Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Չպատճառաբանված, անտեղի զիջում

Ապրիլ 29,2022 12:00

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացով Երեւանը զսպում է, Անկարան կոշտացնում է դիրքորոշումը Հայոց Ցեղասպանության հարցում

Հայոց ցեղասպանության տարելիցի օրվանից մեկ օր առաջ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստը ցույց տվեց Ուրուգվայի հայ համայնքի ցուցարարներին, որոնք երթ էին կազմակերպել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի առիթով։ Դեպքը տեղի էր ունեցել Ուրուգվայում Թուրքիայի դեսպանատան բացման արարողության ժամանակ:

Չավուշօղլուի այցը Ուրուգվայ եւ այնտեղ դեսպանատան բացումը Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին, անշուշտ, պատահականություն չէր, այն քաղաքական հստակ ուղերձ ու ենթատեքստ է պարունակում։ Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունն աշխարհում առաջինը պաշտոնապես ճանաչել է Ուրուգվայը 1965-ին։ Չավուշօղլուի ժեստը՝ Ցեղասպանության զոհերի ժառանգներին, եւս ուղերձ է՝ թե՛ հայերին, թե՛ միջազգային հանրությանը. հեգնանք՝ ընդդեմ «հայերի ստեղծած պատմությանը» ու ի պատասխան ակնկալիք՝ արժանանալ ծափահարությունների, ինչպես այդ պահին էր կատարվել՝ դեսպանատան աշխատակիցները գոհունակ ծափահարել էին Թուրքիայի ԱԳ նախարարին։

Անսպասելի՞ է թուրքական իշխանության ներկայացուցչի պահվածքը… Ամենեւին, նույնիսկ խիստ օրինաչափ է այսօր իրենց տարածաշրջանային գերտերություն համարող թուրքական իշխանությունների պահվածքը: Զարմանալին այն է, որ պաշտոնական Անկարայի գործողություններն այսօր կարող են անակնկալ լինել այլոց համար:

Չավուշօղլուի այդ քայլից հետո Մոնտեվիդեոյում Թուրքիայի դեսպանը կանչվեց երկրի ԱԳՆ: Ապա տեղեկացանք, որ ՔՊ-ն ողջունել է Ուրուգվայի անհապաղ արձագանքը: «Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի ազգայնական ժեստը՝ ցուցադրված Մոնտեվիդեոյում հայ համայնքի ներկայացուցիչներին, դատապարտելի գործողություն է եւ ոչ մի կերպ չի նպաստում երկու ժողովուրդների միջեւ փոխըմբռնման մթնոլորտի եւ երկխոսության ձեւավորմանը», Ֆեյսբուքի իր էջում գրել էր ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ հավելելով. «Ողջունում ենք ուրուգվայական կողմի անհապաղ արձագանքը՝ Թուրքիայի դեսպանին երկրի արտաքին գերատեսչություն կանչը՝ բացատրություններ ներկայացնելու համար»։

Այնուհետեւ, ՀՀ իշխանության մեկ այլ ներկայացուցիչ միջազգային կառույցում անդրադարձավ Թուրքիայի ԱԳ նախարարի ժեստին:
Ստրասբուրգում ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էր հիշեցրել Չավուշօղլուի կողմից՝ «Գորշ գայլերի» նշանի ցուցադրությունը՝ Ուրուգվայում Հայոց ցեղասպանության ճանաչմանը նվիրված խաղաղ ցույցի մասնակիցներին։ Վլադիմիր Վարդանյանը նկատել էր, թե ՀՀ-ն իր դիրքորոշումը հայտնել է անկախությունից ի վեր, որ կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմանը առանց նախապայմանների եւ հարց էր ուղղել՝ արդյոք մյուս կողմը ե՞ւս նման դիրքորոշում ու պատրաստակամություն ունի, ապա ցույց էր տվել «Գորշ գայլերի» ժեստն ու նշել. «Սա արմատական ահաբեկչական կազմակերպության՝ «Գորշ գայլերի» խորհրդանիշն է։ Նրանք իրականացնում են ահաբեկչական գործողություններ հայերի, քրդերի եւ այլ ազգային փոքրամասնությունների նկատմամբ։ Դուք կարող եք հարցնել՝ ինչո՞ւ եմ ցույց տալիս այս նշանը եւ ես ինչո՞ւ եմ շեղվում թեմայից՝ ԵԽԽՎ առաջընթացի զեկույցից։

Ես թեմայից շեղվելու մտադրություն չունեմ։ Մենք քննարկում ենք մեր կազմակերպության առաջընթացը, բայց երկու օր առաջ Թուրքիայի ԱԳ նախարարը այս նշանն է ցույց տվել խաղաղ ցուցարարներին, այն բարձրակարգ դիվանագետը, որը երկու տարի նախագահել է ԵԽԽՎ-ն»։ Ըստ Վլադիմիր Վարդանյանի՝ այս պահվածքը խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը։ Իշխանական պատգամավորի ելույթին ի պատասխան՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը նկատել էր, թե՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնության են եկել խաղաղության օրակարգի շուրջ. «Ձեր վարչապետն ասել է, որ մենք համաձայն ենք Ադրբեջանի առաջարկներին, իսկ հիմա ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ներկայացուցիչներն իրենց վարչապետի դիրքորոշմանը հակառակ ելույթ են ունենում»։

Առհասարակ, մենք ոչ թե պետք է զարմանանք պաշտոնական Անկարայի ժխտողական քաղաքականության տարբեր դրսեւորումներից, այլ, նախեւառաջ, ինքներս հասկանանք, թե Հայաստանն իր օրակարգով ո՞ւր է շարժվում: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը կարելի է օրակարգում պաշտոնապես չունենալ, բայց գործընկեր պետությունների հետ աշխատել այնպես, որ այդ հարցը մնա այլ երկրների օրակարգում:

Օրինակ, ՀՀ իշխանությունն աշխատե՞լ էր մինչեւ ապրիլի 24-ը ամերիկյան վարչակազմի հետ, որպեսզի Բայդենի ուղերձն այս տարի տարբերվեր նախորդ տարվանից: Մեզ միայն ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահի կողմից ցեղասպանության բառի արտասանությո՞ւնն է հարկավոր, թե՞ իրավական տեսանկյունից Թուրքիայի նկատմամբ ինչ-ինչ պարտավորություններ դնելու քաղաքականությունը միջազգային հանրության կողմից: Ակնհայտ է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը չունի նման ծրագրեր, ավելին, ըստ ամենայնի, անում է ճիշտ հակառակը, որպեսզի այլ երկրներն ու կազմակերպությունները Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին չխանգարեն:

Իսկ դա պաշտոնական Երեւանի կողմից հետքայլ է, քանի որ նրանք զսպում են երրորդ երկրների, կազմակերպությունների կողմից անգամ ապրիլի 24-ի օրը ըստ արժանվույն հիշելու գործընթացը, եւ առհասարակ՝ միջազգային ճանաչման գործընթացը, ընդ որում, այն դեպքում, երբ դեռ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում նշանակալի առաջընթաց չկա, ավելին՝ Անկարայից ու Բաքվից շարունակ պահանջներ ու սպառնալիքներ են հնչում Հայաստանի ուղղությամբ: Ու այս պայմաններում դեռ պաշտոնական Անկարան է շարունակում Հայոց ցեղասպանության մասին հիշող հայերին մեղադրել «կեղծ թեզեր» շրջանառության մեջ դնելու մեջ:

Օրինակ, օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 25-ին կառավարության նիստից հետո ունեցած ելույթում անդրադարձավ Հայոց ցեղասպանության թեմային: Նա հերթական անգամ ներկայացրել էր թուրքական ժխտողական կեղծ թեզերը, ապա խոսել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձի մասին եւ անդրադարձել էր հայ պատգամավոր Կարո Փայլանի՝ ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ՝ Մեջլիս ներկայացված առաջարկին։ Էրդողանը կրկնելով թուրքական կեղծ թեզերը, հերթական անգամ ասել էր, որ 1-ին աշխարհամարտի ընթացքում հայերը օտար պետությունների դրդմամբ ապստամբել են Օսմանյան կայսրության դեմ ու երկրի տարբեր շրջաններում կոտորածներ իրականացրել: Ավելին, Էրդողանն ասել էր, թե իբրեւ այդ ընթացքում «ավելի շատ մուսուլմաններ են մահացել, քան՝ հայեր»: Ապա` գալով տարբեր երկրների խորհրդարանների ու կառավարությունների կողմից Հայոց ցեղասպանության չճանաչման հարցին՝ Թուրքիայի նախագահը դրանք քաղաքական շահարկումների դրսեւորում էր համարել՝ ասելով, որ այդ որոշումներն իրենց համար առոչինչ են: «ԱՄՆ նախագահի հայտարարությունն էլ այս կերպ ենք նկատում, եւ քանի որ հիմնված է ամբողջովին սուտ, սխալ տեղեկությունների վրա, դրան անդրադառնալ իսկ արժանի չենք համարում։ Նախ պարոն Բայդենը հայերի հետ եղած պատմությունը պետք է շատ լավ սովորի, շատ լավ իմանա։ Առանց դրանք իմանալու վեր կենալ Թուրքիային մարտահրավեր նետելը հնարավոր չէ, որ մենք ներենք։ Չպետք է մոռացվի, որ թուրք եւ հայ ժողովուրդների միջեւ թշնամանք հրահրելու համար ցուցադրվող այս կեղծավորության ամենամեծ վնասը հայ համայնքն է կրել եւ կրելու։ Գիտենք, օրինակ, որ մեր երկրում ապրող մեր հայ քաղաքացիները եւ մեր հյուրերն անհանգստացած են այս շահագործման քաղաքականությունից»,- ասել էր Էրդողանը։

Այնուհետեւ, առանց անուն նշելու նա անդրադարձել էր նաեւ Կարո Փայլանի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Մեջլիս ներկայացված առաջարկին։ Նրա «հանդգնությունը» նա դավաճանություն էր որակել։ «Ազգային կամքի դրսեւորման խորհրդանիշ հանդիսացող այս մեծ կառույցում այդպիսի հանդգնության դրսեւորումը համարում ենք բացեիբաց դավաճանություն: Հավատում եմ, որ իրավունքը, օրենքը եւ բարոյական նորմերը խախտող այս ստորության համար խորհրդարանը հաշիվ կպահանջի դրա հասցեատիրոջից՝ անելով այն, ինչ անհրաժեշտ է»,- սպառնացել էր Էրդողանը: Ըստ Ermenihaber-ի՝ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը օրեր առաջ հետ էր ուղարկել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծը:

Այսպես, պաշտոնական Անկարան դատապարտեց Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձը: Թուրքիայի ԱԳ նախարարությունն էլ դատապարտելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձը՝ հայտարարելով, որ դատապարտում է «քաղաքական նպատակներով պատմական իրողությունները խեղաթյուրող նմանօրինակ հայտարարություններն ու որոշումները», անմիջապես թեման այլ ուղղությամբ էր տարել. «Թուրքիան ջանքեր է գործադրում տարածաշրջանում ու աշխարհում խաղաղության եւ կայունության հաստատման համար: Հայաստանի հետ սկսված կարգավորման գործընթացը այս մտայնության մեկ այլ ցուցիչ է»: Իր հերթին Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն արձագանքել էր ԱՄՆ նախագահի ուղերձին։ Թվիթերում արեւմտյան առաջնորդներին, մասնավորապես Ջո Բայդենին եւ Էմանուել Մակրոնին նա մեղադրել էր երկերեսանի մոտեցման համար. «Արեւմտյան որոշ առաջնորդներ վերջերս պաշտպանում են այն տեսակետը, որ «ցեղասպանությունը» միայն դատարանի որոշմամբ կարող է հաստատվել։ Ճիշտ է։ Բայց նույն մարդիկ 1915թ. դեպքերի համար քաղաքական դրդապատճառներով օգտագործել են «ցեղասպանություն» բառը՝ առանց իրավասու դատարանի որոշման եւ սա նրանց երկերեսանիության ամենացայտուն օրինակն է»։

Այսինքն, ակնհայտ է, որ Թուրքիայի գործողությունները դառնում են էլ ավելի արմատական, Անկարայի դիրքորոշումն էլ ավելի է կարծրանում, իսկ հայերի ուղղությամբ մեղադրանքներն ավելի են սաստկանում: Ինչպես օրերս հաղորդեց «Ազատություն» ռ/կ-ն, Կարո Փայլանը CNN TՖrk-ին ասել է, որ 2015-ից ի վեր՝ արդեն 7 տարի նման օրինագիծ է ներկայացնում խորհրդարան եւ նման դատաստանի չի ենթարկվել, քանի որ այն ժամանակ Թուրքիայում կարելի էր խոսել այս հարցերի շուրջ: «Ես չեմ փոխվել, նշանակում է՝ Թուրքիան է փոխվել: Նախկինում շատ քայլեր էին արվում անցյալի հետ առերեսման համար, սակայն հիմա Թուրքիան այդ էջն էլ է փակել, այսինքն՝ փակել է նաեւ հավասար, արդար ապագայի էջը»,- կարծում է Փայլանը: Deutsche Welle-ի թուրքական ծառայության հետ զրույցում էլ նա համոզմունք է հայտնել, թե ցեղասպանության հարցը միայն թուրքական մեջլիսում պետք է քննարկման առարկա դառնա. «Եկեք ուսումնասիրենք այս հարցը, քննենք, որպես քաղաքական գործիչներ, որպես Թուրքիայի խորհրդարան խոսենք սրա մասին: 107 տարի այս թեմայով չխոսելու պատճառով է, որ այն քննարկման առարկա է դարձել այլ երկրների խորհրդարաններում՝ Արգենտինայում, Ամերիկայում, Ռուսաստանում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, Բելգիայում: Այն դեպքում, երբ Հայոց մեծ եղեռնի մասին պետք է խոսվի միայն Թուրքիայի խորհրդարանում եւ միայն թուրք հասարակությունը»:

Թուրքիայի նախագահն, ի դեպ, իր արդեն հիշատակված ելույթում կոշտ արտահայտվել էր նաեւ Մեջլիսի մեկ այլ պատգամավորի՝ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ Սեզգին Թանրըքուլուի հասցեին: Ընդդիմադիր պատգամավորը ապրիլի 24-ի առիթով Թվիթերում գրել էր, թե 107 տարի առաջ հայ մտավորականները «աքսորվել են Չանքըռը, Այաշ, Անկարա եւ կորսվել», ընդգծել էր, որ առանց անցյալի հետ առերեսման իրական արդարություն չի կարող հաստատվել: Էրդողանը այս խոսքերը հերյուրանք էր որակել՝ հայտարարելով, որ ազգը դրա համար հաշիվ կպահանջի հաջորդ ընտրություններին: Սրանից հետո Անկարան անցել է կոնկրետ գործողությունների. Թուրքիայի դատախազությունը պատգամավորի գրառումից հետո նրա նկատմամբ հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով՝ Թուրքիայի Հանրապետության ինքնությունը վիրավորելու համար:
Սա է այսօրվա թուրքական իշխանությունների դիրքորոշումը: Հիմա, եթե պաշտոնական Անկարան որակապես փոխել է իր պահվածքը, այն ավելի սաստկացնելով, պաշտոնական Երեւանի կողմից խոնարհ, խեղճ, հարմարվող կեցվածք տեսնող միջազգային գործընկերներն ինչպե՞ս պետք է վարվեն… Իհարկե, նրանց էլ ձեռնտու կլինի «չխանգարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման եւ տարածաշրջանում կայունություն հաստատելու ջանքերին»:

Հայաստանի ներկայիս իշխանությունները բացատրություն ունե՞ն, թե ինչու ԵՄ երկրների կողմից այս տարի ապրիլի 24-ին հայտարարություններ չհնչեցին: Հիշեցնենք, որ 2016թ. ապրիլի 15-ին Եվրախորհրդարանը 554 կողմ ձայնով բանաձեւ ընդունեց, որով կոչ էր անում Թուրքիային ընդունել Հայոց ցեղասպանությունը եւ վերահաստատել էր 1987թ. ընդունած բանաձեւը, որով 1915-1917թթ. Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրականացվածը ճանաչվել էր ցեղասպանություն՝ ՄԱԿ-ի՝ ցեղասպանության մասին 1948թ. կոնվենցիայի դրույթների համապատասխան:

Այս տարի բացառապես ԵԺԿ-ից է եղել հայտարարություն. Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող, ԵԺԿ խմբակցության փոխնախագահ, բուլղարացի Անդրեյ Կովաչովն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին։ Մինչդեռ անցյալ տարի, հիշեցնենք, որ Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար, Եվրախորհրդարանի անդամ Մարինա Կալյուրանդն էր հայտարարություն տարածել. «Այսօր մենք ոգեկոչում ենք 20-րդ դարի ամենամեծ սարսափներից մեկի՝ 106 տարի առաջ հայ մտավորականության արտաքսմամբ սկսված մի ամբողջ ժողովրդի դեմ ուղղված ջարդերի նահատակներին: Եվրախորհրդարանը 1915-1917 թթ. Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչեց 1987թ. հունիսի 18-ի իր բանաձեւում: Ես հարգանքի տուրք եմ մատուցում անմեղ զոհերի հիշատակին եւ կոչ եմ անում ողջ միջազգային հանրությանը միանալ այս ոգեկոչմանը: Ես դատապարտում եմ ատելության եւ բռնության բոլոր շարժառիթները: Պատմության դասերը երբեք չպետք է մոռացվեն»: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ին ֆեյսբուքյան գրառմամբ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին իր բոլոր մտքերն ուղղել էր՝ «դեպի պատմության զրկանքները կրած Հայաստանը»։ ԵԺԿ-ն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, փաստելով. «Այսօր մենք ոգեկոչում ենք 1915թ. Հայոց ցեղասպանությունը։ Մենք վերահաստատում ենք Հայ ժողովրդի ցեղասպանության եւ ազգային բռնի տեղահանման փաստի ճանաչումը եւ դատապարտումը՝ 106-ամյակի նախօրեին», իսկ ԵԺԿ առաջնորդ Մանֆրեդ Վեբերը Twitter-ի իր էջում տեսաուղերձ էր հրապարակել՝ կոչ անելով Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ անցյալ տարի հայտարարությամբ էր հանդես եկել Իտալիայի Պետական կառավարման նախարար Ռենատո Բրունետան՝ նշելով. «Որպես վենետիկցի, որպես իտալացի, որպես մարդ, ես այսօր միանում եմ հայ ժողովրդին, ով այսօր ոգեկոչում է Մեծ եղեռնի հիշատակը: 1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առավ Հայոց ցեղասպանությունը. արեւմտյան երկրների անտարբերության ներքո Օսմանյան կայսրությունը կանխամտածված կերպով եւ դաժանորեն ոչնչացրեց իր 1,5 միլիոն հայ քաղաքացիներին՝ ոգեշնչելով նաեւ Հիտլերին վերջնականորեն լուծելու հրեաների հարցերը»:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 28.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930