Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրոնային դատարանների ներդրումն ավարտված չէ՞

Ապրիլ 29,2022 14:00

Օրեր առաջ ԲԴԽ-ն պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որ ապրիլի 23-ին Ծաղկաձորում մեկնարկել է երկօրյա քննարկում, որը կազմակերպվել է ՀՀ արդարադատության նախարարության եւ Եվրոպայի խորհրդի կողմից՝ «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության եւ արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Այն նվիրված էր Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության նախագծին: Նշվել էր, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել «Էլեկտրոնային դատարան» կառավարման միասնական համակարգի ներդրմանը:

Ի՞նչ է դա: Փորձեցինք կապ հաստատել ԱՆ-ի հետ, որպեսզի ռազմավարության ծրագրին ծանոթանանք, քանի որ ԱՆ պաշտոնական կայքում դեռ նախորդ ռազմավարական ծրագիրն է, նորը չկա, նաեւ ճշտենք, թե ով է ներկայացրել էլեկտրոնային դատարանների մասին: Չհաջողվեց:

Որոնումներիս արդյունքում պարզեցի, որ դեռեւս 2019թ. ապրիլի 30-ին, Բարձրագույն դատական խորհուրդը, որի նախագահը Գագիկ Հարությունյանն էր, արդարադատության նախարարը Արտակ Զեյնալյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի մասնակցությամբ «Դատական գործերի փաստաթղթերի թվայնացումը եւ էլեկտրոնային դատարանների համակարգի ներդրումը ՀՀ-ում» ծրագրի ավարտական փուլն են հայտարարել: Այսինքն, ըստ էության օրերս նոր բան տեղի չի ունեցել: Դեռ 2019թ.-ին նախատեսվել է մշակել եւ ներդնել էլեկտրոնային դատարանների, այդ թվում՝ էլեկտրոնային հայցերի ներկայացման համակարգ, որը կապահովեր առցանց հաղորդակցություն դատարանների եւ դատարանից օգտվողների միջեւ, կբարելավեր դատական գործերի նյութերին եւ դատական տեղեկատվության առավել լայն հանրային հասանելիությունը, կնպաստի դատավարական գործընթացների դյուրացմանը, արագացմանը եւ ծախսերի նվազեցմանը: Գագիկ Հարությունյանը ներկայացրել է համակարգի ներդրման հստակ ճանապարհային քարտեզը:
Արտակ Զեյնալյանը սոցիալական ցանցում գրառում է արել. «Նշեցի, որ այդ առումով արդարադատության նախարարությունը դրական փորձառություն ունի. դեռեւս 2008 թվականից նախարարության կողմից մշակվել եւ ներդրվել են մեկ տասնյակից ավելի էլեկտրոնային համակարգեր: Էլեկտրոնային դատարան համակարգը այն համարձակ նորարարությունն է, որ արդարադատության նախարարությունը նախաձեռնեց ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համատեղ: Ծրագրի գործարկման արդյունքում ակնկալում ենք, որ դատարանները կներկայանան նոր հեղափոխական մոդելով, մասնավորապես, կիրականացվեն մի շարք բարեփոխումներ: Այդ շարքում կարեւորում եմ քաղաքացիական գործերով էլեկտրոնային հայցադիմում ներկայացնելու հնարավորության ստեղծումը, մեկ ատյանի դատարանից մյուս ատյանի դատարան գործը էլեկտրոնային եղանակով փոխանցելու հնարավորությունը, դատարանների ներքին փաստաթղթաշրջանառության անցումը էլեկտրոնային եղանակի, էլ. եղանակով գործի բոլոր նյութերին ծանոթանալու տեխնիկական հնարավորությունը, էլեկտրոնային ծանուցումների համակարգի ներդրումը, որը թույլ կտա գործարկել դատարանների եւ կողմերի միջեւ էլեկտրոնային ծանուցման բոլոր հնարավորությունները, փաստաբանների էլեկտրոնային ռեեստրի ստեղծումն ու էլեկտրոնային դատարան համակարգի համակցումը բոլոր անհրաժեշտ էլեկտրոնային կառավարման համակարգերին»:

Դեռ երեք տարի առաջ հայցերի համակարգում ներդրվել է մեկ դատարանում՝ «Վճարման կարգադրություն» տեսակի գործերի մասով ծրագիր։

ՀՀ կառավարության 2019 թ. հոկտեմբերի 10-ի որոշմամբ, հաստատվել է ՀՀ դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից բխող էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի ստեղծման եւ տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովման եւ արդիականացման գործողությունների ծրագիր, ապահովվել է գործերի մեկ ատյանի դատարանից մեկ այլ ատյանի դատարան եւ միեւնույն ատյանի դատարանի նստավայրերի միջեւ փոխանցումը, ինչպես նաեւ կողմ-կողմ, կողմ-դատարան ծանուցման համակարգի գործարկումը, դատարան ապացույցներ ներկայացնելը, միջնորդություններ եւ դատավարական այլ գործողություններ կատարելը:

Ներդրվել է պաշտոնական առցանց նամակագրության համակարգ` ապահովել էլեկտրոնային փաստաթղթերի շրջանառությունը գործի բոլոր մասնակիցների միջեւ, ինչպես նաեւ՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար հնարավորություն ստեղծել առցանց կապ հաստատել, դիմում, բողոք եւ այլ փաստաթղթեր ներկայացնել պետական մարմիններին, բացի այդ, ընձեռել գործի ընթացքին առցանց հետեւելու հնարավորություն, գործարկվել է էլեկտրոնային դատարանների համապարփակ համակարգը:

Ճիշտ է, դեռ տարիներ առաջ արձանագրվեց, թե «Դատական գործերի էլեկտրոնային մակագրության եւ բաշխման կարգը կատարելագործված է եւ հաշվի է առնված դատավորի ծանրաբեռնվածությունը եւ գործի բարդությունը», սակայն կյանքը ցույց տվեց, որ բաշխման մակագրման համակարգում կան արտաքին միջամտություններ, դեռ հստակ չէր մակագրման եւ բաշխման համակարգը:
«Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության եւ դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-1 որոշմամբ հաստատված գործողությունների ծրագրերի կատարման ենթակա ընդհանուր 37 գործողությունից կատարված է 17, մասնակի է կատարված 18 եւ կատարված չէ 2 գործողություն:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930