Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Ռոբերտ Խաչատրյանին:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի կարգավիճակում կատարած աշխատանքի համար:
«Պարոն Խաչատուրյանը կարճ ժամանակում նախարարությունում կարողացավ գործունակ թիմ ստեղծել, և նախարարության շուրջ այդ ընթացքում մթնոլորտը եղել է շատ դրական: Մենք տեսել ենք շատ կոնկրետ ծրագրեր, արդյունքներ: Դրանց մի մասի վերաբերյալ, և մյուսների վերաբերյալ էլ հույս ունենք հանրությունն առաջիկայում ավելի լայն իրազեկված կլինի»,- նշել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը կշարունակի ոլորտի նկատմամբ իր ուշադրությունը և կնպաստի բոլոր ծրագրերի իրականացմանը:
Կարդացեք նաև
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել գնահատականների համար: «Նշանակված նախարարը թիմից է, և համոզված եմ, որ պարոն Խաչատրյանն ամեն ինչ կանի սկսված ծրագրերը շարունակելու համար»,- ասել է Հանրապետության նախագահը:
Վահագն Խաչատուրյանը նշել է, որ նախարարի կարգավիճակում աշխատած 7 ամիսների ընթացքում մշտապես զգացել է կառավարության ղեկավարի անմիջական աջակցությունը՝ տարատեսակ ծրագրերի իրականացման համար:
«Այդ օգնության կարիքը միշտ կա, և Ձեր օգնությամբ կծնվեն նոր գաղափարներ, և դրանք նույնպես իրականություն կդառնան: Մի կարևոր հանգամանք կա, որ կցանկանայի նշել, որը նաև ինձ ոգևորել է: Դուք տվել եք ազատություն գործունեության մեջ՝ միաժամանակ նշելով, որ այդ ազատության մեջ ամենակարևորը պատասխանատվությունն է: Եվ, որպես նախարար, ես այդ պատասխանատվությամբ եմ աշխատել՝ զգալով, որ այն ինչ-որ անում ենք, անում ենք կառավարության հետ միասին, կառավարության գաղափարների իրականացմանն ենք նպաստում: Իսկ ինչ վերաբերում է հետագա աշխատանքին, այնպես է ստացվելու, որ ես չեմ էլ կարող հեռու մնալ, քանի որ ես էլ պատասխանատու եմ կառավարության կողմից իրականացվող ծրագրերի համար, և Հայաստանի Հանրապետությունում իսկապես համերաշխ մթնոլորտ ստեղծելու գործում իմ մասնակցությունը պետք է լինի: Բոլոր դեպքերում իմ հնարավորությունների սահմանում ամեն ինչ կանեմ, որ իսկապես հաջողություններ, նոր ձեռքբերումներ ունենանք: Ձեզ հետ միասին շնորհավորում եմ պարոն Խաչատրյանին, ցանկանում եմ հաջողություններ՝ կոլեկտիվի հետ միասին: Համոզված եմ, որ մեծարգո վարչապետի հնչեցրած գնահատականների հետևանքը կլինի այն, որ նորից կարժանանաք այսպիսի գնահատականների»,- ասել է Վահագն Խաչատուրյանը:
Նորանշանակ նախարար Ռոբերտ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ նախարարությունում ձևավորված թիմը և շատ ճիշտ հիմքերի վրա դրված աշխատանքները, որի մեջ շատ մեծ դերակատարություն է ունեցել նաև Վահագն Խաչատուրյանը, կշարունակեն հաջողությամբ կյանքի կոչվել:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ