Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ընդունել է երկօրյա այցով Հայաստանում գտնվող Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն դոկտոր Հանս Հենրի Պ. Կլյուգեին:
Ողջունելով հյուրին` Անահիտ Ավանեսյանը համոզմունք է հայտնել, որ նրա այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա երկրի առողջապահական համակարգի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջև երկարատև գործընկերության համար:
Հանս Կլյուգեն իր հերթին նշել է, որ այցի նպատակը ԱՀԿ-ի և Հայաստանի միջև գործակցությունը ռազմավարական նոր մակարդակի բարձրացնելն է:
Անահիտ Ավանեսյանն ու ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենը քննարկել են COVID-19 համավարակի հաղթահարման միջազգային և հայաստանյան փորձը:
Հանս Կլյուգեն Հայաստանի կողմից համավարակի հաղթահարմանն ուղղված քայլերը գնահատել է արդյունավետ. մի կողմից` քայլեր են ձեռնարկվել մարդկանց կյանքը փրկելու, մյուս կողմից` տնտեսությունը բաց պահելու համար:
Կարդացեք նաև
Քննարկվել են առողջապահության ոլորտում մեկնարկած հիմնարար բարեփոխումները` առողջապահական ծառայությունների համընդհանուր ծածկույթի ներդրում, առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումներ, առողջապահական ծառայությունների որակի բարելավում, ծխախոտի դեմ պայքար, արտակարգ իրավիճակներին արձագանքելու պատրաստվածություն, հոգեկան առողջության պահպանում:
Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմի ողբերգական ու ավերիչ հետևանքներին, տեղահանվածների և գերիների հարցերին, ինչի առնչությամբ Հանս Կլյուգեն հայտնել է իր ցավակցությունը:
ԱՀԿ տարածաշրջանային ղեկավարի երկօրյա այցի շրջանակներում նախատեսված են նաև բարձր մակարդակով մի շարք հանդիպումներ:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն