Ղարաբաղի հարցով փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի նիստը տեղի կունենա առաջիկայում, իսկ շաբաթվա վերջ նախատեսված են Բաքվում շփումներ՝ ԱԳՆ խողովակով: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա նշել է, որ որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջխաղացման հիմք՝ Ռուսաստանն ընդունում է բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունները և շարունակում է Բաքվի ու Երևանի հետ ակտիվ աշխատանքը բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակում, սահմանազատման գործընթացի մեկնարկ, խաղաղության պայմանագրի համաձայնեցում:
«Հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը քննարկվել է [ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ] Օվերչուկի և [Ադրբեջանի նախագահ Իլհամ] Ալիևի՝ ապրիլի 26-ի հանդիպմանը: Նաև ադրբեջանական և հայկական կողմերի հետ պայմանավորվածություն կա առաջիկայում անցկացնել փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստը: Ինչ վերաբերում է սահմանային հարցերին, մինչև այս շաբաթվա վերջ նախատեսված են շփումներ Բաքվում ԱԳՆ խողովակով»,- ասել է Զախարովան:
Նա նաև նշել է, որ ռուսական կողմն ընդգծում է Ադրբեջանի և Հայաստանի պատրաստակամությունը միմյանց ընդառաջ շարժվելու հարցում, մշակվում են այդ թեմայով եռակողմ շփումներ բարձր մակարդակով:
Կարդացեք նաև
«Իրական աշխատանքը այն ձևաչափերով, որոնք արդյունք են տալիս, ակնհայտ է: Այսպես թե այնպես, մենք մնում ենք առկա ձևաչափերում, տեսնում ենք, որ այնտեղ աշխատանք է ընթանում: Հիմնական նշանակությունը տալիս ենք այն ձևաչափերին և փաստաթղթերի իրականացմանը, որոնք համատեղությամբ իրական արդյունք են տալիս: Այդ արդյունքը զգում են խաղաղ բնակիչները, տնտեսական օպերատորները, տարածաշրջանն ընդհանուր առմամբ»,- ասել է Զախարովան:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ