Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջ է քաշվել նույնիսկ կրթական օրենսգիրք ունենալու հարցը». Ժաննա Անդրեասյան

Ապրիլ 29,2022 16:32

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում  այսօր քննարկվեց Կրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:

Սիսակ Գաբրիելյան

Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ կառավարության իրենց գործընկերների կողմից առաջարկ է եղել մեկ-երկու փոփոխությունների, որոնք իր համար էլ ընդունելի են` որպես նախագծի հեղինակներից մեկը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մի քանի դիտարկում արեց` հիմնականում խմբագրական բնույթի: «Մենք ունենք ընկալում եւ համաձայնեցված ձեւակերպում, որ ոչ ֆորմալ կրթության պարագայում խոսում ենք ուսումնառության գործընթացի մասին եւ սա արտացոլված է նախագծում, սակայն ունենք զուտ խմբագրական խնդիր, որպեսզի ոչ ֆորմալի պարագայում ուսումնառություն բառը կիրառվի: Ինչ վերաբերվում է ընդհանուր դիտարկումներին, դրանք երկուսն են: Առաջինը հետեւյալն է` քանի որ օրենքը նախատեսում է իրականացման մակարդակում բավականաչափ մեծածավալ գործողություններ, որոնք ռեսուրսների պլանավորման ժամանակացույցերի կազմման եւ իրականացման մեխանիզմների իրատեսական նախագծման կարիք ունեն:

Հենց այս պատճառով անհրաժեշտ ենք գտնում, որպեսզի հնարավորության դեպքում բուն իրականացման պրոցեսը 2024թ-ից մեկնարկի, ինչը հնարավորություն կտա ըստ անհրաժեշտության բյուջետային պլանավորման գործընթաց անել եւ նախապատրաստական աշխատանքներ իրականացնել: Ուրախ եմ, որ ունենք սկզբունքային դիրքորոշում, որ եթե իրականացման մեխանիզմների գծագրման փուլում տեսնենք, որ օրենքում նախատեսված որոշ դրույթներ կարիք ունեն վերանայման, որպեսզի իրականացնումն ավելի իրատեսական լինի եւ տեխնիկապես իրագործելի, կարողանանք օրենքին եւս մեկ անգամ անդրադառնալ»,-ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Ժաննա Անդրեասյանը հավելեց, որ բացի դրանից՝ ավելի լուրջ եւ համակարգային հարց ունեն լուծելու, որը սկսած սահմանումներից, հասկացությունների ձեւակերպումներից, ընդհանուր վերանայման կարիք ունի` կրթական համակարգի նոր տրամաբանության ներքո: «Քանի որ ԿԳՄՍ նախարարությունն էլ կրթության զարգացման ծրագրի նախագծով առաջ է քաշել նաեւ կրթական օրենսդրության ընդհանուր վերանայման խնդիրը, նույնիսկ կրթական օրենսգիրք ունենալու հարցը, կարծում եմ, որ դրա շրջանակներում կկարողանանք ավելի գլոբալ եւ արմատական վերանայումների գնալ` հասկացությունների մակարդակում դրանք համահունչ դարձնելով դրանք ժամանակակից միտումներին»,-ասաց նա:

Փոխնախարարի ձեւակերպմամբ, նախագիծը կարեւորում են նաեւ գաղափարական իմաստով, միակ հարցն այն է, որ պետք է շատ մտածված աշխատանք տանել` կարեւոր դրույթներն իրականություն դարձնելու համար:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930