Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեծկռտուք ու վեճ՝ Վանեցյանի երթի ավարտին. «Ոստիկանները հարվածել են քաղաքացու՝ անտեղի»

Ապրիլ 28,2022 21:30

Այսօր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորած երթի ավարտին, երբ վերադառնում էին Ազատության հրապարակ, հանկարծ Հյուսիսային պողոտայի հատվածում ծեծկռտուք սկսվեց ցուցարարների ու ոստիկանների միջեւ: Հայհոյանքներ, հրմշտոց ու քաշքշուկ էր, գոռում էին՝ «մի՛ խփի, արա, սաղդ հե՛տ գնացեք»:

Վանեցյանը հայտարարեց. «Ժողովուրդ, հանգիստ: Չենք տրվում սադրանքների: Որեւէ մեկը ոստիկանների հետ չի ընդհարվում: Ոստիկաննե՛ր, պահեք ձեզ ձեր լիազորությունների շրջանակներում»:

Նա հորդորեց ցուցարարներին Ազատության հրապարակ գնալ: Լրագրողների հետ զրույցում Վանեցյանն այսպես մեկնաբանեց կատարվածը. «Ինձ ասացին, որ ոստիկանները հարվածել են քաղաքացու՝ անտեղի: Դուք տեսաք, որ խաղաղ երթ էր, որեւէ բան չկար ու ինձ ասեցին՝ հարվածել են ինչ-որ քաղաքացու ու սկսեց այդ քաշքշուկը: Գիտեք դա արդեն ինչի է նմանվում՝ իշխանությունը հոգեվարքի մեջ է, վերջին ճիգերն են գործադրում, փորձելու են ճնշեն ժողովրդին: Չեն կարողանալու, ինչքան իրենց այդպես պահեն, այնքան շուտ է իրենց վերջը գալու: Որպես գեներալ, որպես ուսադիր կրող մարդ եւս մեկ անգամ հորդորում եմ բոլոր ուժայիններին դուրս չգալ իրենց լիազորություններից, ծառայել օրենքին, ոչ թե անձերի ու խմբակների»:

Վանեցյանը տեղյակ չէր՝ բերման ենթարկվածներ կա՞ն, թե՞ չէ. «Ուղղակի գիտեմ, որ ոստիկաններից մեկը հարվածել է մեր տղաներից մեկին, չգիտեմ հստակ ում է հարվածել, ինչի է հարվածել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930