Լրահոս
Օրվա լրահոսը

«Համաձայնություն ունենք՝ մետրոյի կայարանների վերազինման եւ Աջափնյակ կայարանի կառուցման ծրագրերն իրականացնելու»․ քաղաքապետ

Ապրիլ 28,2022 15:13

Մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցման եւ մյուս կայարանների վերազինման ծրագրերը հնարավոր է զուգահեռ իրականացնել եւ այդ մասին կառավարության հետ համաձայնություն կա։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Կառավարության այսօրվա նիստում Փաշինյանը հայտարարեց, որ մտնում են Աջափնյակ կայարանի շինարարության փուլ, գումարն էլ հայթայթել են։

«Ինքս Աջափնյակում եմ ապրում, առաջինը ես եմ ուրախ դրա համար»,-ասաց քաղաքապետը։

Հիշեցմանը, որ սա նախընտրական շրջանի խոստում էր, որից հինգ տարի է անցել, հնարավո՞ր է սա կրկին մնա որպես խոստում, Սարգսյանը պատասխանեց․ «Այս պահին խոստման մակարդակից մի քանի քայլ ավել է, քանի որ ունենք արդեն հայտարարված մրցույթ, կնքված պայմանագիր։ Մինչեւ մայիսի տասը կկնքենք հավելյալ համաձայնագիր, համապատասխան ֆինանսական միջոցներ կտրամադրենք աշխատանքները սկսելու համար։ Նախագծման արժեքը 1 մլրդ 844 մլն դրամ է։ Նախագիծը կառավարության հետ համատեղ կիրականացնենք, շինարարական աշխատանքները քննարկման ենթակա են»։

Ինչ վերաբերում է նախընտրական խոստումներին, Սարգսյանն օրինակ բերեց տրանսպորտային ցանցի բարելավման ծրագիրը, տարբեր հանգամանքներ ի հայտ գալու պատճառով ուշացել են․ «Մոտակա օրերին 12 մետրանոց ավտոբուսների պայմանագիր պետք է կնքենք։ 1,5 տարի առաջ էինք նախատեսել, բայց պատերազմի ու քովիդի պատճառով հետաձգվեց։ Կան որոշ բաներ, որ ժամկետների մեջ չեղան»։

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մարտի 31-ին,« Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում ասել էր՝ մետրոյի կայարանի կառուցումը ներկա պահին ճոխություն է։ Նա հայտնել էր, որ ինքը համատեղությամբ նաեւ մետրոպոլիտենի խորհրդի անդամ է, խնդիրներին բավականին մանրամասն է ծանոթ․ «Կարծում եմ, որ այս պահին Աջափնյակ կայարանը մեզ համար ճոխություն է, եւ այն ֆինանսական միջոցները, որոնք հնարավոր լինի հայթայթել, ավելի նպատակահարմար կգտնեի ներդնել գործող համակարգի արդիականացման մեջ։ Գործող շարժակազմում խնդիրներ ունենք, եւ ճիշտ չեմ համարում այդ գումարներով ևս մեկ կայարան կառուցելը»։

 

Լրագրողները քաղաքապետին հիշեցրեցին մոտ 1 ամիս առաջ արած իր հայտարարությունը, ինչին ի պատասխան նա ասաց․ «Ես ասել եմ՝ երկու ծրագրերի՝ մետրոյի նոր կայարանի կառուցման եւ կայարանների վերազինման ծրագրերում եթե պիտի ընտրեինք, ապա ըստ իս, վերազինումը։ Բայց համաձայնություն ունենք՝ երկուսն էլ կարող ենք իրականացնել»։

Անդրադառնալով տրանսպորտային ցանցին եւ նոր ավտոբուսների վճարման համակարգին, Սարգսյանն ասաց՝ այս պահին կառավարման կենտրոն է ստեղծվում, բոլոր ավտոբուսները կահավորված են յոթ տեսախցիկներով, կառավարման կենտրոններում կլինեն օպերատորներ, որոնք ցանկացած պահին վերահսկողություն կիրականացնեն, ծրագիրը թեստավորման փուլում է, հոկտեմբերին կլինի ամբողջական կենտրոնը․ «Վարորդների պայմանները ապահովել ենք, առողջապահական ապահովագրություն ենք նրանց տվել։ Համայնքային հարկատուների գումարած վճարների հաշվին 10 մլրդ ենք տրամադրել եւ ձեռք բերել 210 հատ ավտոբուս։ Պատրաստվում ենք եւս 100 ավտոբուս բերենք, 15 հատ էլ տրոլեյբուս ենք պատրաստվում բերել։ Այս բոլորը հավաքագրված գումարներով»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930