Հարցազրույց «ԱՐԻ» գրական գործակալության եւ գրականության հիմնադրամի հիմնադիր, գրական գործակալ Արեւիկ Աշխարոյանի հետ
– Տիկին Աշխարոյան, ապրիլի 5-7-ը Լոնդոնում տեղի ունեցավ գրքի միջազգային ցուցահանդես։ Հայաստանը ներկայացել էր տաղավարով՝ մասնակցությամբ մեր եւ Սփյուռքի հրատարակիչների ու կազմակերպությունների։ Խնդրում ենք ամփոփ ներկայացնել ցուցահանդեսը։
– Շուրջ 50 տարի անցկացվող Լոնդոնի ցուցահանդեսը մեծությամբ եւ կարեւորությամբ ֆրանկֆուրտյան ցուցահանդեսից հետո երկրորդն է աշխարհում, որին Հայաստանը մասնակցում է 2013 թվականից։ Հայկական տաղավարը կազմակերպում է Լոնդոնի հայկական համայնքը, իրականում մեր լավ ընկեր, հայազգի Շառլ Մալասը, ով ամեն տարի միջոցներ է գտնում եւ ներկայացնում Հայաստանից ու Սփյուռքից մասնակիցների։ Համավարակի պատճառով երկու տարվա ընդմիջումից հետո ցուցահանդեսը «վերադարձավ», բայց նշեմ, որ նախկինների հետ համեմատ, ծավալով զիջում էր, թեպետ հրատարակիչների ակտիվությունը մեծ էր։ Կուզեի հատկապես նշել, որ այս տարի հայկական տաղավարը ֆինանսավորված էր «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության կողմից։ Մասնակցում էինք մենք, «Բուկինիստ», «Էջ» եւ «Վերնատուն» հրատարակչությունները, Հալեպի Համազգային միության հրատարակչությունը, Լոնդոնի «Կոմիտասը» եւ «Հայ հիմնարկը», ինչպես նաեւ «Կիւլպէնկեանը» ցուցադրում էր իր աջակցությամբ հրատարակված գրքերը։ Մենք չորրորդ անգամ էինք մասնակցում այս ցուցահանդեսին, ունեցանք բազմաթիվ հանդիպումներ հրատարակիչների, կազմակերպությունների հետ, քննարկում էինք հայ գրականության առաջխաղացման եւ ոլորտի բարելավման հարցեր։
– Օրինակ, ի՞նչ նախագծեր ձեզ առաջարկվեց կամ դուք առաջարկեցիք։
– Մենք Արամ Պաչյանի P/F Եվրամիություն գրական մրցանակակիր գրքի (2021թ.) գերմաներեն հրատարակման պայմանագիրը կնքեցինք։ Հրատարակիչներին առաջարկում էինք Աննա Դավթյանի «Խաննա», Նարինե Կռոյանի «Բելլա Բելլադոննա», վաղամեռիկ Ռուբեն Ֆիլյանի «Քո երկրի դեսպանը» վեպերը։ Վերջիններս նոր գրքեր են մեր ցանկում։ Թվարկումը երկար կտեւի, ասեմ միայն, որ առաջարկել ենք 16 հեղինակների գործեր։ Իսկ առաջարկություն ստացանք հայերենից անգլերեն թարգմանիչների համար վերապատրաստում եւ հայ հրատարակիչների համար էլեկտրոնային գրքերի շուրջ քննարկումներ անցկացնել Հայաստանում։ Մեր հայաստանյան գործընկերներն էլ հանդիպումներ ունեցան հրատարակիչների հետ հեղինակային իրավունքների ձեռքբերման թեմաներով։ Եթե պարզ ասեմ՝ փնտրում էին հետաքրքիր գրականություն մեր ընթերցողին ներկայացնելու համար։
Կարդացեք նաև
– Ինչ խոսք, նման միջոցառումներին Հայաստանի մասնակցությունը կարեւոր է՝ եթե չասենք անհրաժեշտ, բայց ձեր խոսքից կարելի է ենթադրել, որ հայաստանցի յուրաքանչյուր հրատարակիչ այդ ցուցահանդեսին «իր ծառն է ջրել»։
– Ոչ, միանշանակ ոչ։ Միայն տաղավարի առկայությունը, որի վրա մեր երկրի անունն էր, որտեղ շփումն այցելուների հետ սկսվում է հայկական կոնյակի եւ քաղցրավենիքի հյուրասիրությամբ, արդեն իսկ հարց է լուծում ամբողջ հրատարակչական ոլորտի համար, այլ կերպ ասած՝ ցուցահանդեսից բացակա հայաստանյան գործընկերների համար։ Իսկ չե՞ք կարծում, որ մեր ներկայությունն արդեն նշանակում է, որ Հայաստանում գրական եւ հրատարակչական ոլորտը աշխատում է եւ երկրորդ՝ այն դրական լիցքերը, որ ստանում են այցելուները, թեկուզ, ինչու ոչ՝ կոնյակի համտեսից, արդեն ստիպում է ցուցահանդեսի ավարտից հետո նրանց հիշել մեզ ու վերադառնալ գործնական հարաբերությունների դաշտ։ Եղան հարցեր էլ, որոնք ուղղակիորեն մեր գործակալությանն ուղղված չէին, բայց մենք դրանք ուղղորդում էինք այն հասցեատերերին, որոնք այս ցուցահանդեսից բացակա մեր գործընկերներն են։ Ի վերջո, մեկիս հաջողությունը բոլորինս է։
– Լոնդոնից գանք Վրաստան, որտեղ մասնակցել եք Թբիլիսիում անցկացվող «Կովկասյան եւ սեւծովյան հրատարակիչների համաժողովին»։
– Այստեղ մասնակից երկրները 7-ն էին՝ տանտերերը, Ադրբեջանը, Բուլղարիան, Ռումինիան, Թուրքիան եւ Ուկրաինան։ Վերջինս հասկանալի պատճառով մասնակցում էր առցանց…
– Խնդրում ենք անուն առ անուն նշեք հայաստանյան մասնակիցներին։
– Մենք, գրող, «ՓԵՆ» հայաստանյան կենտրոնի նախագահ Արմեն Հայաստանցին (Օհանյան), «Անտարես» հրատարակչության հիմնադիր Արմեն Մարտիրոսյանը։ Յուրաքանչյուրս մասնակցեցինք տարբեր մասնագիտական պանելային քննարկումներին, ես էլ հանդես եկա մեր գրաշուկայի մասին զեկույցով։ Պատկերացրեք, որ մասնակից երկրների զեկույցներից հետո պարզեցինք, եւ վստահ եմ, որ ներկաներին էլ պարզ դարձավ այն, որ Հայաստանում գրքի ոլորտի վիճակը չի զիջում մեզանից բնակչությամբ եւ տնտեսությամբ շատ ավելի մեծ երկրներին։
– Նման կարծիք ձեւավորվեց նաեւ ադրբեջանցիների՞ մոտ։
– Հարցին թույլ տվեք պատասխանել փաստերով։ Ադրբեջանցի հրատարակիչն ու գրավաճառը սթափ ու քննադատ մարդիկ էին՝ հենց իրենց կառավարության նկատմամբ եւ մեծ դժվարություններով են կատարում իրենց աշխատանքը ու պայքարում խոսքի ազատության եւ ժողովրդավարության սկզբունքների համար։ Ադրբեջանցի հեղինակներից մեկը պատմեց, թե ինչպես իրենց կառավարության կողմից բռնաճնշումների պատճառով շատ գրողներ արտագաղթում են, դեպրեսիայի մեջ ընկնում, նույնիսկ ինքնասպանություն գործում։
– Հաստատ եղել են նաեւ ոչ մասնագիտական զրույցներ, ասենք՝ կապված այսօրվա իրավիճակի հետ…
– Նրանք նույնպես տարածաշրջանում խաղաղության հաստատումը տեսնում են երկխոսության միջոցով։
Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
28.04.2022