Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային ինքնորոշման ձգտումները շարունակելու են ազդեցություն ունենալ եվրոպական ժողովրդավարական ուղու, խաղաղության և կայունության վրա, եթե չլինեն արդար և ազնիվ որոշումներ. Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ նիստում

Ապրիլ 29,2022 12:55

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Արմեն Գեւորգյանն ապրիլի 28-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում «Եվրոպայում իրական ժողովրդավարության պաշտպանությունը եւ խթանումը» զեկույցի քննարկման ժամանակ:

«Պարո’ն նախագահող, քննարկվող փաստաթղթերում կա երկու հարց, որոնք ուզում եմ առանձնացնել:

Նախ` կցանկանայի անդրադառնալ այն պնդմանը, որ, մեջբերում եմ, «ժողովրդավարությունը մեծամասնության դիկտատուրան չէ»: Ցավոք սրտի, սա այն ուղին է, որն անցած տարիներին ընտրել են մեր անդամ պետությունների մի շարք կառավարություններ:

Այս ուղին հաճախ հանգեցնում է մեկ քաղաքական ուժի կողմից իշխանության կոնսոլիդացման եւ, հետեւաբար, ուռճացված գործադիր իշխանության: Հետո դա առաջ է բերում խորհրդարանի դերի եւ քաղաքական ընդդիմության աշխատանքի սահմանափակում: Ակնհայտ են նաեւ լրատվամիջոցների հանդեպ հետագա սահմանափակումները եւ խոսքի ազատության նոր արգելքները, ինչպես նաեւ` միջամտությունը դատարանների աշխատանքին: Փաստորեն, մենք ականատես ենք լինում այսպես կոչված «լիբերալ դիկտատուրայի» ձեւավորմանը:

Մեզանից շատերին անհայտ պատճառներով Եվրոպայի խորհուրդը եւ շատ այլ կազմակերպություններ մինչ այժմ նախընտրել են անտեսել վերը նշված միտումները: Հուսով եմ` դա ավանդական ժողովրդավարական արժեքների եւ նոր գլոբալ քաղաքականության միջեւ փոխզիջման արդյունք չէ: Կարծում եմ` «իրական ժողովրդավարություն» ապրանքանիշը չի կարող շնորհվել որեւէ երկրի` ցանկացած աշխարհաքաղաքական հաշվարկների կամ նախապատվությունների պատճառով: Ավելին, ինձ թվում է, որ մեծամասնության դիկտատուրայի ներկայացված բացասական դրսեւորումները մոնիտորինգի հատուկ առարկա պետք է դառնան կազմակերպության անդամ երկրներում:

Երկրորդ` հղում է կատարվում որոշակի «պատասխանատվությանն այլ անդամ պետությունների հանդեպ», որ պետք է ունենա իրական ժողովրդավարությունը` «արդարության եւ միջազգային համագործակցության վրա հիմնված խաղաղության» ընդհանուր նպատակին հասնելու համար: Ես համաձայն եմ սրա հետ, բայց կարծում եմ` «երկակի ստանդարտները» պետք է հանվեն:

Ակնհայտ է, որ նոր Եվրոպան մինչ այժմ չի կարողացել գտնել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ամենախելամիտ եւ նորագույն լուծումը: Մենք պետք է գիտակցենք, որ ազգային ինքնորոշման պատմականորեն ընդգծված ձգտումները շարունակելու են իրենց ազդեցությունն ունենալ մայրցամաքում եվրոպական ժողովրդավարական ուղու, խաղաղության եւ կայունության վրա, եթե չլինեն արդար եւ ազնիվ որոշումներ:

Հարգելի’ գործընկերներ, մենք չպետք է ունենանք այնպիսի դեպքեր, երբ անդամ պետություններում ժողովրդավարության որակն անտեսվի աշխարհաքաղաքական ցանկացած վերափոխումների պատճառով: Կարծում եմ` այս կազմակերպության հիմնադիրների տեսակետն էր, որ անդամ պետությունների ներսում եւ նրանց միջեւ հակադեմոկրատական գործընթացներն օբյեկտիվ գնահատականի արժանանան Ստրասբուրգում»,- նշել է Արմեն Գեւորգյանը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930