նաեւ քաղաքական փոքրամասնության իրավունքները, երաշխավորելու իրավունքի գերակայության ապահովումը: Չափազանց կարեւոր է նաեւ իշխանությունների տարանջատման ապահովումը:

Շատ դեպքերում մենք, ցավոք, բախվում ենք իրավիճակների հետ, երբ ավտորիտար ռեժիմները փորձում են ժողովրդավարության իմիտացիա անել՝ դրանով ստվեր նետելով իրական ժողովրդավարության բովանդակության վրա:

Գործընկերնե՛ր, կարեւոր է նշել, որ ժողովրդավարությունն ունի ոչ միայն ներքին, այլ նաեւ արտաքին համատեքստ: Եւ պետություններն արտաքին հարաբերություններում պետք է լինեն նույնքան ժողովրդավար, որքան ժողովրդավար են ներպետական հարցերում: Պետությունը չի կարող ունենալ ներքին ժողովրդավարություն, բայց միաժամանակ լինել հակաժողովրդավարական արտաքին հարցերում:

Միայն իրական ժողովրդավարությունն է ունակ երաշխավորելու ժողովրդավարական անվտանգություն եւ հասնելու խաղաղության ընդհանուր նպատակին՝ հիմնվելով արդարության եւ միջազգային համագործակցության վրա:

Ավտորիտար առաջնորդները, հակառակը, օգտագործում են հակամարտություններն իշխանություն զավթելու, իշխանություն պահելու համար: Այդ պատճառով ժողովրդավարության համար շատ բարդ է բանակցել խաղաղության շուրջ ավտորիտար առաջնորդի հետ:

Գործընկերնե՛ր, պատերազմը ժողովրդավարության թշնամին է:

Լեռնային Ղարաբաղի 2020թ. պատերազմից հետո Հայաստանում հանրային քննարկում սկսվեց: Փորձ էր արվում մտայնություն ձեւավորել, որ ժողովրդավարությունն ու անվտանգությունն իրար հակոտնյա են, եւ հնարավոր չէ հզոր երկիր լինել՝ լինելով ժողովրդավար: Ինչեւէ, արտահերթ խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ հայ ժողովուրդը բավականին իմաստուն էր՝ հասկանալու համար, որ ժողովրդավարությունը եւ անվտանգությունը, ժողովրդավարությունը եւ հզոր լինելը հակասում են իրար: Այս հասկացությունները փոխկապակցված են, եւ հնարավոր չէ լինել առողջ եւ ուժեղ բնակչություն ունեցող հզոր երկիր՝ առանց ժողովրդավարության:

Գործընկերնե՛ր, ինչպես արդեն նշեցի, միայն ժողովրդավարությունն է ունակ բերել իրական խաղաղություն, քանզի ժողովրդավարական երկրները միմյանց հետ չեն պատերազմում:

Հետեւաբար, իմ համոզմունքն է, որ մենք պետք է այս հարթակն օգտագործենք մեր ժողովրդավարական ուղիների վերաբերյալ փորձի փոխանակում անելու համար: Մենք պետք է մեկտեղենք մեր ջանքերը պաշտպանելու ժողովրդավարությունը մեր երկրներում, ինչն էլ, իր հերթին, կնպաստի խաղաղությանը տարածաշրջանում: Ինչեւէ, այս ջանքերում ավելի լավ արդյունք գրանցելու համար առաջարկում եմ նախ եւ առաջ հավաստիանալ, որ բոլորս միանման ենք ընկալում այն արժեքները, որոնք ընկած են Եվրոպայի խորհրդի ստեղծման հիմքում»:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930