Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կորցնել հայրենիքը, նշանակում է կորցնել այնտեղ ապրող ժողովրդի պատիվը

Ապրիլ 29,2022 13:30

Տարօրինակ է, թե հազարամյակներ շարունակ տառապանքի խորխորատներ անցած, հայրենիքի համար կյանք չխնայած, հպարտ, համարձակ, արցախյան առաջին պատերազմում պանծալի հաղթանակ տարած այս ժողովրդի հետ ինչ է կատարվում, որ Արցախի եւ Հայաստանի այս ողբերգական վիճակում, երբ 44-օրյա պատերազմի անհասկանալի ու խայտառակ պարտությունից հետո, ինչու ոչ, նաեւ այսօր, երբ լիովին վտանգված է Արցախի անկախության ու ընդհանրապես նրա լինել-չլինելու հարցը, երբ մեծ տերությունների խաղերի եւ Հայաստանի իշխանության պարտվողական քաղաքականության ներքո, նա լիովին անտարբեր ու իներտ է դարձել երկու հայկական պետությունների ճակատագրի նկատմամբ, որ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու ռեալ վտանգի պարագայում անգամ, համարյա շարժ չի անում: Սրանից ավելի ի՞նչ վտանգ պետք է կախված լինի Արցախի եւ Հայաստանի գլխին, որ ժողովուրդը նիրհից արթնանա եւ քայլ անի մեր պետությունների փրկության համար:

Միանգամից ասեմ, որ մեր միակ հույսը մենք ենք՝ աշխարհի ողջ հայությունը եւ հույս դնել այլ երկրների, միջազգային կառույցների վրա՝ ընդամենը ծիծաղելի է, քանզի 44-օրյա պատերազմի ընթացքում համոզվեցինք, որ ոչ միայն մեզ որեւէ բանով չօգնեցին, այլեւ մինչեւ այսօր մեզ խանգարում եւ ամեն ինչ անում են, որպեսզի Արցախը մնա Ադրբեջանի կազմում, քանի որ իրենց շահն է այդպես պահանջում:

Փաստացի, աշխարհում չկա գեթ մեկ երկիր, որն առաջարկի, որպեսզի հետագա համաձայնագրերը կամ պայմանագրերը կնքելիս, հիմք ընդունեն նաեւ ազգերի ինքնորոշման իրավունքը, որը ժողովրդավարության հիմնասյուներից մեկն է, այլեւ բոլորը միաբերան բարձրաձայնում են, որ այդ հակամարտությունը պետք է լուծվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիմքի վրա, որը ոչ այլ ինչ է, քան Արցախի մնալն Ադրբեջանի կազմում: Բացարձակ անհասկանալի է, թե այսքանից հետո մեր ժողովուրդն ուրիշ ինչ հրաշքի է սպասում, որի պարագայում Արցախը չի կորցնի իր անկախությունը եւ պարտադրանքի ճանապարհով չի հանգրվանի Ադրբեջանի կազմում: Ո՞վ պետք է օգնի եւ փրկի Արցախին նման ճակատագրի արժանանալուց: Այս ամենը պարզորոշ խոսում է այն մասին, որ Հայաստանն ու Արցախը միայնակ են մնացել աշխարհի եւ թուրք-ադրբեջանական տանդեմին դեմ-դիմաց, իսկ աշխարհը բարձրաձայնում է, որ լիովին կողմ է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Այս պարագայում կա երկու ճանապարհ. կամ կլինի նոր պատերազմ, կամ պետք է համաձայնենք Ադրբեջանի թելադրած պայմաններին, այն է՝ Արցախը մնա Ադրբեջանի կազմում եւ Հայաստանից Ադրբեջանին տրվեն իրենց ուզած տարածքները: Ամեն դեպքում, կարծում եմ, որ գոնե հայ ժողովուրդն իրեն այնքան է հարգում, որ չի համաձայնի երկրորդ տարբերակին, այնպես որ, մնում է առաջին տարբերակը, որը եզակի շանս է՝ ողջ հայ ժողովրդի համախմբման պարագայում, փորձ արվի գոնե ետ բերել վերջին պատերազմի ընթացքում կորցրած տարածքները:

Արդեն մոտ մեկ շաբաթ է, ինչ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Վանեցյանը կոչով դիմել է հայ ժողովրդին, ներկայացրել Հայաստանի եւ Արցախի շուրջ ստեղծված ողբերգական վիճակն ու ժողովրդին հրավիրել ազատության հրապարակ, որպեսզի համատեղ ուժերով փորձ արվի ուղիներ գտնել՝ դուրս գալու ստեղծված կործանարար վիճակից եւ մի վերջին հնարքով փորձենք փրկել Հայաստանն ու Արցախը: Ցավոք սրտի, ժողովրդի արձագանքն այս կոչին չափազանց պասիվ է եւ մարդկանց այցելությունն ազատության հրապարակ շատ փոքրաթիվ է, որը խոսում է այն մասին, որ անգամ այս ճակատագրական օրերին ժողովուրդն անտարբեր է մեր երկու հայկական պետություններիի հետագա ճակատարի նկատմամբ, որը ոչ այլ ինչ է, քան հաշտության նշան Արցախի եւ Հայաստանի մի շարք տարածքների կորստի նկատմամբ: Մի խոսքով, չափազանց զարմացնող է այն իրավիճակը, որ ժողովուրդը հիմնականում անտարբեր է 90-ականներից մինչ այսօր՝ արցախյան պատերազմի պատճառով ունեցած տասնյակ հազարավոր զոհերի, Արցախի եւ Հայաստանի մի շարք տարածքների կորստի նկատմամբ, որն էլ լոկ մի բան է նշանակում. ժողովրդի համար միեւնույն է Արցախի եւ Հայաստանի ճակատագիրը:

Ի՞նչ է, մինչ այժմ մեր ժողովուրդը չի՞ հասկացել, որ հայրենիքը վերացական գաղափար չէ, այն մեր բոլորի ապրելու հավաքական տունն է եւ նրանից՝ մի թիզ անգամ զիջելու իրավունք՝ ոչ ոք չունի: Հայրենիքը մեր սրբությունն է, մեր հավաքական օջախը եւ կարիքի դեպքում, մենք մեր կյանքը չպետք է խնայենք այն հպարտ ու միշտ կանգուն պահելու համար: Կորցնել հայրենիքը, նշանակում է կորցնել այնտեղ ապրող ժողովրդի պատիվը: Մի՞թե այս պարզ բանը մեր ժողովուրդը չի հասկանում: Ցավով պետք է արձանագրեմ, որ մեր ժողովրդի այսօրվա պահելաձեւից նման հոտ է զգացվում եւ եթե մի հրաշքով չհաջողվի զգոնացնել մեր ժողովրդին եւ մի բռունցք դարձած, չփորձենք կտրուկ արգելափակել թուրք-ադրբեջանական տանդեմի անարգել առաջխաղացումը, ապա վերջնականապես կկորցնենք մեր սուրբ հայրենիքը եւ իրավունք չենք ունենա այնտեղ՝ անգամ վարձով ապրելու: Լավագույն դեպքում, մեր մեծ երազանքը կդառնա թուրքական վիլայեթի կարգավիճակով գոյատեւելը: Անհասկանալի է, որ 1988թ.-ին աշխարհը ցնցած, հայոց պետությունը եւ պետականությունը վերականգնած, Արցախի Հանրապետություն հռչակած այս հերոսական ժողովուրդն այսօր կռացած ու խոնարհված, լուռ համաձայնում է թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր առաջարկներին եւ պատրաստակամ է գոյատեւելու վիլայեթի «խաղաղարար» կարգավիճակով:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

ՀՀ Ճարտարագիտական
ակադեմիայի թղթակից անդամ

Հ.Գ. Այս բացասական նոտայով էլ պետք է ավարտեի հոդվածը, եթե ականատես չլինեի ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակում՝ դեպի Ծիծեռնակաբերդ մեկնարկած ջահերով երթին, որտեղ հավաքված էին մի քանի տասնյակ հազարավոր՝ տարբեր սերնդի ներկայացուցիչներ, ովքեր իրենց հայրենասիրությամբ, հպարտությամբ էին լցնում ցանկացած հայի հոգին, իրենց համարձակությամբ վախ հաղորդում թուրքական իշխանություններին եւ ողջ հայությանը հաստատակամ հույս հաղորդում, որ հայկական երկու պետությունները մշտապես հարատեւելու են, գնալով ավելի են ուժեղանալու, իսկ հայկական հարցը օրակարգում է մնալու այնքան ժամանակ, մինչեւ չստանա իր արդարացի լուծումը:
Այսպիսի ժողովուրդը պարտվել չի կարող:

«Առավոտ» օրաթերթ
28.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930