«Երիտասարդության ձայնը» քաղաքացիական նախաձեռնության անդամների մի մասը, ինչպես հայտնել էինք, այսօր բերման էին ենթարկվել Աբովյան փողոցը փակելու ժամանակ։
Նախաձեռնության անդամներից մեկը՝ 13 տարեկան տղա, պատմել է, թե ինչպես է դեպքը եղել։ Նա ասել է․ «Ծիծաղելին այն էր, որ ես անչափահաս եմ, իրավունք չունեին ինձ բերման ենթարկելու։ Ընկերներս կողքից գոռում էին, որ անչափահաս եմ, բայց չէին լսում։ Նստեցրին ոստիկանական ավտոբուսը։ Նրանք հենց մոտեցան, միանգամից բռնեցին ոտքերիցս, քարշ տալով շպրտեցին ոստիկանական մեքենան (ծիծաղում է)։ Ես պատկերացնում էի, որ Նիկոլը վախկոտ է, բայց որ 13 տարեկան տղայից կվախենա․․․ուղեղիս մեջ չէր տեղավորվում, որ կարող է այդպես վախենալ»,-ասաց տղան։
Նա նշեց, որ հաջորդ ցույցին գալու է 4 եւ 5 տարեկան քրոջ ու եղբոր հետ․ «Պատկերացնում եմ՝ եթե այս անգամ մի ավտոբուս ոստիկան էին խառնել, հիմա մի ամբողջ ոստիկանական բաժանմունք կխառնեն, որովհետեւ Նիկոլն իմ փոքր քրոջից ու եղբորից էլ կվախենա։ Շատ խնդալու էր»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ