Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում կոռուպցիոն հանցագործության վերաբերյալ տեղեկություններ էին ստացվել, որոնք իրացվեցին քրեական ոստիկանության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների հետ: Ձեռնարկվեցին ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում ձեռք բերված փաստական տվյալը հետևյալն էր. Երևանի Բաղրամյան պողոտայի 47 շենքի բակում մետաղական կոնստրուկցիաներով ինքնակամ պատրաստված պատշգամբը չապամոնտաժելու, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ապօրինի տիրապետումից չազատելու և մինչև երկու միլիոն դրամի չափով վարչական տույժ չկիրառելու ակնհայտ ապօրինի գործողությունների համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետը, տարածքային երրորդ բաժնի պետի հետ նախնական համաձայնությամբ, այս տարվա ապրիլի սկզբներին բնակչից որպես կաշառք պահանջել են 300 հազար դրամ:
Պայմանավորված օրը՝ ապրիլի 24-ին, ինչ-ինչ պատճառներով գործարքը չի կայացել, սակայն ձեռք է բերվել նոր պայմանավորվածություն, և քաղաքացին քաղաքապետարան է հրավիրվել ապրիլի 28-ին։ Այդ օրն էլ քաղաքապետարանի գլխավոր մասնագետը Երևանի Դեմիրճյան փողոցում, «Նիսան» մակնիշի իր ավտոմեքենայում, քաղաքացուց 300 հազար դրամը ստանալուց անմիջապես հետո բերման է ենթարկվել քրեական ոստիկանություն։ Ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել և վերցվել է կաշառքի առարկա գումարը։
Հարուցվել է քրեական գործ: Քաղաքապետարանի գլխավոր մասնագետն ու տարածքային երրորդ բաժնի պետը ձերբակալվել են: Քրեական գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ նախաքննություն կատարելու համար:
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն