Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կրթությունը մեզ համար հարցերի հարցն է. լրջագույն պրոբլեմ ունենք, անգրագիտությունը սողացող ձևով վերադառնում է մեր հանրություն. Փաշինյան

Ապրիլ 28,2022 15:20

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելմանն ուղղված առկա սահմանափակումները մեղմացնելու նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ առաջարկելով վերացնել ՀՀ տարածք մուտք գործելու սահմանափակումները: Ըստ այդմ, հաշվի առնելով միջազգային փորձը և այն հանգամանքը, որ մի շարք երկրներ արդեն իսկ մեղմացրել են երկիր մուտք գործելու սահմանափակումները, ուժը կորցրած կճանաչվի ՀՀ տարածք օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս COVID-19 ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ պահանջը:

Որոշումն ուժի մեջ կմտնի մայիսի 1-ից: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ նախատեսված փոփոխությունը պայմանավորված է ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային կայուն իրավիճակով և դեպքերի նվազմամբ: «Վերջին 14 օրվա ընթացքում գրանցվել է 144 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 32 տոկոսով նվազել է: Վերջին ամսվա ընթացքում մահվան դեպքերը ևս նվազել են»,-ասել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով բուժաշխատողներին իրենց կատարած աշխատանքի համար:

Անահիտ Ավանեսյանը նշել է, որ մայիսի 1-ից հանվելու է նաև պետական սահմանի ցամաքային և օդանավակայաններում տեղադրված անցման կետերում մուտք գործելիս ՊՇՌ արագ ախտորոշման թեստի և պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը: «Հանվել է քրեակատարողական հիմնարկներում և զինված ուժերում սահմանափակումներն արձակուրդ մեկնելիս կամ տեսակցությունների ժամանակ: Տվյալ դեպքերում նույնպես այլևս թեստ հանձնելու կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջ չի գործի: Վերացվել է դպրոցներում, մանկապարտեզներում և այլ վայրերում միջոցառումների ժամանակ 1.5 մետր հեռավորություն պահպանելու արգելքը: Աշխատանքի վայրում 7 օրը մեկ ՊՇՌ հետազոտության թեստ, կամ կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը նույնպես հանվել է»,-ասել է Անահիտ Ավանեսյանը: Նախարարը ներկայացրել է նաև պատվաստման ցուցանիշները և նշել, բոլոր հնարավոր միջոցներով շարունակվելու է պատվաստումների խթանումը:

Նիկոլ Փաշինյանն այդ համատեքստում մի քանի շեշտադրումներ է արել. «Այո, արդեն բավական երկար ժամանակ կորոնավիրուսի համավարակի թվերը և իրավիճակն այնպիսին են, որ բացի Առողջապահության նախարարությունից, հանրային և քաղաքական ուշադրության չեն արժանանում: Բայց ես ուզում եմ խնդրել, կոչ անել, հորդորել բոլորիս, որ մենք մեր զգոնությունը չթուլացնենք, որովհետև հենց այսօր Չինաստանում կան քաղաքներ, որոնք ապրում են լոքդաունի պայմաններում: Իհարկե, դա արվում է, այսպես ասած, վերջնական հարված համավարակին հասցնելու համար, բայց որևէ մեկը չի կարող ասել, թե հաջորդ պահին ինչ տեղի կունենա: Այս առումով ես կուզենայի ընդգծել պատվաստումների շարունակակության կարևորությունը: Ընդ որում, հաշվի առնելով, որ մենք ունենք պատվաստանյութի լայն ընտրություն և բավականին մեծ պաշարներ, երկար ժամանակ է պատվաստման հնարավորությունը բացել ենք նաև օտարերկրյա քաղաքացիների համար: Այսինքն՝ ցանկացած օտարերկրյա քաղաքացի կարող է Հայաստանում առանց որևէ սահմանափակման պատվաստվել: Նախկինում մենք որոշ սահմանափակումներ էինք դնում՝ ընդգծելով Հայաստանում ինչ-որ մի ժամանակ առնվազն մնալու անհրաժեշտությունը և այլն: Հիմա ոչ մի սահմանափակում չկա: Կարծում եմ տուրիստական սեզոնի մեկնարկի առումով շատ կարևոր է այս մասին համապատասխան ձևով նաև տուրիստական կազմակերպությունների միջոցով ներկայացնելը»:

Վարչապետը ընդգծել է նաև ընդհանրապես պատվաստումային քաղաքականության կարևորությունը: Առողջապահության նախարարը, արձագանքելով, նշել է, որ այս շաբաթ կիրականացվի իմունիզացիայի իրազեկում. «Հայաստանում, շնորհիվ նրա, որ պահպանում են երեխաների պատվաստումների բարձր ցուցանիշներ, մի շարք հիվանդություններ վերացվել են: Դրա օրինակները մենք մշտապես ներկայացնում ենք միջազգային հարթակներում: Մենք շարունակելու ենք խթանել այդ աշխատանքները»:

Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է նաև, որ կառավարությունը մեծ ներդրումներ է իրականացրել բժշկական կենտրոնների վերազինման, վերակառուցման, վերանորոգման ուղղությամբ. «Այդ լարված իրավիճակում էլ մենք հասցրեցինք տասնյակ բժշկական կենտրոններ ամբողջությամբ վերափոխել: Առաջիկա օրերին իրենց դռները կբացեն վերափոխված «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնը և մի շարք մարզային կենտրոններ»:

Վարչապետը նշել է, որ նման հագեցվածության պետական հիվանդանոց, բժշկական կենտրոն չենք ունեցել: «Այո, կորոնավիրուսի համավարակի համատեքստում մենք ֆինանսական միջոցներ տրամադրեինք «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնի համար ժամանակակից բժշկական սարքավորումների ձեռք բերելու համար: Ուզում եմ նաև ընդգծել, որ այս ընթացքում առողջապահության ոլորտում կարևոր ձեռքբերում է նաև Ֆիզիկայի ինստիտուտի արագացուցիչի գործարկումը, որի արդյունքում ստացվում են իզոտոպեր, որոնք կարևոր են քաղցկեղը վաղաժամ ախտորոշման համար», -ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կամավոր ատեստատավորում արդյունքում հավելավճար ստացող ուսուցչի դրույքաչափը կսահմանվի 200.000 դրամ

Գործադիրը հաստատել է ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը: Ատեստավորման այս եղանակը հնարավորություն կտա բացահայտելու և խրախուսելու որակյալ ուսուցիչներին և նրանց աշխատավարձը մրցունակ դարձնելու հանրապետությունում: Համակարգը հնարավորություն կտա ապահովելու նոր ուսուցիչների մուտքը դպրոց՝ առաջարկելով նրանց մրցակցային աշխատավարձ: Հիմնավորման համաձայն՝ 2021 թ. կամավոր ատեստավորմանը դիմած 1372 դասավանդողից գործընթացին մասնակցել է «Հայոց լեզու», «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն», «Հայոց պատմություն», բնագիտական առարկաներ դասավանդող 996 ուսուցիչ: Հանրակրթության ոլորտում ատեստավորման արդյունքի հիման վրա ուսուցչի վարձատրության բարձրացման համակարգի ներդրման արդյունքում 50 % հավելավճար է ստացել 166,40 % հավելավճար է ստացել 153, իսկ 30 %՝ 159 ուսուցիչ: Ներդրված կամավոր ատեստավորման համակարգի փորձնական ծրագիրը շարունակաբար կխրախուսի ուսուցիչների մասնագիտական զարգացումը և հավելավճարի տրամադրման միջոցով կնպաստի դասավանդման որակի և արդյունավետության բարձրացմանը:

Ինչպես նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյան, կամավոր ատեստատավորում արդյունքում հավելավճար ստացող ուսուցչի դրույքաչափը կսահմանվի 200.000 ՀՀ դրամ: Ըստ նրա՝ դրա վրա ավելացող հավելավճարի, ինչպես նաև տարակարգ ստանալու պարագայում ուսուցչի աշխատավարձը կարող է հասնել մինչև 400.000 ՀՀ դրամի:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունած որոշումը և նշել. «2018 թվականից ի վեր հանրակրթության ոլորտի բարեփոխումները մեր առաջնահերթություններից են և միշտ էլ մնալու են որպես առաջնահերթություն: Հիմա էլ ուզում եմ այդ համոզմունքս վերահաստատել. մենք այսօր մեր կյանքում ցանկացած խնդիր, որի հետ առնչվում ենք, այս շենքի ներսում, այս շենքից դուրս, յուրաքանչյուր գյուղում, ֆերմաներում, փոքր և միջին ձեռնարկություններում վերաբերում է կրթության ոլորտին: Բոլոր ոլորտներում առկա ցանկացած թերության հետևից որ գնանք, առնչվելու ենք կրթության ոլորտում ինչ-որ մի համակարգային խնդրի հետ: Ուստի, կրթությունը մեզ համար հարցերի հարցն է: Այսինքն՝ կա կրթություն և մնացած բոլոր հարցերը: Ընդ որում՝ ես ուզում եմ ընդգծել, որ այս ամենին շատ կարևոր լրացում կա, որ կրթությունը ցկյանս պրոցես է: Կրթությունը ցկյանս պրոցես է, որը չի ավարտվում որևէ բուհով, որևէ դպրոցով, բայց նախնական դպրոցական կրթության և հանրակրթության ժամանակ առաջացած բացերը հետագայում ամբողջ կյանքում կարող է այդպես էլ հնարավոր չլինի լրացնել: Եվ մենք այսօր լրջագույն պրոբլեմ ունենք, մենք դրա մասին չենք խոսում, բայց 2019 թվականի հետազոտություններն ի վերջո ցույց են տալիս, որ անգրագիտությունը սողացող ձևով վերադառնում է մեր հանրություն»:

Այդ համատեքստում վարչապետն առաջնային հարցերից է համարել ուսուցիչների վարձատրությունը և ուսուցչի աշխատանքի մրցակցային լինելը. «Ուսուցիչների աշխատավարձերի բարձրացումը մշտապես եղել է մեր օրակարգում: Մենք մտածում էինք ինչ անենք, որպեսզի ոչ թե մենք որոշենք, թե ինչքան է ուսուցչի աշխատավարձը, այլ ուսուցիչն ինքը որոշի՝ ինչքան է իր աշխատավարձը: Ի վերջո, պլանավորեցինք և 2021 թվականի գարնանից սկսեցինք այս սկզբունքային նշանակության բարեփոխումը, որը այսօրվա որոշմամբ շարունակում ենք: Ըստ այդմ՝ կամավոր ատեստավորում անցած բոլոր ուսուցիչների դրույքաչափը 108 000-125 000 դրամի փոխարեն կլինի 200 000 դրամ: Սա նշանակում է, որ ատեստավորում անցած ուսուցիչները, որոնք նաև համապատասխան տարակարգ ունեն, մայիսի 1-ից կարող են ստանալ արդեն 400.000 դրամ աշխատավարձ»:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ բոլոր ուսուցիչներին տրվելու է այդ համակարգից մի քանի անգամ օգտվելու հնարավորություն, սակայն իքս պահից սկսած ատեստավորում չանցած ուսուցիչը դպրոցում ուղղակի չի աշխատելու:

Վարչապետն անդրադարձել է կրթական ենթակառուցվածքի նոր համակարգի հայեցակարգին, որն իրականացվելու է Սյունիքի մարզում. «Այն ամբողջությամբ պատրաստ է: Ես տվել եմ հանձնարարական արդեն սկսել շինարարության և ծրագրի իրականացման նախագծման աշխատանքները: Ուզում եմ հիշեցնել, որ խոսքը միայն դպրոցի կամ մանկապարտեզի կառուցման մասին չէ, մենք տրանսպորտային ենթակառուցվածք պետք է ստեղծենք, որի մեջ մտնում են նաև ավտոճանապարհները»:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է նաև, որ առաջիկայում կազմակերպվելու են բարձրագույն կրթության և գիտության օրենքի վերաբերյալ բարդ, բայց կարևոր քննարկումներ: «Մենք բարձրագույն կրթության ոլորտում էլ մասշտաբային բարեփոխումներ ենք իրականացնելու, քաղաքական որոշումը վաղուց ենք կայացրել: Դրա իրականացման լոգիստիկայի հարցը պետք է որոշենք և գնանք առաջ»:

Ուսուցչի ատեստավորման, վերապատրաստման կարգը հստակեցնելու, վերապատրաստման արդյունքում ի հայտ եկած խնդիրները լուծելու համար կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Մասնավորապես, վերապատրաստումներն արդյունավետ իրականացնելու նպատակով նախատեսվում է հեռավար ձևաչափով գործընթացն իրականացնել միայն արտակարգ և ֆորսմաժորային իրավիճակներում, ինչպես նաև առարկայի միակ խումբը լինելու, ինչպես նաև տարածաշրջանում միակ կազմակերպությունը լինելու դեպքում: Իրավական ակտով առաջարկվող փոփոխություններով ակնկալվում է կարգավորել և հստակեցնել տարընթերցում առաջացնող կամ գործող կարգում առկա մի շարք այլ բացեր ևս, մասնավորապես՝ ոչ պետական ուսումնական հաստատության ուսուցիչը կարող է մասնակցել ատեստավորմանը՝ հիմնադրի ֆինանսական միջոցների հաշվին, վերապատրաստման հայտերի ընդունման համար պահանջվող փաստաթղթերի հետ կազմակերպությունը ներկայացնում է նաև մոդուլները: Նախատեսվում է, որ կազմակերպությունը կազմում է վերապատրաստումների իրականացման անհատական ժամանակացույց՝ հիմք ընդունելով կարգով սահմանված ժամկետները, ուսուցիչը կարող է իր հիմնական աշխատավայրի վերապատրաստող կազմակերպությունը ընտրել միայն այն դեպքում, երբ տվյալ առարկայի վերապատրաստող միակ կազմակերպությունն է կամ տարածաշրջանում վերապատրաստող միակ կազմակերպությունն է: Սահմանվել է նաև վկայականի և հաշվետվության միասնական ձևաչափ:

Մեկնարկում է մետրոյի Աջափնյակ կայարանի շինարարության փուլը

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է մետրոյի Աջափնյակ կայարանի շինարարության փուլի մեկնարկի մասին: «Հարգելի գործընկերներ, մենք մի հարց հիմա պիտի քննարկենք, որն ի սկզբանե ենթադրում էր, որ պիտի ունենա կառավարության որոշման տեսք, բայց հետո այլ լուծումներ գտնվեցին: Հիմա կառավարության որոշման անհրաժեշտություն չկա: Պարզապես մենք պետք է այս մասին խոսենք և որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերենք: Դուք գիտեք, որ վաղուց քննարկվում է Երևան մայրաքաղաքում մետրոյի Աջափնյակ կայարան կառուցելու հարցը և հնարավորությունը: Այս հարցն ընդգծված է եղել 2017 թվականին մեր նախընտրական ծրագրում, երբ մասնակցել ենք Երևանի ավագանու ընտրություններին: Ահա, մենք, ըստ էության, սկսել էինք պրոցեսի գործնական փուլը, և այսօր ավելի գործնականացման հաջորդ քայլն ենք անում: Հայտարարվել էր մրցույթ կայարանի նախագծման վերաբերյալ: Մրցույթի արդյունքներով կա հաղթող, և այսօր մենք քննարկում ենք արդեն ֆինանսավորելու հարցը, որպեսզի արդեն մշակվի մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագիծը, ինչը կնշանակի, որ մենք արդեն մտնում ենք շինարարության փուլ:

Հիմա ինչո՞ւ պիտի լիներ կառավարության որոշում և ինչո՞ւ կառավարության որոշմամբ մենք դա չենք անում: Խնդիրն այն է, որ, իհարկե, կառավարությունը պիտի ֆինանսավորի նախագծումը, բայց մենք տեսանք, որ վերջերս քրեական մի գործի շրջանակում Երևան քաղաքին հասցված շուրջ 850 մլն դրամի վնասի հատուցում է տեղի ունեցել: Եվ քննարկումների արդյունքում, Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ որոշում կայացրեցինք, որ առաջին փուլով այդ գումարի 750 մլն դրամն ուղղել այդ նպատակին: Քրեական գործը վերաբերում է «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության գործունեության հետ կապված մի դրվագի»:

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ 2021 թ.-ին արդեն պայմանագիր է կնքվել նախագծող կազմակերպության հետ: Ըստ քաղաքապետի՝ նախագիծը կիրականացվի 510 օրում, կամ՝ գուցե ավելի շուտ: «Նախագիծն ընդհանուր առմամբ երեք փուլով է լինելու: Ֆինանսական միջոցների հաշվին մենք հնարավորություն կունենանք առաջին երկու փուլերի աշխատանքները ֆինանսավորելու: Միաժամանակ կխնդրեի Ձեր հանձնարարականը, որպեսզի մենք կարողանանք արդեն սկսել աշխատել նախագծման երրորդ փուլի ֆինանսավորման աղբյուրների հայթայթման ուղղությամբ: Ենթադրում եմ՝ միջնաժամկետ ծախսերի ծրագրերում այդ ֆինանսական տեղեկատվությունը պետք է արտացոլվի, պլանավորենք, որպեսզի կարողանանք նախագիծն ավարտելուց հետո, շինարարության մեկնարկ տանք: Այս պահի դրությամբ մետրոպոլիտենում նույնպես խնդիրներ ունենք՝ տարիների ընթացքում կապիտալ ներդրումներ, որպես այդպիսին, չեն իրականացվել: Կխնդրեի Ձեր հանձնարարականը, որպեսզի նաև այս մասով հասկանանք՝ ֆինանսավորման ինչ աղբյուրներ են հնարավոր, որպեսզի ընթացիկ կայարաններում տարբեր տեխնիկական խնդիրները նույնպես լուծենք, վերազինենք»,-ասել է քաղաքապետը:

Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ այս ծրագիրը ռազմավարական ծրագիր է՝ մետրոն անցում է կատարելու Հրազդան գետի հակառակ ափ, ինչը նշանակում է, որ հետագա ճյուղավորման հնարավորություն է ստեղծվելու դեպի Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, 15-րդ թաղամաս և այլն:

Կներդրվի ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և պարբերական վկայագրման գործընթացի ավտոմատացված համակարգ

Ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և պարբերական վկայագրման գործընթացի ավտոմատացված համակարգի ներդրման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Արդյունքում ձեռք կբերվեն ծրագրային համակարգչային, ինչպես նաև հաշվապահական համակարգչային ծրագրային փաթեթներ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, դեռևս 2021 թ. դեկտեմբերին ընդունվել են որոշումներ և սահմանվել են կարգեր այս գործընթացի մեկնարկի համար: «Համակարգը կգործի օգոստոսի 1-ից: Հայաստանում շահագործվող սեղմված գազով և հեղուկ գազով մեքենաների սարքավորումները պետք է ստուգվեն առնվազն 2 տարին մեկ անգամ: Գործում է երկու համակարգ՝ կան լիցենզավորված կազմակերպություններ, որոնք պետք է տեղադրեն և հետո նաև ստուգեն, և կա էլեկտրոնային համակարգ, որտեղ այդ ստուգման արդյունքները մուտք են արվում»,-ասել է նախարարը:

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի Արթուր Ասոյանը տեղեկացրել է, որ օգոստոսի 1-ից այն ավտոմեքենաները, որոնց գազաբալոնները վկայագրում չեն անցել, ուղղակի գազալցակայաններում չեն կարողանալու լիցքավորվել: «Լիցքավորվելու պարագայում ենթարկվում է վարչական պատասխանատվության տեսչական մարմինների կողմից՝ 200.000 դրամի չափով: Տարվա ընթացքում կրկնվելու դեպքում՝ կրկնակի չափով: Եթե տվյալների շտեմարան մուտքագրվում են կեղծ տվյալներ, ապա ենթարկվում են վարչական պատասխանատվության 300.000-500.000 դրամի սահմաններում: Գազաբալոնների տեղադրման և դրան ներկայացվող նորմերի ու պահանջների ստուգման հետ կապված ստուգաթերթը այժմ գտնվում է մշակման փուլում: Լիազոր մարմինների հետ այժմ քննարկվում է նաև էլեկտրոնային ավելի խելացի լուծումների տարբերակ, որպեսզի այս գործընթացն ավտոմատացվի և սուբյեկտիվ մոտեցումը բացառվի: Այսինքն՝ դիտարկվում է այն տարբերակը, որ եթե մեքենան, գազաբալոնը վկայագրում չի անցել, ապա ավտոմատ համակարգն ուղղակի չի թույլատրի, որպեսզի մեքենան լիցքավորվի, դա հնարավոր կեղծիքներից խուսափելու նպատակ է հետապնդում»,-ասել է Արթուր Ասոյանը:

Կառավարության ղեկավարը կարևորել է ընդունված որոշումը՝ այն համարելով կարևոր ինստիտուցիոնալ բարեփոխում: «Գիտենք, որ ՀՀ-ում գազաբալոններով աշխատող ավտոմեքենաների հսկայական քանակ կա: Սա լուրջ խնդիր է, և մենք պարտավոր ենք ապահովել շահագործողների և քաղաքացիների անվտանգությունը: Մենք անցած տարվանից, դարձյալ երկար քննարկումների արդյունքում ներդրում ենք անվտանգության երաշխավորման այս համակարգը: Սրանով մենք կամ կբացառենք կամ առնվազն մինիմումի կհասցնենք գազի բալոնների հետ կապված բոլոր արտակարգ պատահարները»,-ասել է վարչապետը:

Ապրիլի 30-ին հանրապետությունում կանցկացվի համապետական շաբաթօրյակ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կառավարության նիստում նշել է, որ ապրիլի 30-ին հանրապետությունում կանցկացվի համապետական շաբաթօրյակ: «Վերջին տարիներին՝ 2020 և 2021 թթ.-ներին, ՔՈՎԻԴ-ով պայմանավորված համապետական շաբաթօրյակ չի կազմակերպվել: Առիթից օգտվելով ուզում եմ մեր հայրենակիցներին և գործընկերներին հորդորել ակտիվ ներգրավվել առաջիկա շաբաթօրյակի աշխատանքներում», -ասել է նախարարը՝ հավելելով, որ առկա է համապետական շաբաթօրյակի անցկացման հստակ սխեմա:

Անդրադառնալով թեմային՝ վարչապետը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել շաբաթօրյակի ընթացքում հավաքված աղբն աղբավայրեր տեղափոխելու հարցը: «Մենք շատ հաճախ հետևյալ երևույթի հետ ենք բախվում, երբ աղբը մի վարից հավաքում և տեղափոխում ենք մեկ այլ վայր: Մենք աղբավայրերի և կոշտ թափոնների կառավարման խնդիր ունենք: Ես կարևոր եմ համարում նման երևույթների բացառումը՝ շաբաթօրյակի արդյունքում հավաքված աղբը պետք է տեղափոխվի միայն աղբավայր, ուրիշ ոչ մի այլ տեղ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նախարարը հավաստիացրել է, որ կարվի հնարավորը նման դեպքերը բացառելու ուղղությամբ:

Կառավարությունը շարունակում է բարելավել հանրապետության ճանապարհային ցանցը

Կառավարությունը «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում», ինչպես նաև «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումների կատարումն ապահովվելու նպատակով ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ ֆինանսական միջոցներ կհատկացվեն 2022 թ.-ին հիմնանորոգման ծրագրով նախատեսված թվով 2 ճանապարհահատվածի և թվով 2 տրանսպորտային օբյեկտի շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների համար: Ընդհանուր առմամբ որոշմամբ նախատեսվում է հիմնանորոգել 2.1 կմ մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհ, կառուցել 200 գծ.մ մայթեր, հիմնանորոգել մեկ կամուրջ (18,3 մ երկարությամբ) և 25 գծ.մ հենապատ: Այդ նպատակի համար նախատեսվում է հատկացնել 486,556.7 հազ. դրամ, որից 475,377.6 հազ. դրամը շինարարական աշխատանքների, 11,179.1 հազ. դրամը տեխնիկական և հեղինակային հսկողության համար։

Գործադիրը նաև վերաբաշխում է կատարել օրենքում փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համակարգում և կառավարում» միջոցառման իրականացման նպատակով հիմնանորոգվող ճանապարհների տեխնիկական և հեղինակային հսկողության մատուցված խորհրդատվական ծառայությունների դիմաց վճարումներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված։

«Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված անձանց կտրամադրվի ամսական 100 000 դրամ պատվովճար. կառավարությունը սահմանել է պատվովճարի նշանակման և վճարման կարգը

Գործադիրը սահմանել է ՀՀ «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված անձանց ամենամսյա պատվովճարի նշանակման և վճարման կարգը: Ըստ այդմ՝ «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված անձանց կտրամադրվի ամսական 100 000 դրամ պատվովճար։ Հիմնավորման համաձայն՝ անկախությունից ի վեր, պայմանավորված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակով և սոցիալական երաշխիքների ոչ բավարար աջակցությամբ պայմանավորված էականորեն նվազել է բազմազավակ ընտանիքների թիվը: Ներկայում ՀՀ-ում շատ քիչ ընտանիքներ են ունենում 6 և ավելի երեխա: 2020 թ. երեխաների ընդհանուր կարգաթվում 6-րդ և հաջորդ երեխաների ծնունդը կազմել է 162 երեխա, որը նույն տարում արձանագրված ընդհանուր ծնունդների ընդամենը 0,4 տոկոսն է կազմել:

Օրենսդրական նախաձեռնություն. կներդրվեն մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումների հանգեցրած դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու արդյունավետ մեխանիզմներ

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծին: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել դատական իշխանության հեղինակությունը, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը` մարդու իրավունքների և (կամ) ազատությունների հիմնարար խախտումների հանգեցրած դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու արդյունավետ մեխանիզմների ներդրմամբ: Նախագիծը, որը ներկայացվել էր Վենետիկի հանձնաժողովին, հանձնաժողովի ներկայացրած կարծիքի հիման վրա էականորեն լրամշակվել է` սահմանելով այլ կառուցակարգ: Այսպես`առաջարկվում է հստակեցնել, որ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատավորի կողմից դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման հիմքով կարգապահական վարույթ կարող է հարուցվել խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո՝ մեկ տարվա ժամկետում, եթե խախտումը հայտնաբերվել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ ՀՀ մասնակցությամբ միջազգային դատարանի ակտի ուսումնասիրության արդյունքում: Նախատեսվել է, որ այս դեպքում կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ ՀՀ մասնակցությամբ միջազգային դատարանի կայացրած ակտն ուժի մեջ մտնելուց հետո անցել է 15 տարի: Նախագծի անցումային դրույթներով նաև նախատեսվել է կարգավորում առ այն, որ օրինագծում նշված դեպքում կարգապահական վարույթ կարող է հարուցվել նաև մինչև օրենքի ուժի մեջ մտնելը կայացված ՀՀ մասնակցությամբ միջազգային դատարանի ակտերով արձանագրված կամ բացահայտված խախտումներով, եթե մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ ՀՀ մասնակցությամբ միջազգային դատարանի կայացրած ակտն ուժի մեջ մտնելուց հետո չի անցել 15 տարի: Այդ դեպքերում էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում կարգապահական տույժը կարող է կիրառվել, եթե դա ակնհայտորեն պայմանավորված է դատական իշխանության անկախության և անաչառության ապահովման, դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության և իրավունքի գերակայության ապահովման հանրային շահերով:

Հավանություն է տրվել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2021 թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագծին: Օրինագծի նպատակն է տրամադրել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների (գույքի) նկատմամբ 2021 օրացուցային տարում իրականացված մասնավորեցման գործարքների, լուծարման գործընթացի մասին տեղեկությունները, ինչպես նաև ներկայացնել պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքը՝ հնարավորություն տալով նաև իրազեկել հանրությանը մասնավորեցման գործընթացին: Ըստ այդմ՝ հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 407,547.38 հազար դրամ, որից` ընկերությունների մասնավորեցումից ստացված միջոցները՝ 395,774.49 հազար դրամ (այդ թվում նախորդ տարիներին մասնավորեցված ընկերություններից տարաժամկետ վճարումներից ստացված միջոցները՝ 29,781.50), նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված միջոցները՝ 11,772.89 հազար դրամ:

Կկանոնակարգվի գլխավոր հատակագծերի և գոտևորման նախագծերի համաձայնեցման ու հաստատման գործընթացը

Գործադիրը ընդունել է որոշում՝ համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը վերանայելու նպատակով: Ըստ այդմ, առաջարկվում է համապատասխանեցնել նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման ընթացակարգն օրենքի դրույթներին,հստակեցնել գլխավոր հատակագծերի փոփոխությունների առաջարկությունների կազմին ու բովանադակությանը ներկայացվող պահանջները (անհրաժեշտ ելակետային փաստաթղթերի հավաքագրումը, որի նպատակն է հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունների գործընթացի ժամկետների կրճատումը): Նախատեսվում է նաև սահմանել միասնական մոտեցումների գործառնական գոտիների անվանումների, դրանց հապավումների, կոդերի և գծագրերում պայմանական նշանների նկատմամբ, մշակել կառուցապատման չափորոշիչների ու թույլատրելի օգտագործման ձևերի ամփոփ աղյուսակների օրինակելի ձևերը, սահմանել գոտիներում թույլատրելի օգտագործման (հիմնական և ոչ հիմնական՝ ուղեկցող) ձևերի ցանկը: Ներառվել են նաև դրույթներ, գլխավոր հատակագծերի և գոտևորման նախագծերի` ստեղծվող երկրատեղեկատվական համակարգի միասնական պահանջներին համապատասխանության մասով: Արդյունքում կկանոնակարգվի գլխավոր հատակագծերի և գոտևորման նախագծերի համաձայնեցման ու հաստատման գործընթացը:

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը

Կառավարության որոշումներով «Սարանիստ» և «Գրին պրոդ» ՍՊԸ-ները գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

«Սարանիստ» ՍՊԸ-ը ներմուծվող սարքավորումները նախատեսում է օգտագործել ապակու հալման վառարանի վերակառուցման համար։ Ծրագրի նպատակն է վերականգնել ապակե տարաների արտադրությունը, բարելավել աշխատանքի արդյունավետությունը և բարձրացնել արտադրանքի մրցունակությունը։ 1989 թ.-ին հիմնադրված ընկերությունն արդեն իսկ իրականացրել է 400 մլն դրամի կապիտալ ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 700 մլն դրամի ներդրում՝ սարքավորումների ձեռքբերման համար։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 663 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 84 մլն դրամ:

«Գրին պրոդ» ՍՊԸ-ը ներմուծվող հումքը կօգտագործի պանրի արտադրության համար։ 2020 թ. Արմավիրի մարզում հիմնադրված ընկերությունը նախատեսում է կառուցել արտադրամաս նաև Երևան քաղաքում։ Արդեն իսկ իրականացվել է 300 մլն դրամի ներդրում։ Կիրականացնի ևս 500 մլն դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 16 նոր աշխատատեղ` մինչև 300,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքը ամբողջությամբ նախատեսվում է արտահանել ՌԴ: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 20 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 3 մլրդ դրամ:

Միջազգային համագործակցություն

Հավանություն է տրվել ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2020 թվականի ապրիլի 23-ի ֆինանսավորման համաձայնագրի փոփոխություն N 1-ի ստորագրման առաջարկությանը: Փոփոխության համաձայն՝ «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի իրականացման և դրամաշնորհային միջոցների մասհանման վերջնաժամկետները երկարաձգվում են համապատասխանաբար մինչև 2023 թ. դեկտեմբերի 19-ը և 2023 թ. սեպտեմբերի 19-ը: Ծրագրի նպատակն է տեխնիկական աջակցության (4.4 մլն եվրո) և ներդրումների (5.6 մլն եվրո) միջոցով զարգացնել արդի ոռոգման համակարգը՝ վերացնելով ջրի պահեստավորման, ոռոգման ենթակառուցվածքների, հողերի միավորման, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների ու վարկերի հասանելիության հետ կապված խոչընդոտները: Այն իրականացվելու է Արարատի և Արմավիրի մարզերում, որոնք ունենալով շուրջ 500,000 բնակչություն և 65 տոկոս ոռոգելի հողատարածք` հնարավորություն ունեն նշանակալի խթանելու Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի արդիականացմանը: Ծրագիրը, որն իրականացնելու են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը (գյուղատնտեսության ոլորտ՝ 8.5 մլն եվրո) և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը (ոռոգման ոլորտ՝ 1.5 մլն եվրո), բաղկացած է 3 հիմնական բաղադրիչներից: Ոռոգման ենթակառուցվածքներում կատարվող ներդրումները կնպաստեն գյուղատնտեսության զարգացման խթանմանը:

Գործադիրը հավանություն է տվել նաև «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական արտադրանքի պահեստային վկայագրերի թողարկման (տրման), շրջանառության և մարման կանոնների մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրի հիմնական նպատակը Եվրասիական տնտեսական միության շրջանակում գյուղատնտեսական արտադրանքի պահեստային վկայագրերի օգտագործման փորձի ընդլայնումը և դրանց կայուն շրջանառության ապահովումն է:Համաձայնագիրը կանոնակարգում է Միության շրջանակներում պահեստային վկայագրերի թողարկման (տրման), շրջանառության և մարման հետ կապված իրավահարաբերությունները և սահմանում է պահեստային վկայագրերի նկատմամբ ներկայացվող պահանջները։ ԵԱՏՄ անդամ պետություններում թողարկված (տրված) պահեստային վկայագրերը, որոնք ներառված են պահեստային վկայագրերի գրանցամատյաններում և համապատասխանում են սույն համաձայնագրի պահանջներին, փոխադարձաբար ճանաչվում են անդամ պետությունների կողմից։ Համաձայնագրով նախատեսվում են պահեստային վկայագրերի շրջանառության և մարման միասնական մոտեցումները, պահպանման հանրային պայմանագրի պահանջները, որով կարգավորվում են պահեստի և գյուղատնտեսական արտադրանքի սեփականատիրոջ միջև հարաբերությունները, սահմանվում են պահեստների և պահեստային վկայագրերի նկատմամբ պարտավորությունները կարգավորող, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի պահպանման կանոնների, անվտանգության պահանջների և գյուղատնտեսական արտադրանքների որակական ու քանակական հաշվառման վարման և վերահսկողության վերաբերյալ դրույթները, պահեստային վկայագրով պահանջվող պարտադիր տեղեկատվությունը, պահեստային վկայագրերի և պահեստների վերաբերյալ տեղեկատվության ինտերնետային հասանելիության ապահովումը։

Այլ որոշումներ. փախստական ընտանիքները կսեփականաշնորհեն իրենց զբաղեցրած բնակելի տարածքները

Կառավարությունն ընդունել է «1988-1992 թթ.-ին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձի կողմից զբաղեցրած բնակելի տարածքը սեփականաշնորհելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` ք. Երևան, Մոլդովական փողոց 29/1, ք. Երևան, Շիրակի փողոց 2/32, ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Հատիսի փողոց 4-րդ նրբանցք, Ճարտարագիտական քոլեջի հանրակացարան հասցեների Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիները դիմումներ են ներկայացրել՝ խնդրելով իրենց ընտանիքի կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականության իրավունքով տրամադրել իրենց ընտանիքներին: Որոշման ընդունման արդյունքում՝ երկար տարիներ հանրակացարաններում բնակվող փախստական ընտանիքները կապահովվեն բնակարաններով:

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեի մասին օրենքում, փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՊԵԿ-ի Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ բաժնի մաքսային հսկողության և ձևակերպումների, մաքսային հսկողության և սպասարկման բարելավման, տրանսպորտային միջոցների հոսքերի արդյունավետ կազմակերպման նպատակով վերակառուցման աշխատանքների, Հյուսիսային մաքսատուն վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի, ինչպես նաև մի շարք էլեկտրոնային համակարգերի ներդրման և նոր սերվերային համակարգերի ձեռքբերման համար։

Գործադիրի որոշմամբ գումար կտրամադրվի «Երևաննախագիծ» ՓԲԸ-ին՝ արդեն իսկ սկսված Երևանի բուսաբանական այգու տարածքում անտառպուրակի կառուցապատման աշխատանքների նախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքներն ավարտելու և նախագծի փորձաքննության ծառայություններն իրականացնելու համար:

Կառավարության որոշումներով նախատեսվում է Առողջապահության նախարարությանն ամրացված շտապ օգնության մեկական մեքենա հետ վերցնել և նվիրատվության իրավունքով տրամադրել Եղեգնաձորի և Մարտունու բժշկական կենտրոններին:

Նիստի ավարտին Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նորանշանակ նախարար Ռոբերտ Խաչատրյանին և հաջողություններ մաղթել:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930