Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախարարությունը պետք է մեխանիզմներ մշակի, որոնք անձերից կախված չլինեն». Սերոբ Խաչատրյան

Ապրիլ 28,2022 17:16

Ներկայումս դպրոցների տնօրենների ընտրությունն իրականացնում է ուսումնական հաստատության խորհուրդը, որն ունի 9 անդամ, եւ 6 ձայնը բավարար է տնօրեն ընտրվելու համար: ԿԳՄՍ նախարարությունը նոր կարգավորումներ է մշակել, ըստ որոնց` տնօրենն այլեւս չի ընտրվի քվեարկությամբ, այլ կնշանակվի լիազոր մարմնի կողմից:

«Գործող կարգի համաձայն` դպրոցի տնօրենն ընտրվում է խորհրդի կողմից, ապա նշանակվում լիազոր մարմնի կողմից, ընտրված թեկնածուի հետ կնքվում է պայմանագիր: Եվ եթե մենք դիտարկում ենք այն համատեքստում, որ տնօրենը նշանակվում է, ապա այս դեպքում էլ է նշանակվում»,-«Մեդիա կենտրոնում» կայացած «Դպրոցի տնօրենը ոչ թե կընտրվի, այլ կնշանակվի. կամայական ու քաղաքականացված որոշումը կբացառվի՞» թեմայով քննարկման ժամանակ նշեց «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի տնօրեն Արտաշես Թորոսյանը:

«Օրենքով առաջարկվում է , որ ընտրությունը կատարվի մասնագիտական հանձնաժողովի կողմից, որի անդամները լավ պատկերացնում են դպրոցի կառուցվածքը, աշխատակիցների պարտականությունները եւ ընդհանրապես տնօրենի պաշտոնային պարտականությունները…Հանրակրթության նոր չափորոշիչներով հստակ պահանջներ են դրված, որոնց իրականացումը պետք է ապահովի դպրոցի տնօրենը»,-ասաց Թորոսյանը:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով. «Այն որ խորհուրդները չեն աշխատում, ընդունում է նաեւ ԿԳՄՍ նախարարությունը: Կրթության զարգացման պետական ծրագրի նախագծում եւս դրույթ կա, որ դպրոցական խորհուրդները ձեւական բնույթ են կրում: Այս իրավիճակում ԿԳՄՍ նախարարությունն ուներ երկու ճանապարհ` կամ փորձել զարգացնել խորհուրդները` հավատալով, որ դա ավելի մասնակցային եւ ժողովրդավարական ճանապարհ է տնօրենի ընտրության համար, կամ գնալ այլ ճանապարհով: Նախարարությունը որոշեց գնալ երկրորդ ճանապարհով` մտածելով, որ խորհրդի ներկա գործունեությունը կարծես հիմնականում կենտրոնացած է տնօրենի ընտրության վրա, մինչդեռ դրանք ունեն բազմաթիվ այլ լիազորություններ: Հիմա այդ լիազորությունը վերցվում է խորհուրդներից` հնարավորություն տալով այլ ուղղությունների վրա էլ կենտրոնանալ (զարգացման ծրագիր, բյուջեի քննարկում եւ այլն)»:

Կրթության փորձագետը կարծում է, եթե նոր համակարգը հնարավոր լինի պաշտպանել կոռուպցիոն ռիսկերից,ապա գուցե նաեւ ավելի արժանավոր մարդիկ ընտրվեն տնօրեն. «Եթե ոչ թե խորհուրդն է այդ վերջնական քվեարկությունն իրականացնում, այլ մասնագիտական հանձնաժողովը, հնարավոր է` այդ խորհրդի անդամները, լինելով կրթության ոլորտի մարդիկ, ավելի մասնագիտական տեսանկյունից կարողանան որոշել, թե որ թեկնածուներն են առավել արժանի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար: Բայց ես չեմ բացառում հայկական իրականության գործոնը, որովհետեւ ենթադրում եմ, որ կարող են լինել ճնշումներ այդ մասնագիտական հանձնաժողովի վրա`այս կամ այն թեկնածուի հարցով: Այստեղ ԿԳՄՍ նախարարությունն, իհարկե, պետք է այնպիսի մեխանիզմներ մշակի, որոնք անձերից կախված չլինեն, որովհետեւ նախարարության բարձրաստիճան ղեկավարությունը պարբերաբար փոխվում է: Ուստի պետք է այնպիսի մեխանիզմներ լինեն, որ ով էլ գա իշխանության, չկարողանա այս հանգամանքն օգտագործել»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930