Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Լրագրողների անվտանգության հարթակի կողմից բնութագրվել են՝ որպես լրագրողների նկատմամբ ոտնձգություն և ահաբեկում

Ապրիլ 28,2022 21:12

2021-ի ընթացքում լրագրողների և մամուլի ազատության նկատմամբ ոտնձգությունների թիվն ու դրանց վերաբերյալ ահազանգերն աճել են։

Եվրոպայի խորհրդի 15 գործընկեր կազմակերպություններ, որոնք աշխատում են մամուլի ազատության ապահովման ուղղությամբ լրագրողների անվտանգության հարթակում,  հրապարակել են «Մամուլի ազատության պաշտպանությունը լարումների և հակամարտությունների ժամանակաշրջանում» խորագրով 2021-ի տարեկան զեկույցը։  Զեկույցում անդրադարձ կա նաև Հայաստանին։

2021-ի ընթացքում հարթակը ներկայացրել է 282 ահազանգ 35 երկրների վերաբերյալ, 2020-ին այդ թիվը 200 էր։ Ահազանգերի թիվը 41 տոկոսով աճել է։

Ըստ զեկույցի՝ մտահոգիչ են նաև լրագրողների՝ թիրախավորման պատճառով կամ մասնագիտական պարտականությունները կատարելու ժամանակ մահերը։ Զեկույցում ամրագրված է. «2021-ին 6 լրագրող է զոհվել, որոնցից 4-ը թիրախավորված են եղել։ Երեք լրագրող զոհվել է Հունաստանում, Նիդերլանդներում և Թուրքիայում, որոնք եղել են թիրախավորված, մեկը զոհվել է Վրաստանում՝ ցույցերի ժամանակ։ Ահազանգերից 82-ը վերաբերել են լրագրողների անվտանգության և ֆիզիկական անձեռնմխելիության նկատմամբ ոտնձգություններին, 32-ը լրագրողների կալանավորումներին ու ազատազրկմանը, 110-ը լրագրողների նկատմամբ ոտնձգություններին ու ահաբեկմանը, 56-ը լրատվամիջոցների ազատության վրա բացասական ազդեցություն ունեցող այլ գործողություններին»։

2021-ի ընթացքում 56 լրագրողներ ազատազրկվել են։ Այդպիսի դեպքեր գրանցվել են ՌԴ-ում, Ադրբեջանում, Թուրքիայում, Ղրիմում և Միացյալ Թագավորությունում։ Զեկույցում ամրագրված է․ «Լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ դատական գործերի հարուցումը շարունակում է մտահոգիչ մնալ, նաև մտահոգիչ այն առումով, որ որոշ դեպքերում լրագրողներին դատարանի որոշմամբ ստիպել են բացահայտել տեղեկատվության աղբյուրին։ Զեկույցում նաև մտահոգություն կա այն մասին, որ ՌԴ-ի և Թուրքիայի իշխանությունները շարունակում են մերժել լրագրողների պաշտպանությամբ զբաղվող հարթակ ահազանգերին պատասխանել։ Պեգասուս համակարգի կիրառման հետ կապված ևս մտահոգություններ կան, մասնավորապես այս դեպքում մատնանշվում է Ադրբեջանի անունը։

Հարթակում որպես ահազանգ տեղ է գտել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, երբ նա Դիլիջանում քարոզարշավի ժամանակ հայտարարել էր․«Այսօր լրատվական դաշտում գործում են մարդիկ, որոնք ավելի շատ «քիլլերի» են նման, քան լրագրողի; Հայաստանի լրատվական դաշտը վերածվել է  իսկական աղբանոցի»։ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը հարթակի կողմից բնութագրվել է որպես «լրագրողների նկատմամբ ոտնձգություն և ահաբեկում»։

Հարթակում տեղ է գտել նաև Irakanum.am կայքի գլխավոր խմբագիր Փայլակ Ֆահրադյանի նկատմամբ նախարար Հակոբ Արշակյանի հարձակումը։

Այն բնութագրվել է որպես լրագրողի ֆիզիկական անվտանգության դեմ հարձակում։

«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արտակ Ղուլյանի և օպերատոր Կարեն Չիլինգարյանի վրա հարձակումն էլ է տեղ գտել հարթակում՝ բնութագրվելով որպես լրագրողի ֆիզիկական անվտանգության դեմ հարձակում։

Ինչպես նաև զեկույցում ադրբեջանական AzerTag-ի լրագրողի և օպերատորի մահն է ներառված ու մասնավորապես ներկայացվում է, որ նրանք 2021-ի հունիս 4-ին զոհվել ականի պայթյունից Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ժամանակ։ Հայաստանը բացասական առումով նաև հիշատակվում է այն դեպքում, երբ զեկույցում մտահոգություն է հայտնվում, որ ցույցերի ժամանակ իրավապահների կողմից բռնություն է կիրառվում լրագրողների և ցուցարարների նկատմամբ։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930