Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ հարձակվեցին Արմեն Մարտիրոսյանի վրա

Ապրիլ 29,2022 10:00

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի տեսակետները, իմ կարծիքով, խիստ վիճելի են, եւ, օրինակ, ինձ մոտ դրանք հաճախ բանավիճելու ցանկություն են առաջացնում: Չեմ կարծում, որ Հայաստանը պետք է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ իր հարաբերությունները կառուցի պարոն Մարտիրոսյանի պատկերացումների հիման վրա: Բայց նա ո՛չ պետական պաշտոնյա է, ո՛չ էլ անգամ քաղաքական գործիչ, որպեսզի նրա ասածները կամ գրածները պարտադիր դառնան լայն քննարկման առարկա՝ ով ուզում քննարկում է, մնացածներն ուշադրություն չեն դարձնում: Ի դեպ, նրա հայացքները ես չեմ նույնականացնում ոչ առաջին նախագահի, ոչ էլ ներկայիս վարչապետի հայացքների հետ (եթե երկրորդ դեպքում դրանք ընդհանրապես կան):

Ինչին ես կտրականապես դեմ եմ, դա որեւէ մարդու դեմ ատելություն ու թշնամանք գեներացնելն է՝ լինի նա ՀՀԿ-ական, ՔՊ-ական, դաշնակցական, թե ՀԱԿ-ական: Հիշո՞ւմ եք, օրինակ, թե ինչ զանգվածային փսիխոզ էր կազմակերպվում Շուշան Պետրոսյանի կամ Մարգարիտ Եսայանի դեմ՝ տգեղ, ցինիկ, մարդկային արժանապատվությունը վիրավորող (ոչ թե այդ կանանց, այլ այդ պսիխոզի մեջ ընկնողների): Նման հիստերիաներ խրախուսողները պետք է հասկանան, որ վաղ թե ուշ իրե՛նք են դառնալու նման «օբստրուկցիայի» թիրախը: Եվ, ինչպես մի քանի անգամ արդեն գրել եմ, այդ զգացմունքների բորբոքումը ուղղակիորեն հարվածում է հասարակությանն ու պետությանը:

Ես դեմ եմ նաեւ «թրքացման դեմ պայքարող» – «թրքացման ջատագով» պարզունակ հակադրությանը, որն արժեք ունի միայն քարոզչական տեսանկյունից՝ քանի որ զանգվածների մեջ hամապատասխան էմոցիաներ է առաջացնում: Երբ այդ կատեգորիաներն օգտագործելով դատողություններ է անում շարքային քաղաքացին, դա դեռ կարելի է հասկանալ: Բայց երբ իրավապաշտպանն է ասում, որ թրքացման դեմ պայքարողները տեսան թրքացման ջատագովին եւ հարվածեցին, դա արդեն մտահոգվելու տեղիք է տալիս, որովհետեւ նման պրիմիտիվ պատկեր ներկայացնողն իրականում ամեն ինչ հասկանում է:

Այս իշխանությունը փոխվելու է՝ եթե ոչ ա՛յս «հեղափոխական շարժման», ապա հետագայում որեւէ այլ նմանատիպ իրադարձությունների ազդեցության տակ: Իհարկե, ցանկալի է, որ գոնե մի անգամ իշխանությունը փոխվի ընտրությունների միջոցով, բայց ես դրան, ճիշտն ասած, չեմ հավատում: Իսկ ինչն է, որ առայժմ չի փոխվում՝ արտահայտված հայացքների համար մարդկանց վրա հարձակվելը՝ ֆիզիկական եւ վիրտուալ տարածքում, իրական կամ կարծեցյալ մեծամասնության տեսակետի հետեւից վազելը: Ես սա ամենասկզբունքային հարցն եմ համարում: Ոչ միայն Հայաստանում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Ասում են, թագավորին իր շքախումբն է նյութ ու բովանդակություն տալիս, ոչ թե թագավորի պաշտոնը: Մեզնից բոլորն անխտիր, ով իրեն հայ է զգում, բնազդորեն իր հայ ժողովուրդին սիրում է, ինչպես ծնողն է սիրում իր երեխային: Հայերով ուրեմն երկու տեսակի ենք բաժանվում, մի տեսակս ծառայի նման ենթարկվում է բանդիտական թե սատանայական պետությունների հրահանգիչների հրահանգներին, մյուս տեսակս ուղղակի ոչ մի կապ չունի ոչ բանդիտների եւ ոչ էլ սատանիստների հետ: Երկու տեսակս էլ մեր հայ միս ու արյունն են, նրանք, ովքեր մաքուր են եւ կապ չունեն արտաքին հատուկ ծառայությունների հետ, շատ ավելի անկախ են եւ նրանցից է կախված մեր հայ ազգի ճակատագիրը, մնում է, որ մաքուր անկախ հայ տեսակն իրեն առավել պրոակտիվ ցուցաբերի’ առավել նախաձեռնողական եւ փրկի մեր հիվանդ կախյալ տեսակին, փրկությունը սիրո մեջ է, սիրո եւ հետեւողականության, ինչպես իսկական բժիշկն իր հիվանդի հանդեպ: Հայի ուժը հայի մեջ է:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930