Լրահոս
Օրվա լրահոսը

Հնդկաստանը մեր քաղաքացիներին կօգնի պրոթեզներով, մենք էլ մեր ինժեներական լաբորատորիաների փորձը կարտահանենք այդ երկիր. Նարեկ Մկրտչյան

Ապրիլ 28,2022 18:14

Հնդկաստանում շատ հետաքրքրված են Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտով, մասնավորապես՝ դպրոցական ՏՏ ծրագրերով, դպրոցներում ինժեներական լաբորատորիաներով: Հնդկաստան կատարած այցից հետո այսօր այս մասին ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ նշելով, որ պատրաստակամ են հայկական փորձն «արտահանել» Հնդկաստան:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում նախարարը ներկայացրեց, թե այդ երկրից ինչ արդյունքներով են վերադարձել: Ասաց, որ նախքան մեկնելը՝ Հնդկաստանը հաշմանդամություն ունեցող մեր քաղաքացիների պրոթեզավորմանն աջակցելու պատրաստակամություն էր հայտնել: Արդեն Հնդկաստանում Նարեկ Մկրտչյանն այցելել է պրոթեզների արտադրությամբ զբաղվող գործարան՝ ծանոթանալու՝ ինչ կարգի պրոթեզներ են արտադրվում: Նրա խոսքով, Հնդկաստանում, որտեղ պրոթեզների կարիք ունեցող քաղաքացիները անհամեմատ շատ են, դրանք մարդկանց բաժանվում են անվճար, տեղում գնահատվում է կարիքը եւ տրամադրվում:

Ըստ նախարարի, Հայաստանում արտադրվում են պրոթեզներին աջակցող միջոցներ, որոնցով էլ հետաքրքրված է հնդկական կողմը եւ հնարավոր է այդ միջոցներն արտահանվեն Հնդկաստան:

Այցի ժամանակ պայմանավորվել են շախմատը զարգացնել նաեւ մեր խնամքի կենտրոններում, որտեղ տեսողության խնդիրներով երեխաներ ու մեծահասակներ են ապրում: Հայկական կողմը կստեղծի շախմատի խմբակներ, Հնդկաստանի մասնագետներն էլ կաջակցեն կրթական ծրագրերով ու ուսուցիչների վերապատրաստմամբ:

Այցի ժամանակ նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում կազմակերպել միջազգային գիտաժողով՝ նոր տեխնոլոգիաների, արհեստական բանականության ու աշխատանքի ապագայի թեմաներով:

Նախարարն ասաց, որ Հնդկաստանում հանդիպել են նաեւ մեծ կորպորացիայի պատասխանատուներին, որոնք զբաղված են մարդկանց հմտությունների զարգացմամբ, վերապատրաստմամբ, որը համագործակցում է տարբեր ասոցիացիաների, տնտեսությունում բիզնես գործունեություն ծավալող ընկերությունների հետ: Այդ ընկերությունը Հնդկաստանում տարեկան վերապատրաստում է 60 միլիոն մարդու եւ ուղղորդում է տարբեր ոլորտներ:

Նախարարի խոսքով, ներկայումս Հայաստանն իր զբաղվածության ծրագրերը կանգնեցրել է եւ վերագնահատում է՝ փորձելով ավելի արդյունավետ ու թիրախային դարձնել եւ այդ առումով հնդկական փորձը բավականին առաջադեմ է:

«Եթե մեզ հաջողվեց նմանատիպ համակարգ ներդնել, շատ կարճ ժամանակահատվածում մենք կկարողանանք լայնածավալ վերապատրաստումներ եւ հմտությունների զարգացման նոր ճանապարհներ առաջարկել մեր քաղաքացիներին»: Ասաց, որ ստորագրվել է հուշագիր՝ Հայաստանում նման ինստիտուտ ներդնելու:

Նարեկ Մկրտչյանի խոսքով, համագործակցում են պաշտպանության նախարարության հետ եւ զորացրումից մեկ-երկու ամիս առաջ կգնահատեն բոլոր զինծառայողների կարիքները՝ հասկանալու՝ ինչ կրթություն ունեն, զորացրվելուց հետո ինչ ցանկություններ ունեն, ինչ հմտությունների կուզեին տիրապետել եւ այլն: Ըստ նախարարի, արդեն զորացրվելուց հետո միասնական սոցիալական տարածքային կենտրոններից նրանց հետ կապ կհաստատեն եւ կառաջարկեն զբաղվածության ծրագրեր, կուղղորդեն վերապատրաստումների:

Թե երբվանից գործնական քայլեր կկատարվեն, նախարարն ասաց, որ նախ՝ պետք է ուսումնասիրվեն երկու երկրների օրենսդրությունները, ապա կստեղծվեն աշխատանքային խմբեր:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930