Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զոհվածների ծնողները գիշերը լուսացրել են Գլխավոր դատախազության շենքի դիմացի մայթին՝ աթոռների, բետոնե եզրաքարերի վրա

Ապրիլ 28,2022 13:52

Զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները գիշերը անցկացրել են Գլխավոր դատախազության շենքի մոտ: Երեկոյան տուն գնալիս կամ առավոտյան՝ աշխատանքի գալիս, գլխավոր դատախազը կամ դատախազության այլ պաշտոնյաներ զոհվածների ծնողներին չեն մոտեցել: Նրանց չեն այցելել նաեւ ՄԻՊ ներկայացուցիչները, իշխող ուժը ներկայացնող պատգամավորները:

Դատախազության շենքի մոտ գիշերող ցուցարարների թիվը անգամներով շատ գերազանցել է նրանց հսկող ոստիկանների թիվը: Զոհվածների հարազատներին չեն թույլատրել վրան տեղադրել, գիշերը նրանք լուսացրել են դատախազության շենքի դիմացի մայթին՝ աթոռների, բետոնե եզրաքարերի վրա:

Հիշեցնենք, երեկ զոհվածների հարազատները հայտարարեցին, որ հնգօրյա նստացույց են անցկացնելու գլխավոր դատախազության շենքի մոտ: Հիշեցնենք նաեւ, որ 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները Շառլ Ազնավուրի հրապարակից շարժվեցին դեպի Գլխավոր դատախազության շենք , նրանք պահանջում են, որ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող գործի շրջանակներում զոհվածները տուժողի կարգավիճակ ստանան, իսկ նրանց հարազատները՝ տուժողի իրավահաջորդի: Նաեւ՝ Նիկոլ Փաշինյանը՝ մեղադրյալի կարգավիճակ ստանա եւ խափանման միջոց ընտրվի կալանավորումը: Այս ամենը հետեւում է ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում ունեցած ելույթից: Գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտեին, որի շրջանակներում է քննվում գործը, բավարարել դիմումները: Սահմանված կարգի համաձայն՝ դիմումները պետք է քննվեն հնգօրյա ժամկետում, ծնողները պահանջում են, որ անհապաղ քննություն իրականացվի:

«Ես կանխավարկած ունեմ, որ իրենց ասած հնգօրյա ժամկետում Նիկոլ Փաշինյանը հանրապետությունը կլքի. տեսնում եք՝ ի՞նչ է կատարվում, ամբողջ օրը պարալիզացնող ցույցերը թափ են հավաքում: Գլխավոր դատախազի խորհրդականից երաշխիքներ պահանջեցի, որ Փաշինյանը չի լքի հանրապետությունը, նա ասաց՝ չի կարող երաշխիքներ տալ»,- մեզ հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի հարազատ Արսեն Ղազարյանը՝ հայտարարելով, որ իրենց պահանջը՝ հրատապ կարգով հարցերին լուծում տալ, օրակարգում է:

Արսեն Ղազարյանը տեղեկացրեց նաեւ, որ կան ծնողների խմբեր, որոնք նախկինում չէին միանում իրենց բողոքին, արդեն միացել են:

Այսօր ժամը 14.00-ին դիմումների անհապաղ քննության պահանջով կրկին ցույց տեղի կունենա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930