Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլոր կամակատարները եւ ոստիկանները հատ-հատ պատասխան են տալու»․ Գեղամ Մանուկյան

Ապրիլ 28,2022 16:55

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Սարդարապատի հուշահամալիրից մեկնարկած քայլերթն այսօր հասավ Արմավիր քաղաք։ «Բազմաթիվ հայրենակիցներ ճանապարհին ավտոմեքենաների ազդանշաններով մեզ ողջունում եւ ոգեշնչում են։ Հատկապես տպավորիչ էր, որ Սարդարապատի դպրոցի բակից աշակերտներն ու ուսուցիչները ողջունում էին մեզ։ Մարդիկ տեղյակ են մեր ասելիքի, բողոքի գործողությունների մասին։ Շատերն ասում են, որ մայիսի մեկին միանալու են Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Երթի մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին։ «Այս ընթացքում շատ արմավիրցիներ են միացել մեզ, ողջունելի է հատկապես երիտասարդների ներկայությունը։ Շատ արմավիրցիներ պատերազմի ժամանակ նահատակվեցին, անհետ կորան։ 26-ն իրենց հանգրվանն այդպես էլ չգտան հայրենի հողում․ նրանք «Արաբո» ջոկատի մարտիկներն էին։ Այստեղից գնալու ենք Մեծամոր»,-հավելեց Գեղամ Մանուկյանը։

Նա անդրադարձավ նաեւ ՀՅԴ անդամների՝ ձերբակալությունից եւ կալանքից ազատ արձակման մասին դատարանի որոշումներին․ «Այս իշխանության կամակատար քննչական մարմիններին, ոստիկաններին, հատկապես քննչական կոմիտեին ուզում եմ ասել։ Մեր կուսակցական ընկերոջը կանչել էիք։ Ինքնակամ եկել էր, հետո՝ ձերբակալման որոշում եղավ։ Ահավորն այն է, որ հիմնավորում են, թե կարող է նախաքննությունից խուսափել։ Քննչական կոմիտեի դիմաց գիշերը մոտ մեկ տասնյակ պատգամավոր կար, եւ կոմիտեն դուռը չբացեց՝ խախտելով սահմանադրությունը։ Այդ բոլոր կամակատարները եւ ոստիկանները, որոնց բացատրում էինք, որ օրենք են խախտում, հատ-հատ պատասխան են տալու։ Բոլորը թող հիշեն սա եւ նկատի ունենան դատարանի վճիռը։ Նիկոլին այդքան ծառայելով՝ ոչ մի տեղ չեք հասնելու։ Իրենք վտանգում են իրենց ընտանիքների, մեր, բոլորիս ապագան»։

Գեղամ Մանուկյանի խոսքով՝ այս մեկուկես տարում քանիցս շփումներ է ունեցել քննչական մարմինների ներկայացուցիչների, իրավապահների հետ, եւ երբ առանց տեսախցիկների են խոսում, վերջիններս համաձայնում են ասվածի հետ․ «Կանչում են քննչական, երկու տող գրում ես, երրորդ տողի վրա հարցնում են՝ բա սրան ե՞րբ եք հեռացնելու․․․իսկ երբ հերթը հասնում է ծառայելուն, կոտրած ձեռքով ձերբակալման որոշումներ են կայացնում։ Բոլորիդ դեմքերը հանրությունը պետք է տեսնի։ Բոլորդ պետք է պատասխան տաք։ Ձեր հարազատներն էլ պետք է տեսնեն, թե ինչպես եք մարդկանց ճակատագրերը խեղում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930