Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ դռները սկզբում փակել են ցուցարարների առաջ․ իրազեկումը շարունակվել է բակերում եւ մասնաշենքերում

Ապրիլ 29,2022 13:26

Գարեգին Նժդեհի արձանի շրջակայքից այսօր ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունն իրազեկման երթ սկսեց՝ «Նիկոլ դավաճան», «տեր ենք մեր հայրենիքին» վանկարկումներով։ Երթն ուղեկցող ոստիկանների գործողությունները սկզբում հասկանալի չէին։ Նախ, ինչ-որ բան խոսեցին կազմակերպիչների հետ, հետո առաջ ընկան, իսկ որոշ ժամանակ անց մեկ շարքով փակեցին ցուցարարների ճանապարհը, ընդ որում՝ ոչ թե փողոցի երթեւեկելի գոտում, այլ մայթին։ Երիտասարդներից մեկը վրդովվեց, թե ինչու են ճանապարհը փակում։

Վայրկյաններ անց մոտեցավ վերադաս ոստիկանը եւ բացել տվեց ծառայակիցների շղթան։ «Ապրի պարոն ոստիկանը, այ այդպես։ Մի խանգարեք, դուք ձեր գործն արեք, մենք էլ մեր»,-ասաց ցուցարարը։

Ոստիկանը հորդորեց իրեն ցուցումներ չտալ, քանի որ անվտանգություն են ապահովում։ «Ախպոր պես, քայլեք էլի»,-նետեց մեկ այլ ցուցարար։

«Դուրս ենք եկել փողոց հանուն Արցախի եւ ՀՀ-ի։ Միացյալ Հայաստանի գաղափարը պետք է փոխանցենք հաջորդ սերունդներին։ Նիկոլի տեսակը չպետք է կտրի պայքարի թելը։ Սա իշխանության եկած անհայրենիքների խունտա է»,-քաղաքացիներին դիմելով՝ հայտարարեց ՀՅԴ ՀԵՄ անդամ Գոռ Սարգսյանը։

Երիտասարդներն իրազեկումը շարունակեցին Ալեք Մանուկյան փողոցի վրա գտնվող ուսումնական հաստատությունների դիմաց։

Ցուցարարները մտան ԵՊՀ մասնաշենքեր, «Նիկոլ դավաճան», «պայքար-պայքար» վանկարկումներով ուսանողներին կոչ արին դուրս գալ փողոց։ Ոստիկաններն այստեղ նրանց այլեւս չէին ուղեկցում։ Նրանց դիմավորեցին արդեն ԵՊՀ բակերում։

Ցուցարարները նաեւ իրազեկեցին, որ այսօր 18:30-ին մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտից կմեկնարկի դիմադրության շարժման երթը։

Գոռ Սարգսյանը Yerkir.am-ի ուղիղ եթերում հայտարարեց, որ սկզբում ԵՊՀ դռներն ուսանողների առաջ փակել են, ՀՅԴ անդամ Սեւակ Նազարյանին կարծես թե ոստիկանները բերման են ենթարկել, ինչից հետո իրենք իրազեկումը շարունակել են մասնաշենքերում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930