Լրահոս
Օրվա լրահոսը

Վեճ՝ ռեկտորի եւ ցուցարարների միջեւ․ «Եթե մեկն ապացուցի, որ Արցախի դրոշ չդնելը դավաճանություն է, ուրեմն նա ստորի ծնունդ է»

Ապրիլ 28,2022 14:09

«Երիտասարդի ձայնը» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր եւս շրջում է երեւանյան բուհերում, տեղադրում Արցախի դրոշը եւ ուսանողներին կոչ անում բարձրաձայնել, որ համաձայն չեն Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու իշխանության հայտարարությունների հետ։

Երիտասարդները «զարթնիր, ուսանող» կոչերով շրջեցին Ալեք Մանուկյան փողոցում գտնվող ուսումնական հաստատությունների բակերում։ «Խնդրում եմ դուրս գալ, սա համալսարան է, պետք է գիտակցել։ Դուրս եկեք, իրավունք չունեք»,-Հյուսիսային համալսարանի մուտքում ասաց ռեկտոր Մհեր Մակիչյանը՝ ցուցարարներին հորդորելով դուրս գալ։ Վերջիններս, սակայն, վազելով վերեւ՝ կոչերը շարունակեցին համալսարանի ներսում եւ հայտարարեցին․ «Իշխանությունը ցանկանում է հանձնել Արցախը։ Մենք՝ ուսանողներս, չպետք է համաձայնենք այդ իրողության հետ։ Ուսանող, զարթնիր»։

Մակիչյանը նորից պնդեց, որ ցուցարարները դուրս գան․ «Ձեր ձայներից զարթնողն արդեն զարթնել է, մի մարդու նման դուրս եկեք։ Դուք չեք որոշելու, թե այստեղ ինչ կատարվի, դուրս եկեք»։ Ցուցարարները պնդեցին, որ կհեռանան միայն Արցախի դրոշը տեղադրելուց հետո։

 

Մհեր Մակիչյան-Իրավունք չունեք պարտադրել։ Ո՞ր օրենքով։

Ցուցարարներ-Արցախի դրոշը պետք է պարտադիր բարձրացվի համալսարաններում։

Մհեր Մակիչյան-Դուք չեք որոշելու, թե մեր համալսարանում ինչ միջոցառում լինի։

Իրավիճակը լարվեց, Մհեր Մակիչյանը վրդովվեց ու բղավեց, որ դուրս գան։ Միջամտեցին ոստիկանները։

Մհեր Մակիչյան-Սա հանրային տարածք չի, այլ ուսումնական հաստատություն։

Ցուցարարներ-Ուզում եք ասել, որ Արցախի դրոշը ձեր դրոշը չի՞։

Մհեր Մակիչյան-Մի ձեւախեղեք խոսքերս։

Ոստիկանների թիվն ավելացավ, նաեւ կարմիր բերետավորներ հայտնվեցին։ Ցուցարարներն, այնուամենայնիվ, հայտարարեցին, որ Արցախի դրոշը պետք է ծածանվի համալսարանի պատուհանից։

Ցուցարար-Ովքեր չեն ուզում Արցախի դրոշ տեղադրվի, պատրաստ են կզել թուրքի առաջ։

Մհեր Մակիչյան-Այ ընկեր ջան, դու կզի, դո՜ւրս արի։

 

Ի վերջո, ոստիկանները պնդեցին, որ ցուցարարները լքեն համալսարանի միջանցքը։ Արդեն դրսում երիտասարդներից մեկը բարձրախոսով դիմեց ուսանողներին եւ ասաց՝ ղեկավարությունը թույլ չտվեց Արցախի դրոշը տեղադրել համալսարանում․ «Ձեր ղեկավարը թրքամետ է եւ համաձայն է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Ամոթ, ամո՜թ»։

Մեկ տասնյակից ավելի ոստիկաններ փակեցին համալսարանի մուտքը։ Ռեկտորը նորից ընդառաջ եկավ ուսանողներին եւ ասաց՝ եթե դրոշ դնելով հարցը լուծվելու է, ապա ողջ հանրապետության պատշգամբներից պետք է դրոշներ կախել․ «Ուշադիր լսեք՝ նման քայլի իրագործումը մեր համալսարանում համարում ենք ոչ նպատակահարմար»։

Մհեր Մակիչյանը բորբոքված բղավեց․ «Եթե մեկը կարող է ստորագրել ու ապացուցել, որ Արցախի դրոշ չդնելը դավաճանություն է, ուրեմն նա ստոր ծնունդ է, ստորի ծնունդներ են։ Բա ի՞նչ է նշանակում «դրոշ չդնողը դավաճան է»․․․ձեր որոշումները մեր միջավայրում մի իրագործեք, սա մասնավոր հաստատություն է»։

Ցուցարարներն ի պատասխան բղավեցին «ամո՜թ»։ Այնուհետեւ ցուցարարներից մեկը դրոշը ցանկացավ համալսարանի դիմաց գտնվող ծառին ամրացնել, սակայն, ենթադրաբար, հարմար չեղավ․ արդյունքում դրոշն ամրացվեց մետաղյա սյանը։ Ցուցարարները համալսարանի դիմաց նստացույց արեցին։

Քիչ անց ռեկտորը նորից մոտեցավ, բորբոքված բացատրեց, որ պետական դրոշը պետական խորհրդանիշ է, պետական միջոցառումների համար է։ Ցուցարարներն ի պատասխան պնդեցին իրենց մոտեցումը եւ ռեկտորին մեղադրեցին հայամետ չլինելու մեջ։

Երթը շարունակվեց նաեւ Ալեք Մանուկյան փողոցում գտնվող Մանկավարժական համալսարանի մասնաճյուղի դիմաց, որի մուտքի մոտ ճերմակ մազերով մի տղամարդ կանչեց ցուցարարներին․ «Արի ստեղ հլը։ Կռվողներից մեկը ես եմ։ Ձեր ղեկավար Ռոբերտ Քոչարյանն ո՞ւր էր, որ Արցախը հանձնում էին»։

Հետո Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի հայկական ինստիտուտի մուտքի մոտ էլ անվտանգության աշխատակիցը ցուցարարներին հորդորեց ղեկավարությունից թույլտվություն ստանալ, որից հետո միայն մտնել համալսարանի տարածք․ «Խնդրում եմ չխանգարել դասապրոցեսը։ Սպասեք, մինչեւ զանգը տա, հարցրեք»։ Արդյունքում դրոշը տեղադրվեց համալսարանի մուտքի մոտ։

Բոլոր համալսարանների դիմաց ցուցարարները հայտարարում էին՝ դրոշ տեղադրելը խորհրդանիշն է նրա, որ համաձայն չեն Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու իշխանության մտադրության հետ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930