«Այսօր եւս հետաքրքիր հյուրեր ունենք։ Մեր ամենաերիտասարդ գաղափարական ընկերը 4 տարեկան է՝ Նարեկը»,-Սեւան քաղաքում այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քայլերթի ժամանակ ուղիղ եթերով հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։
Ցուցարարները 4-րդ օրն է՝ դեպի Երեւան են քայլում։
Խմբակցության մեկ այլ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն էլ շեշտեց, որ աջակիցների քանակն ամեն օր ավելանում է․ «Կուզեի մեզ դիտողների հետ խոսել ազգային անվտանգության պահպանման մասին։ Այս իշխանությունը ստախոսի պես ասաց, որ ավելի բարեկեցիկ կյանք է ապահովելու, բայց միայն իրենց համար արեցին դա։ Խոստացավ թոշակ ու աշխատավարձ բարձրացնել, մինչդեռ միայն իրենց ու իրենց հարազատների կյանքի որակը բարելավվեց»։
Արմենուհի Կյուրեղյանի խոսքով՝ իշխանությունը նաեւ խաղաղություն խոստացավ, սակայն չասաց, թե այդ խաղաղությունն ինչ գնով է բերելու․ «Հինգ հազար զոհի փաստի առաջ կանգնեցրին եւ անամոթաբար, սրիկայաբար ասացին, որ այդ ամենը կարող էր եւ չլինել։ Մենք այլեւս երբեք իրավունք չունենք խաբվելու եւ անտարբեր մնալու, ազգային անվտանգության հարցերը կարգավորող պրոֆեսիոնալ իշխանության կարիք ունենք։ Միացեք մեզ։ Այս պայքարը հանուն Արցախի եւ ՀՀ-ի է»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ վերջերս Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ասել էր․ «Կարո՞ղ էինք կանխել պատերազմը։ Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք այս նույն վիճակը, իհարկե առանց զոհերի»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ