Բաքուն Երևանից սպասում է իր տարածքային ամբողջականության ճանաչում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը Շուշիում անցկացվող «Հարավային Կովկաս. զարգացում և գործակցություն» համաժողովում:
«Ադրբեջանի հիմնական ուղերձը Հայաստանին տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումն է: Պատրա՞ստ է Հայաստանը դրան: Մենք պատրաստ ենք»,- ասել է նա:
Անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման հարցերի կարևորությանը՝ Հաջիևն ասել է, որ իրենք «արդեն ստանում են որոշակի ազդակներ, որ այդ գործընթացը կսկսվի մոտ ապագայում»:
«Ադրբեջանն առաջարկել է Հարավային Կովկասի ինտեգրացված մոդել: Այս պահին տարածաշրջանը մասնատված է, ուստի մենք պետք է մարդկանց միջև ավելի շատ կապեր և շփումներ հաստատենք»,- ասել է Հաջիևը:
Կարդացեք նաև
Նա նաև ասել է, որ Բաքուն «Ղարաբաղի հայկական ծագմամբ բնակչությանը» համարում է իր քաղաքացիները:
«Խանքենդիի (նկատի ունի Ստեփանակերտի- խմբ.) բնակիչներին մենք համարում ենք Ադրբեջանի քաղաքացիներ: Ադրբեջանում հարգանքով են վերաբերում բոլոր կրոններին, պահպանում են կրոնական տաճարները»,- ասել է Հաջիևը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ