«Առանց թուրքի Հայաստան». այս եւ այլ վանկարկումներով` «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի աջակիցները Արշակունյաց պողոտայում իրազեկման ցույց էին իրականացնում՝ կոչ անելով քաղաքացիներին այսօր ժամը 18-ին միանալ իրենց:
Ցույցի մասնակիցներից մեկը, նկատելով, որ 15 հոգանոց իրենց ցուցարարների խմբի դեմ ինչ մեծ քանակի ոստիկաններ են ուղարկել՝ ասաց. «Կենաց խմելիս ես միշտ ասում եմ՝ Արարատը մերն է, բայց թուրքերի ձեռն է, այսօր էլ ասում եմ՝ ոստիկանը մերն է, բայց թուրքերի ձեռն է: Տղե՛րք, մենք ձեզ ազատագրելու ենք: Այստեղ չթողեցիք փողոց փակենք՝ ուրիշ տեղ ենք փակելու, չմտածեք, թե վախենում ենք բերման ենթարկվելուց»:
Ոստիկանները թույլ չտվեցին իրենց հասցեին նման մեկնաբանություններ անել, նրանցից մեկն էլ հայտարարեց. «Ես ազատագրված եմ, դուք ձեզ ազատագրեք: Ե՞րթ եք անում, դուք ձեր երթը արեք»:
Ցուցարարները նստեցին Արշակունյաց պողոտայի վրա ու փակեցին ճանապարհը, խափանեցին երթեւեկությունը, ոստիկանները նրանց բռնի ուժով տեղափոխեցին ոստիկանական մեքենաներն ու տարան բաժին: Բերման ենթարկվողների թվում էր նաեւ Վանեցյանի որդին՝ Արտյոմ Վանեցյանը: Երբ ոստիկանները բռնել էին նրա ձեռքերը ու բիրտ ուժով բերման էին ենթարկում, նա սկսեց երգել՝ «Զարթնիր լաո, մեռնի քըզի»:
Կարդացեք նաև
Իսկ մեկ ցուցարարի դեմ 11-12 ոստիկան էին գործողություններ իրականացնում, ցուցարարը բղավում էր՝ «ձեռս ջարդիք, արա՛, թո՛ղ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ Արտյոմ Վանեցյանի ֆեյսբուքյան էջից. 27.04.2022