Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանաբնակ գործարարը մոտ 550 աշխատատեղ կստեղծի Գյումրիում․ Բարեկամության այգին մեկ տարի անց կբացի դռները

Ապրիլ 28,2022 18:26

Գյումրու Շառլ Ազնավուրի անվան հրապարակի մոտակայքում գտնվող Բարեկամության զբոսայգին, որտեղ ներդրումներ է կատարում ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը, 2023 թվականը աշնանը կբացի իր դռները։ 7,2 հա տարածք զբաղեցնող զբոսայգին շահագործման կհանձնվի իր բոլոր օբյեկտներով։

Այս պահին այգում ակտիվ շինարարություն է ընթանում, զբոսայգու կառուցապատման աշխատանքների համակարգող Մուշեղ Գոնչոյանի տեղեկացմամբ՝ այս փուլում կատարվում են արտաքին ինժեներական ենթակառուցվածքների՝ արտաքին ջրագծի, կոյուղու, ոռոգման համակարգի և էլեկտրական սնուցման մալուխների անցկացման աշխատանքները: Զուգահեռ ընթանում է նաև էլեկտրական ենթակայանի շինարարությունը և բոլոր ճեմուղիների կառուցումը: Առաջին փուլի աշխատանքները կավարտեն սեպտեմբերի կեսին, հենց այդ ժամանակ էլ ավարտին կհասցվի այգու որոշ օբյեկտների շինարարությունը։

Aravot.am-ը ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանից հետաքրքրվեց, թե կհաջողվի՞ Բարեկամության զբոսայգին դարձնել այն գայթակղիչ վայրը, ուր այցելելու համար զբոսաշրջիկները հատուկ հասնեն Գյումրի։

«Դու պատկերացնում ես, փորձում ես, երազում ես, որ դա այդպես լինի, ի վերջո կյանքն է ցույց տալիս։ Օրինակ՝ երբ մենք Տաթևի ճոպանուղին էինք կառուցում, ոչ մի մասնագետ չէր հավատում, որ 20 հազարից ավելի մարդ կգա Տաթև՝ ճոպանուղու համար, կգնա վանք նայելու, որովհետև 4 ժամ ճանապարհ էր։

Բայց երբ 2019 թվականին 200 հազար հոգի եկան, բոլորն ապշած ասում էին՝ ո՞նց կարող է այսպես լինի։ Ես հույս ունեմ և առաջին օրվանից նշել եմ, որ դա ոչ թե պետք է լինի միայն զբոսաշրջիկների համար, այլ առաջինը՝ գյումրեցիների։ Այն պիտի դառնա գյումրեցիների այգին, դուք պետք է գնաք և զգաք, որ ձեր այգին է, ոչ միայն զբոսաշրջիկը, որ գա, փող ծախսի, դուք ուրախանաք, որ մարդիկ իրենց լավ են զգում։ Դա ձեր այգին էլ պետք է լինի»,- ասաց Ռուբեն Վարդանյանը։

Մեր զրուցակցի խոսքերով, այն համազգային այգի է լինելու, խորհրդանշելու է բարեկամությունը ու իր մեջ ընդգրկելու է տարբեր երկրների ու ազգերի փորձը՝ թե՛ ռուսական, թե՛ ֆրանսիական և թե՛ ուկրաինական և ամերիկյան։

Մեր հարցին՝ քանի՞ աշխատատեղ կստեղծվի այգու շահագործմամբ, կթեթևանա՞ արդյոք գործազրկության ծանր բեռը Գյումրիում, Ռուբեն Վարդանյանը պատասխանեց՝ միանշանակ։

Իսկ TUF հիմնադրամի Գյումրու զարգացման ծրագրերի ղեկավար Ելենա Մուրադյանը տեղեկացրեց, որ 50 մշտական աշխատատեղ կստեղծեն, մոտ 500 հոգու էլ ռոտացիոն սկզբունքով կընդունեն աշխատանքի։

«Նախատեսում ենք, որ լանդշտաֆտային դիզայների մասնագիտություն պիտի հայտնվի, այգեգործներ պիտի հայտնվեն։ Այգին բավականաչափ լայն հնարավորություններ է ընձեռելու նաև այնպիսի մասնագիտությունների համար, որոնք Հայաստանում շատ քիչ ենք հանդիպում։ Այդ իմաստով նաև կրթական բնույթ է կրելու այգին»,-ասաց Ելենա Մուրադյանը։

Նրանք նաև տեղեկացրեցին, որ զբոսայգու ատրակցիոներն այս պահին Դիլիջանում են, առաջինը հենց դրանք կտեղադրվեն այգում։

Այգու վերակառուցման ծրագիրն իրականացնող «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի տարածած մամլո հաղորդագրության համաձայն,այգու վերակառուցման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 12 մլն դոլար, որից 4 մլն դոլարից ավելին ներդրվել է hիմնադրամի գործընկեր կազմակերպությունների և մի շարք անհատ բարերարների կողմից։

ՀՀ կառավարությունը ևս մասնակցություն ունի զբոսայգու շինարարությանը։ Կառավարությունը 1,8 մլն դոլար է հատկացնում զբոսայգու տարածքի և հարակից փողոցների ինժեներական ենթակառուցվածքների հիմնանորոգման աշխատանքների համար։ Գումարը վերցված է Համաշխարհային բանկի վարկավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի շրջանակում ։

«Զբոսայգու վերակառուցման ծրագրին միացել է նաև Եվրամիությունը բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրով, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից: Այս ծրագրի շրջանակում այգում կկառուցվի սահադաշտ՝ որպես ձմեռային տուրիզմի կարևոր տարր, և Վերնիսաժի 20 տաղավարներ»,-տեղեկանում ենք մամլո հաղորդագրությունից։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930