Ս.թ. ապրիլի 19-26-ը Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ պոլսահայ նկարչուհի Վերշայի կամ Վերժին Շապճըի (Շապճյան) վերջին անհատական ցուցահանդեսը։ Ցուցադրությունը նկարչուհու յուրահատուկ «կտակն» էր հայրենիքին։ Ավարտին բարեգործական ցուցահանդես-վաճառքին ներկայացված կտավների վաճառքից գոյացած գումարը և 3 կտավներ նկարչուհին փոխանցեց ՀՀ զինված ուժերի փոխգնդապետ, «Արիության համար» մեդալակիր Սարգիս Ստեփանյանի հիմնած «Հայ հերոսների վերականգնողական կենտրոն»-ին: Վերշայի խոսքով, հայ հերոսների հետ բարեկամությունը ամենաթանկն է, որ իր հետ պետք է տանի Հայաստանից։
Վերշան հինգ տարի աշակերտել է պոլսահայ հռչակավոր նկարչուհի Քրիստին Սալերիին, այնուհետև ուսումը շարունակել Թուրքիայի 20-րդ դարի ամենանշանավոր նկարիչներից մեկի՝ ծագումով ալբանացի մոդեռնիստ նկարիչ պրոֆ. Սաբրի Բերկելի արվեստանոցում։
Վերշան անհատական ցուցադրություններ է ունեցել Հայաստանում (Երևան), Ռուսաստանում (Մոսկվա), Գերմանիայում (Բեռլին), Հունաստանում (Աթենք), Ավստրիայում (Վիեննա), Ֆրանսիայում (Փարիզ), Թուրքիայում։
Նրա աշխատանքները տեղ են գտել բազմաթիվ մասնավոր հավաքածուներում:
Վերժին Շապճըն Պլաստիկ արվեստի միջազգային միության և Ստամբուլի կերպարվեստի ասոցիացիայի նկարչական ընկերության անդամ է։
2011-ին Վերշան պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան