Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Նա աշխարհ է եկել իրենից հետո հետագիծ թողնելու համար». կայացել է «Տումի» գրքի շնորհանդեսը 

Ապրիլ 29,2022 09:20

Երեկ՝ ապրիլի 28-ին, Երևանում, «Դիզակ Արտ» մշակութային երիտասարդական կենտրոնի նախաձեռնությամբ կայացել է  20-րդ դարի Արցախի լավագույն մանկավարժ, ԼՂՀ վաստակավոր մանկավարժ, բազմաթիվ հրապարակախոսական և պատմաաշխարհագրական ակնարկների հեղինակ, Արցախի Հադրութի շրջանի Տումի գյուղից նշանավոր մտավորական Խորեն Ղազարյանի «Տումի» գրքի շնորհանդեսը, որը 2005 թվականին արժանացել է ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան ամենամյա մրցանակի։ Սա գրքի երկրորդ վերահրատարակությունն է: Խորեն Ղազարյանը հեղինակել է նաև «Աղբուլաղ-Ակնաղբյուր» գիրքը:

Գրքի նմուշօրինակները, որոնք Խորեն Ղազարյանն էր նվիրել համագյուղացիներին, 44-օրյա պատերազմի ժամանակ մնացել են գյուղում: Վերահրատարակման գաղափարը ոգևորել է ոչ միայն հարազատներին, այլև տումեցիներին:

«Պապիկի ծնունդն է, նա կդառնար 94 տարեկան: Ցավոք գերեզման չենք կարող այցելել: Որոշել ենք այսկերպ շնորհավորել նրա երկնային ծնունդը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասացին հարազատները:

Շնորհանդեսին ելույթ ունեցան Խորեն Ղազարյանի հարազատները: Զինա Գասյանը նկատեց՝ հայտնի մանկավարժները պատմության մեջ թողել են աշակերտի նկատմամբ իրենց սիրո անմար կրակը և Խորեն Ղազարյանն աշխարհ է եկել իրենից հետո հետագիծ թողնելու համար:

«Տումին իր հարազատներից բաժանված, աչքը նրանց վերադարձին, օկուպացված և գերության մեջ հայտնված Հադրութի գյուղերից մեկն է, որի աշխատասեր ու հայրենասեր բնակիչները ոչ իրենց կամքով թողեցին հայրենի օջախները, տարիների վաստակը, եկան և ապաստան գտան մայր հայրենիքում՝ Հայաստանում: «Տումի» գիրքն էլ մի ապտակ է ադրբեջանցի այն գիտնականներին, որոնք ձգտում են աշխարհին ապացուցել, որ, իբր, Մենուայի, Արգիշտիի Հայաստանը, Տիգրան Մեծի ծովից ծով Հայաստանն իրենցն է: Ծիծաղելի է, չէ՞»,-նշել է Խորեն Ղազարյանի կինը՝ Էմմա Սարդարյանը, ավելացնելով, որ գրքի հեղինակի նպատակներից մեկն էլ ցույց տալն է, որ Տումին բնիկ հայկական է:

Միջոցառումը համեմված էր  «Դիզակ Արտ»-ի սաների, ինչպես նաև  Անուշ Ստեփանյանի և Մհեր Մոսյանի երաժշտական կատարումներով:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Լուսանկարները՝ Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930