Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճիշտ եք հասկացել, Տարածքային կառավարման նախարարը որպես մեղադրյալ է ներգրավել». Արցախի գլխավոր դատախազը` պատգամավորին

Ապրիլ 28,2022 16:17

«Ճի՞շտ հասկացանք, որ այսօր ունենք կառավարության անդամ` մեղադրյալի կարգավիճակով, եւ ինչ խափանման միջոց է ընտրվել նրա նկատմամբ»,- Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին հարցրեց Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանը` խորհրդարանի հարց ու պատասխանի ժամանակ:

«Ճիշտ եք հասկացել, Տարածքային կառավարման նախարարը որպես մեղադրյալ է ներգրավել, մենք խափանման միջոց կիրառելու հարցում ոչ թե ազատ ենք գործողությունների մեջ, այլ ունենք օրենսդրական հստակ հիմքեր: Ինչ վերաբերվում է հետագա պաշտոնավարման հարցին, դատախազությունը նման հարց կարող է բարձրացնել միջնորդագրի տեսքով` այդ նախարարությունում կամ տվյալ անձին մեղսագրվող արարքի հանգամանքները ներկայացնելու ձեւով:

Այդպիսի միջնորդագիր Արցախի Հանրապետության նախագահին ներկայացվել է դեռեւս մարտ ամսին` այնտեղ ավելի մանրակրկիտ եւ ավելի մեծ սպեկտր ներառելով, քան նրան մեղսագրվող արարքն է: Իրականում հանցանքի կատարում մեղսագրել եւ առհասարակ թերություններ, խախտումներ վեր հանելը տարբեր բաներ են, մենք կարող ենք ունենալ բազմաթիվ խախտումներ, թերություններ, պարտականությունների ոչ պատշաճ կատարման դեպքեր, բայց դրանցից որոշները միայն իրենցից ներկայացնեն օրենքով արգելված արարք: Հետեւաբար միջնորդագիրն ավելի ընդարձակ էր, քան մեղադրանքն է: Նաեւ մեղադրյալ ներգրավելուց հետո հաղորդվել է գործադիր իշխանության ղեկավարին, այնպես որ, կարծում եմ առաջիկայում այդ առնչությամբ որոշում կընդունվի»,-ասաց գլխավոր դատախազը:

«Այսինքն, բոլորս տեղյակ ենք, որ կա նման երեւույթ, եւ ինչ-որ տեղ անուն-ազգանունով հստակ արձանագրված, փաստերով մեղադրանք ներկայացրած, բայց դեռ երկրի նախագահի կողմից որոշում չկա կայացրած, որ նման մարդիկ իրավունք չունեն կառավարության անդամ լինել: Եվ երկրորդ, ըստ ձեզ որպես իրավաբան, նման մարդկանց պաշտոնավարումը կարո՞ղ է խոչընդոտել հետագա գործընթացին, թե՞ ոչ»,-դատախազի ասածին արձագանքեց ու նոր հարց ուղղեց Դավիթ Գալստյանը:

«Նախագահի կողմից կա ընդունված որոշում, թե ոչ, ես նման արձանագրում չեմ արել, չեմ էլ առնվում այդ որոշման ընդունմանը: Գոյություն ունեն պատասխանատվության շատ տարբերակներ, բայց այս դեպքում կա երկու ուղղություն` քրեական պատասխանատվությունը եւ քաղաքականը: Մենք բացառապես քրեական պատասխանատվության կանչելու հարց ենք քննարկում: Ես վստահ եմ, որ գործադիր իշխանությունն ամեն դեպքում մեղադրանքի եւ միջնորդագրի բովանդակությանը լիարժեքորեն արդեն ծանոթանալուց հետո՝ նաեւ քաղաքական պատասխանատվության ուղղությամբ քայլեր կձեռնարկի: Ինչ վերաբերվում է պաշտոնավարմանը, մեր Քրդատ. օրենսդրությունն ասում է` հանրային ծառայողի պաշտոնավարում կարող է ժամանակավորապես դադարեցվել, եթե նա մնալով պաշտոնում` կարող է խոչընդոտել քննությանը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930