44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր ցույց էին անում Հակակոռուպցիան կոմիտեի մոտ:
Հիշեցնենք, զոհվածների հարազատները երրորդ օրն է՝ Գլխավոր դատախազության մոտ են ցույց անում: Նրանք պահանջում են, որ Հակակոռուպցիան կոմիտեում քննվող 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող քրեական գործի շրջանակներում զոհվածները տուժողի կարգավիճակ ստանան, իսկ նրանց հարազատները՝ տուժողի իրավահաջորդի: Նաեւ՝ Նիկոլ Փաշինյանը՝ մեղադրյալի կարգավիճակ ստանա եւ խափանման միջոց ընտրվի կալանավորումը: Այս ամենը հետեւում է ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում ունեցած ելույթից, որտեղ նա հայտարարել էր. «Այո՛, պատերազմը հնարավոր էր կանխել, արդյունքում կլիներ նույն իրավիճակը, սակայն առանց զոհերի»:
Գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտեին, որի շրջանակներում է քննվում գործը, բավարարել դիմումները: Սահմանված կարգի համաձայն՝ դիմումները պետք է քննվեն հնգօրյա ժամկետում, ծնողները պահանջում են, որ անհապաղ քննություն իրականացվի: Ծնողներն այսօր նույն պահանջը ներկայացնում էին Սասուն Խաչատրյանին։
Հակակոռուպցիոն կոմիտեում ծնողներին ասել են, որ չեն ստացել դատախազության միջնորդությունը: Մինչդեռ երեկ, տարբեր լրատվամիջոցների հարցերին ի պատասխան, կոմիտեում ասել էին, որ ստացել են դատախազության միջնորդությունը: Այս ամենում ծնողները ձգձգման միտում են տեսնում:
Կարդացեք նաև
«Քննիչը ասեց՝ դատախազը ո՞վ է, էդ փոքր մարդը, դատախազությունը չի կարող ինձ հրահանգ տալ: Դե, ուրեմն, ամոթ Դավթյան Արթուրին, թող գնա դհոլը վերցնի եւ յութուբում դհոլ նվագի: Հետո հիշի, որ էդ դհոլը դնելու է տակը՝ նստի՝ էդ դհոլի վրա… Ինչքա՞ն կարաք ձեր աթոռի համար… ձեր տղավարի քայլը արեք՝ Նիկոլը չէ, Նիկոլի յոթ հերն էլ, որ գան, մենք՝ ծնողներս, կանգնած ենք ձեր կողքին: Այսինքն, էդ մի դավաճանը կարողանում է ձեզ ցուցում տալ, դուք էս հինգ հազար ընտանիքներին էս վիճակով եք վերաբերվո՞ւմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը:
Եթե իրենց պահանջը արդար լուծում չստանա, ծնողները հայտարարում են, որ ծայրահեղ քայլերի կդիմեն:
Ծնողները նորից վերադարձան դատախազության մոտ: Նրանք կշարունակեն իրենց հնգօրյա ցույցը՝ Գլխավոր դատախազության շենքի մոտ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ