Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիսի 1-ից կամավոր ատեստավորման միջոցով ուսուցիչը կստանա նվազագույնը 260 հազար դրամ աշխատավարձ

Ապրիլ 28,2022 17:35

Կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցչի դրույքաչափը 2022 թվականի մայիսի 1-ից սահմանվել է 200 հազար ՀՀ դրամ: Կամավոր ատեստավորման ծրագրով նախատեսված 30-50 տոկոս հավելավճարները կկիրառվեն նշված դրույքաչափի նկատմամբ:

Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում: Հարցը զեկուցել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

«Ատեստավորման ընթացքում հավաքած միավորներով և տարակարգի սանդղակի կիրառմամբ կամավոր ատեստավորման միջոցով ուսուցիչը կարող է ստանալ 400 հազար դրամ աշխատավարձ: Կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցչի նվազագույն աշխատավարձը կկազմի 260 հազար ՀՀ դրամ` հաշվի առնելով, որ սահմանված նվազագույն հավելավճարը 30 տոկոս է, առավելագույնը` 50 տոկոս»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:

2021 թվականի սեպտեմբերին կամավոր ատեստավորման փորձնական ծրագիրն իրականացվել է առաջին անգամ, որին սեփական նախաձեռնությամբ մասնակցել են 7-12-րդ դասարաններում դասավանդող «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաների ուսուցիչներ:

Ըստ հավաքած միավորների՝ սահմանվել է 30-50 տոկոս հավելավճար` կամավոր ատեստավորման արդյունքում 70 տոկոս և բարձր արդյունք ապահոված ուսուցիչների համար: Վահրամ Դումանյանը փաստել է, որ անգամ նշված հավելավճարների կիրառումից հետո կամավոր ատեստավորման միջոցով բարձրացված աշխատավարձը մրցակցային չէր, քանի որ ուսուցչի միջին աշխատավարձը կազմում է 125 հազար դրամ, նվազագույն դրույքաչափը 108 հազար դրամ է սահմանված:

«Նշված հանգամանքները հաշվի առնելով` որոշվել է բարձր դրույքաչափ սահմանել իրենց մասնագիտական գիտելիքները կամավոր ատեստավորման միջոցով հավաստած ուսուցիչների համար:

2022 թվականի մարտին ԱԺ-ն ընդունեց «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունները, ըստ որոնց՝ կատարվում է կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների համար բարձր դրույքաչափի սահմանում»,- ընդգծել է Վահրամ Դումանյանը:

Որոշմամբ սահմանվել է նաև, որ 2022 թվականի մայիսից 2021 թվականին կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցիչների նկատմամբ ևս կկիրառվի բարձրացված 200 հազար ՀՀ դրամ դրույքաչափը` փորձնական ծրագրին մասնակցած ուսուցիչներին խրախուսելու նկատառմամբ։

Կարևորելով որոշումը` վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հանրային կյանքում առկա ցանկացած խնդրի հիմքում որակյալ կրթությունն է, և այդ համատեքստում առաջնային խնդիրներից մեկն ուսուցչի աշխատավարձը մրցակցային դարձնելն է` բարձրացնելու համար մասնագիտության գրավչությունը:

«Ուսուցիչն ինքը կարող է որոշել, թե ինչքան պետք է լինի իր աշխատավարձը: Նա այսօր հնարավորություն ունի, կամավոր կարգով իր մասնագիտական գիտելիքները հավաստելով, բարձրացնել սեփական աշխատավարձը` հասցնելով 400 հազար դրամի»,- նշել է վարչապետը` հավելելով, որ պետությունը շարունակելու է աշխատավարձի բարձրացման քաղաքականությունը:

Տեղեկացնենք, որ մայիսից կմեկնարկի սեփական նախաձեռնությամբ կամավոր ատեստավորման այս տարվա հայտագրումը: Բուն ատեստավորումը տեղի կունենա սեպտեմբերին, արդյունքները հայտնի կլինեն հոկտեմբերին:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930