Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն ռուսական գազին այլընտրանքի փնտրտուքի մեջ է․ ո՞ր երկրներն են դիտարկվում. Արտակ Մարկոսյան

Ապրիլ 28,2022 14:50

Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության սկզբից ի վեր ԵՄ երկրներն ընդունել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների ռեկորդային փաթեթ։ Եվ եթե տնտեսական հարթությունում Բրյուսելին հաջողվեց միասնականացնել Միության անդամ բոլոր երկրներին, ապա էներգետիկ ոլորտում սահմանափակող միջոցները դեռևս որոշակի անորոշություններ են պարունակում։

Մինչ հակամարտության սկիզբը Ռուսաստանին բաժին էր ընկնում Եվրոպա բնական գազի մատակարարումների մինչև 46%-ը, և ԵՄ երկրները, հատկապես Գերմանիան և Ֆրանսիան, հասկանում են, որ կարճաժամկետ հեռանկարում ռուսական էներգիայի աղբյուրներին այլընտրանքային մատակարարումների հարցը բարդ է լինելու:

Առաջին տարին չէ, որ ԵՄ երկրները քննարկում են Ռուսաստանից էներգակիրների մատակարարման կախվածության նվազեցման մասին հարցը։ Օրակարգի առանցքում երկու խնդիր կա՝ ինչպես նվազեցնել կախվածությունը ռուսական գազի ներկրումից և ինչպես էներգետիկ ոլորտը դարձնել «կանաչ»:

Իրականում Եվրոպայի կախվածությունն էներգետիկ ռեսուրսներից միայն աճում է, ինչը սկզբունքորեն բնորոշ է ոչ միայն Հին աշխարհին, այլ ողջ աշխարհին։ Համաշխարհային տնտեսությունը վերականգնվում է համաճարակից, քամու, արևային էներգետիկան դեռևս կախված են կլիմայական շրջադարձերից։ Այս գործոններն անխուսափելի են դարձնում ածխածնի օգտագործումը: Ընդհանուր առմամբ Եվրամիության կախվածությունը բնական գազի ներկրումից վերջին 30 տարիների ընթացքում մշտապես աճել է։

Համաձայն վիճակագրական տվյալների՝ միայն 2021թ․ ԵՄ-ում բնական գազի մոտ 84%-ը ստացվել է ներմուծումից. մեկ տարի առաջ այս ցուցանիշը կազմում էր 90%։ 1990թ․ Եվրամիությունը ներմուծել է իր սպառած բնական գազի մոտ 52%-ը։

Եվրոպա էներգակիրների մատակարարումների աշխարհագրությունը հսկայական է։ Բացի Ռուսաստանից, որին բաժին է ընկնում ներմուծման հիմնական մասը, գազը, նավթը և ածուխը Հին աշխարհ են գնում ԱՄՆ-ից, Քաթարից, Նիգերիայից և այլ երկրներից: Եվրամիությունը հույս ունի շուտով բացառել ռուսական գազն այս ցուցակից և անցում կատարել մատակարարումների այլ տարածաշրջաններից։

Եվրամիությունը դիտարկում է գազի մատակարարման ավելացման մի քանի աղբյուրներ, որոնցից առաջնային երկրներն են՝ Նորվեգիան, Ալժիրը, ԱՄՆ-ը, Քաթարը և Նիգերիան։

1 ՆՈՐՎԵԳԱԿԱՆ ԳԱԶ

Սկանդինավյան այս երկիրը Ռուսաստանից հետո Եվրամիություն գազ մատակարարող երկրորդ երկիրն է, նրան բաժին է ընկնում Եվրոպային անհրաժեշտ գազի մատակարարումների 20,5%-ը։

Ռուս-ուկրաինական ճգնաժամի սկզբից ի վեր նորվեգական գազ արդյունահանող ընկերությունները վստահություն են հայտնել, որ կարճաժամկետ հեռանկարում կկարողանան ավելացնել տարեկան գազի արտահանումը ԵՄ 20 միլիարդ խորանարդ մետրով, սակայն առկա են որոշ դժվարություններ, որոնց կարող են հանդիպել գազի մատակարարումների ավելացման ժամանակ։

Վերջերս նորվեգական Equinor’s Troll գազի հանքավայրում վերամշակման հզորության հետ կապված խնդիրներ են առաջացել։ Հաջորդը Համերֆեստում ընկերության 5 միլիարդ խորանարդ մետր ծավալով հեղուկ գազի գործարանի վերագործարկումն է, որը շահագործումից հանվել է 2020թ․ հրդեհից հետո:

Բացի այդ հայտնի է դարձել, որ գերմանական Wintershall Dea և Gassco ընկերությունները հայտնաբերել են որոշակի խնդիրներ Նորվեգիայից Գերմանիա մատակարարվող հեղուկ գազի տերմինալներում։
Ներկայումս Գերմանիան և Նորվեգիան հնարավորություններ են փնտրում այլ երկրներով գազի լրացուցիչ ծավալները տեղափոխելու համար. թեկնածու է դիտարկվում Մեծ Բրիտանիայի Սենտ Ֆերգուս տերմինալը։ Երկրորդ խնդիրն այն է, որ եթե 2030թ․-ից Նորվեգիայում նոր գազային հանքավայրեր չհայտնաբերվեն, գազի արդյունահանման կտրուկ նվազում կարող է արձանագրվել։ Միաժամանակ, եթե հնարավոր լինի հայտնաբերել նման հանքավայրեր, Արևմտյան Եվրոպայի երկրները և Նորվեգիան պետք է կառուցեն նոր ենթակառուցվածք թողունակությունն ապահովելու համար:

Մայրցամաքային Եվրոպայի երկրները մեծ հույսեր են կապում նաև Նորվեգիայից կառուցվող Baltic Pipe գազատարի հետ, որը պետք է Լեհաստանը միացնի Դանիայի տարածքով նորվեգական գազի մատակարարմանը։

2 ԱԼԺԻՐՅԱՆ ԳԱԶ

Ալժիրը Եվրոպա գազ մատակարարող երրորդ երկիրն է։ Ալժիրի արտահանման մոտ 83%-ը դեպի Հին աշխարհ է, ընդ որում, երկու հիմնական ուղղություններն են Իսպանիան և Իտալիան. 2021թ․ այս երկրներին բաժին է ընկել Ալժիրի արտահանման 65%-ը: Ընդհանուր առմամբ, ալժիրյան գազի մասնաբաժինը ԵՄ ընդհանուր սպառման մեջ կազմում է 11,6%:

Հյուսիսաֆրիկյան պետությունը վերջին տասնամյակի ընթացքում հետևողականորեն ավելացրել է իր արտահանումը Եվրոպա՝ 2021թ․ մատակարարելով 55 միլիարդ խորանարդ մետր: Ներկայումս Ալժիրից Եվրոպա կա երեք գազատար, որոնցից միայն երկուսն են գործում՝ Իտալիա տանող «ՏրանսՄեդ» ստորջրյա խողովակաշարը և Ալժիրն Իսպանիային կապող «ՄեդԳազ» ստորջրյա խողովակաշարը: Ալժիրի հիմնական խնդիրն արտահանման ավելացման առումով արտադրական անբավարար հզորությունն է։

Ալժիրի ազգային նավթային ընկերության՝ Sonatrach-ի ղեկավար Թաուֆիք Հաքքարի խոսքով՝ երկրում արդյունահանումը շուտով կկենտրոնանա գազի ներքին կարիքների և ընթացիկ արտահանման պարտավորությունների վրա: Միաժամանակ Հաքքարն ասել է, որ երկիրը պատրաստ է մեծացնել նավթի ու գազի մատակարարումները Եվրոպա, եթե ռուսական արտահանումը չբավարարի Բրյուսելի կարիքները։

2013-2018թթ․, ըստ Oxford Energy-ի, Ալժիրի ներքին գազի սպառումն աճել է մոտ 10%-ով։ Այլ կանխատեսումների համաձայն՝ մինչև 2028թ․ այն կաճի ևս 50 տոկոսով։ Ալժիրցի պաշտոնյաները բազմիցս խոստովանել են, որ արտահանումը կարող է սահմանափակվել։

Չնայած մի քանի նախագծերի մեկնարկից հետո գազի արդյունահանման աճին՝ այդ թվում Հասի-Ռմել գազային կոնդենսատային հանքավայրում Ալժիրի տնտեսությունը դեռևս անկայուն է։ Երկրում աշխատողների բողոքի ցույցերի և գործադուլների ալիք է: 2021թ․ փետրվարից վերսկսվել են զանգվածային հակակառավարական ցույցերը։ «Հիրակ» ընդդիմադիր շարժման ներկայացուցիչները պահանջում են նախագահ Աբդելմաջիդ Թեբունի հրաժարականը և դեմ են Ալժիրի զինված ուժերի ներքաղաքական իրավիճակի վրա ստվերային ազդեցությանը։ Կոռուպցիոն սկանդալ է ծավալվում հենց Sonatrach-ի շուրջ, որը, ըստ S&P Global-ի վերլուծաբանների, կարող է վտանգել երկրում նավթի և գազի արդյունահանումը։

3 ԱՄԵՐԻԿՅԱՆ ԳԱԶ

2021թ․ դրությամբ ԱՄՆ-ը Եվրոպային գազ մատակարարող չորրորդ երկիրն է։ Նրանք ԵՄ-ին մատակարարում են եվրոպացիների գնած գազի ընդհանուր ծավալի միայն 6,3%-ը։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ին բաժին է ընկնում եվրոպական հեղուկ գազի ներմուծման 26%-ը, ինչն ԱՄՆ-ին դարձնում է առաջատար այս ցուցանիշով։ Վերջին կանխատեսումների համաձայն՝ այս թվերը միայն աճելու են։ Այնուամենայնիվ, հեղուկ գազը կազմում է Եվրոպայի գնվող ընդհանուր գազի միայն 26%-ը։

Ռուս-ուկրաինական ճգնաժամից որոշ ժամանակ անց ԱՄՆ-ը և ԵՄ-ը հայտարարեցին հեղուկ գազի մատակարարման նոր խոշոր գործարքի մասին, որը նպատակ ունի նվազեցնել Եվրոպայի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից:

Պայմանագրի համաձայն՝ մինչև տարեվերջ ԱՄՆ-ը Եվրոպային կմատակարարի լրացուցիչ քանակությամբ «կապույտ վառելիք», որը համարժեք է գազի այն ծավալի 10%-ին, որը ներկայումս ԵՄ երկրները ստանում են Ռուսաստանից։

ԱՄՆ-ը նաև ասել է, որ նպատակ ունի մինչև 2022թ․ վերջը ԵՄ մատակարարել 15 միլիարդ խորանարդ մետր գազ, իսկ հետո այդ ծավալները կարող են ավելի մեծանալ։ Մինչ Ռուս-ուկրաինական պատերազմի սկիզբը Ռուսաստանը ԵՄ տարեկան արտահանում էր մոտ 155 մլրդ խմ բնական գազ։

Մեկ այլ խնդիր կապված է այլ երկրների հանդեպ ԱՄՆ պայմանագրային պարտավորությունների հետ: Բացի Եվրոպայից ամերիկացիները գազ են վաճառում Չինաստանին, Ճապոնիային և Հնդկաստանին։ ԱՄՆ-ից արտահանվող գազի մեծ մասն արդեն երկարաժամկետ պայմանագրերով գնորդներ ունի։ ԱՄՆ արտահանման տերմինալները գործնականում աշխատում են սահմանափակ հզորությամբ:

Վերջին հաշվով ԱՄՆ-ը դեռևս չունի ավելի շատ գազ արտահանելու հնարավորություն, մինչդեռ Եվրոպան չունի ավելի շատ ներկրելու հնարավորություն տերմինալների բացակայության պատճառով։

Այս իրավիճակում երկրորդ պլան են մղվում նաև կլիմայական անհանգստությունները, քանի որ ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջնորդները ձգտում են պատժել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինա ներխուժելու համար՝ նրան զրկելով էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտներից։

4 ՔԱԹԱՐԱԿԱՆ ԳԱԶ

ԵՄ-ի համար ավելի բարդ իրավիճակ է Քաթարից մատակարարումների հետ կապված, որոնք 2021թ․ կազմում էին եվրոպական ներմուծման 4,3%-ը։

Քաթարցի պաշտոնյաները տեսակետ են հայտնել, որ եթե Ռուսաստանը որոշի դադարեցնել գազի մատակարարումը ԵՄ-ին, ո՛չ Քաթարը, ո՛չ էլ որևէ այլ երկիր ներկայումս ի վիճակի չեն փոխարինել ռուսական գազի մատակարարումները Եվրոպա հեղուկացված բնական գազի տեսքով։

Նրանց խոսքերով՝ քանի որ Քաթարի գազի մատակարարումների մեծ մասը պայմանավորված է երկարաժամկետ պայմանագրերով, հիմնականում կատարվում են ասիական գնորդների հետ, երկիրը կկարողանա առավելագույնը 10-15 տոկոսով ավելացնել արտահանումը Եվրոպա։

5 ՆԻԳԵՐԻԱԿԱՆ ԳԱԶ

Նիգերիային բաժին է ընկնում եվրոպական գազի ներմուծման 3,1%-ը, և Ռուս-ուկրաինական հակամարտության խորապատկերին երկիրն արդեն պատրաստակամություն է  հայտնել մեծացնել գազի մատակարարումները Եվրոպա։ Դրա դիմաց Նիգերիայի էներգետիկայի նախարար Տիմիպրե Սիլվան կոչ է արել Shell, Eni և Total Energies ընկերություններին ավելացնել իրենց ներդրումները Նիգերիայի գազի ոլորտում։

Ամենայն հավանականությամբ՝ խոսքը 4000 կմ երկարությամբ (2485 մղոն) Տրանս-Սահարա գազատարի կառուցման մասին է, որը հայտնի է նաև «Նիգալ» անունով։ Սպասվում է, որ շինարարության ավարտից հետո այն տարեկան մինչև 30 միլիարդ խորանարդ մետր գազ կտեղափոխի Ալժիր, իսկ հետո միայն Եվրոպա։ Օբյեկտի շինարարությունը վերսկսվել է միայն 2021թ․ հունիսին տարածաշրջանում լարված քաղաքական իրավիճակի պատճառով։ Գազատարի շահագործման ժամկետները դեռևս հայտնի չեն։

Արտակ ՄԱՐԿՈՍՅԱՆ

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, ժողովրդագետ

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930