Հավաքներին երեխաների մասնակցությանը և նրանց իրավունքների իրացման ապահովման հետ կապված հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ուշադրության ներքո:
Իրականացվում է ինչպես աշխատակազմի մշտադիտարկման արդյունքների, այնպես էլ բողոքների ուսումնասիրություն` հիմք ընդունելով գործող իրավակարգավորումները, վերաբերելի միջազգային կանոններն ու պրակտիկան:
Այս նպատակով Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, այդ թվում՝ հոգեբան-փորձագետը, այցեր են իրականացրել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր ստորաբաժանումներ, որտեղ աշխատակազմի տեղեկություններով բերման ենթարկված անձանց մեջ եղել են նաև երեխաներ:
Այցերի ընթացքում առանձնազրույցներ են իրականացվել երեխաների, նրանց ծնողների, ինչպես նաև հավաքներին մասնակցած այլ անձանց հետ, ովքեր այցերի պահին գտնվել են ոստիկանության ստորաբաժանումների մոտակայքում:
Կարդացեք նաև
Առանձնազրույցների ընթացքում արձանագրվել է, որ ոստիկանության բաժիններ ներկայացված երեխաները հիմնականում եղել են 16-17, իսկ մեկը՝ 13 տարեկան: Ըստ երեխաների և այլ ականատեսների հայտնած տեղեկությունների՝ 13 տարեկան երեխան մեքենա է նստեցվել ոստիկանության 4 ծառայողների, իսկ մյուսները՝ 4-6 ծառայողների կողմից:
Արձանագրվել է նաև, որ 13 տարեկան երեխային ոստիկանության մեքենա նստեցնելու պահին հավաքի մասնակիցներից ոմանք ոստիկանության ծառայողներին տեղեկացրել են երեխայի տարիքի մասին, սակայն այս հանգամանքը հաշվի չի առնվել վերջիններիս կողմից:
Առանձնազրույցների ընթացքում երեխաները հայտնել են, որ մինչև ոստիկանության բաժիններ հասնելը չի ներկայացվել և պարզաբանվել իրենց իրավունքները, այդ թվում՝ չեն տեղեկացրել, թե իրենց ոստիկանության, որ բաժին են տեղափոխում, ինչ հիմքով և նպատակով:
Որոշ երեխաներ նշել են, որ ոստիկանության ծառայողներն իրենց չեն պարզաբանել նաև վարչական և քրեական ձերբակալման հասկացությունների տարբերությունները, իսկ տրամադրվող տեղեկություններն ոչ միշտ են իրենց համար հասկանալի եղել:
Օրինակ՝ 13 տարեկան երեխայի ընկալմամբ ինքը ոստիկանների կողմից բերման է ենթարկվել հավաքին մասնակցելու համար:
Առանձնազրույցների ընթացքում արձանագրվել է նաև, որ ոստիկանության ծառայողները երեխաներին, որոշ դեպքերում ծառայողական ավտոմեքենաներ են նստեցրել անհամաչափ ուժի գործադրմամբ, իսկ որոշների պնդմամբ՝ նաև ֆիզիկական ցավ պատճառելով:
Այցի պահին առանձնազրույցներին մասնակցած երեխաները գտնվում էին կայուն հուզական վիճակում:
Այնուամենայնիվ, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից արձանագրվել են դեպքեր, երբ ոստիկանության բաժիններում ոչ միշտ է հասանելի եղել երեխաների հուզական կայուն վիճակի ապահովման պայմաններ։
Մինչդեռ, պետության պոզիտիվ պարտավորությունները և միջազգային չափորոշիչները պահանջում են, որ իրավապահ մարմինների հետ շփվելիս երեխայի համար ապահովված լինի երեխայակենտրոն միջավայր՝ բացառելու ոստիկանական գործողության ցանկացած բացասական ազդեցությունը անչափահասի իրավունքների իրացման վրա։
Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների մշտադիտարկումները վկայում են նաև, որ անչափահասներին ոստիկանության բաժիններ տեղափոխելիս ոչ միշտ է կիրառվում տարբերակված, մասնավորապես, երեխայակենտրոն մոտեցում, ինչի հետևանքով արձանագրվում են երեխայի լավագույն շահի խախտման դեպքեր:
Այս կապակցությամբ Պաշտպանը հատուկ արձանագրում է, որ երեխային առնչվող բոլոր հարցերում սկզբունքային նշանակություն ունի նրա լավագույն շահի ընկալումը իրավապահ մարմինների կողմից՝ որպես բացարձակ արժեք:
Այցերի և մշտադիտարկման ընթացքում արձանագրված խնդիրների կապակցությամբ լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների պահանջով Պաշտպանը գրություններ կհասցեագրի իրավասու պետական մարմիններին:
Մարդու իրավունքների պաշտպան