Գեղարքունիքի մարզից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով շարժվող երթի մասնակիցների թվում է Հրաչ անունով տղամարդը, որը քայլում է խորհրդանշական դրոշով․ վրան ստորագրություններ ու անուններ կան։ «Այս դրոշը մեր գումարտակի, վաշտի ընկերների հետ պատերազմի օրերին եղել է Արցախի տարբեր շրջաններում։ Վրան ստորագրություններն են եւ մեր զոհված ընկերների, եւ կենդանի՝ լեգենդ ընկերների, որոնք հերոսաբար մարտնչել են»,-«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց Հրաչը, երբ պատգամավորը հետաքրքրվեց դրոշի մասին։
«Դրոշը եղել է նաեւ Կանադայում եւ Լիբանանում, որպեսզի տղաների սուրբ գործի ուղերձն այդպես հասցնենք հայրենակիցներին, որպեսզի հասկանան, թե ինչ սուրբ գործ են արել տղաները։ Այսօր պայքարը շարունակում ենք այսպես, այն հանուն հայրենիքի է եւ հանուն մեր զոհված տղաների»,-հավելեց տղամարդը։ Նա քայլելու է մինչեւ Երեւան։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ