Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ագրարային համալսարանում բացվել է Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն

Ապրիլ 29,2022 16:04

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այսօր պաշտոնապես բացվել է Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնը:

Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաև բուհի դասախոսներ և ուսանողներ:

Շնորհավորելով ներկաներին կենտրոնի բացման կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կարևորել է ագրոտեխնոլոգիական ուղղության զարգացումը մեր երկրում:

«Պետք է անենք հնարավորը՝ մեծացնելու մրցակցությունն այս ուղղությամբ, որպեսզի երիտասարդները ձգտեն ուսանել Ագրարային համալսարանում՝  մեզ համար կարևորագույն մասնագիտությունների գծով: Անասնաբուժության և  անասնաբուծության բնագավառն այսօր շատ կարևոր է մեր երկրի համար: Մենք պետք է ունենանք որակյալ կադրեր, որոնք զինված կլինեն ժամանակակից գիտելիքներով և հմտություններով: Այս կենտրոնի բացումն ուղղված է հենց այդ խնդրի լուծմանը»,-փաստել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով կենտրոնի ստեղծման գործում իրենց ներդրումն ունեցած բոլոր կողմերին: Վահրամ Դումանյանը  վստահություն է հայտնել, որ նմանօրինակ կենտրոնի ստեղծումն էլ ավելի կոգևորի ուսանողներին, իսկ պրոֆեսորադասախոսական կազմը կգործի հարմարավետ և ժամանակակից միջավայրում:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն իր հերթին կարևորել է  գերազանցության կենտրոնի առկայությունը հենց Հայաստանի ազգային ագրարային համալսարանում. «Անասնաբուժությունը միայն տեսական մասնագիտություն չէ. այն պահանջում է գործնական գիտելիքներ: Վստահ եմ, որ կենտրոնի գործունեությունը կնպաստի ուսանողների գործնական հմտությունների զարգացմանը»:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը ևս կարևորել է կենտրոնի բացման իրողությունը՝ ընդգծելով, որ անասնաբուժության ոլորտը պետք է քայլի ժամանակին համահունչ:

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը շնորհավորել է բուհի ուսանողներին՝ հավաստիացնելով, որ կենտրոնում ստեղծված են բոլոր նախադրյալները՝ բարձրակարգ և մրցունակ կրթություն ստանալու համար:

«Այսօր նաև անասնաբույժի օրն է, և այս մասնագիտական տոնն ինքնանպատակ չէ. այն ևս մեկ հնարավորություն է՝ վերհանելու ոլորտում առկա խնդիրները և խոսելու դրանց լուծումների մասին»,- շեշտել է ռեկտորը:

Անասնաբույժի օրվա կապակցությամբ և կենտրոնի ստեղծման գործում իրենց ներդրումն ունեցած անձինք արժանացել են շնորհակալագրերի, իսկ բուհի մի շարք դասախոսներ պարգևատրվել են ոսկե հուշամեդալով և շնորհակալագրերով՝ նվիրյալ մանկավարժ լինելու և սերունդների դաստիարակության գործում մեծ ավանդ ունենալու համար: Մրցանակները հանձնել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Նշենք, որ Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնը հիմնադրվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ՝ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում։ Այն կնպաստի  հետազոտահենք մասնագիտական կրթության միջոցով ոլորտի մրցունակ մասնագետների պատրաստմանն ու բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդմանը, ինչպես նաև լուրջ խթան կհանդիսանա ոլորտում կրթական և գիտական գործընթացների բարեփոխման ու արդիականացման համար։ Գերազանցության կենտրոնը նաև հնարավորություն կստեղծի ուսանողներին զինել գործնական հմտություններով, իրականացնել գիտական ծրագրեր, կրթական և վերապատրաստման ծառայություններ մատուցել ֆերմերներին ու գործող անասնաբույժներին:

Կենտրոնն ունի երեք հիմնական բաժիններ՝ անասնաբուժական ժամանակակից սիմուլյացիոն բաժին, կլինիկա և ուսումնական լսարաններ:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930