«Երեկ, երբ երթ էինք անում, ես ասեցի՝ որ հետ գանք եռապատկված լինենք, ես համարելու եմ, որ շատ կարեւոր խնդիր ենք լուծել: Երեկ երբ տեսա, թե ինչքան մարդ է այստեղ հավաքվել, ես շատ ուժեղ ինձ զգացի, որովհետեւ հասկացա, որ ես մենակ չեմ: Մարդիկ արթնացել են»,- Ազատության հրապարակից մեկնարկած երթը սկսելիս ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Նա հայտարարեց, որ այս չընդհատվող պարտությունների անիվը կանգնեցնելու միակ ելքը միասնությունն է: Վանեցյանը հորդորեց բռունցք անել ու վստահեցրեց՝ դա ուժի բռունցքն է, որովհետեւ դրանով խաղաղություն են բերելու մեր երկրին. «Դա խորհրդանշելու է այն բաժանարար գծերի վերացումը, որ բերեցին, լցրեցին մեր ազգի մեջ: Մենք բոլորս հայ ենք, ժողովուրդ, արժանապատիվ ազգ ենք: Մեր արժանապատվությունը ոչ ոք չի կարողանալու խլել մեզնից»:
Կարդացեք նաև
Այսօրվա երթուղին լինելու է Թումանյան փողոցով, Խանջյան,Գրիգոր Լուսավորիչ, Իտալիայի փողոցներ, Հանրապետության հրապարակ, Սախարովի հրապարակ, Նալբանդյան փողոց ու վերադարձ Ազատության հրապարակ. «Այսօր ոչ թե քառապատկված պետք է հետ գանք, այլ՝ տասնապատկված: Շատերը հարցնում են՝ լավ, ինչքա՞ն պետք է քայլենք: Հայրենիքի համար ոչ մի բան ափսոս չի, բայց երկար չենք քայլելու: Եվս երկու օր ու կանցնենք մեր պայքարի հաջորդ փուլին: Խնդրում եմ չհոգնեք, չհուսահատվեք, հավատացեք ինքներդ ձեզ»,- ասաց Վանեցյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ