Մտնում ենք մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի շինարարության փուլ։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հիշեցրեց, որ Աջափնյակ կայարանի կառուցումը 2017-ին ավագանու ընտրություններին իրենց խոստումն է եղել:
«Եվ ահա մենք, ըստ էության, սկսել էինք գործնական փուլն եւ այսօր ավելի գործնականացման հաջորդ քայլն ենք անում։ Հայտարարվել էր մրցույթ կայարանի նախագծման վերաբերյալ եւ մրցույթի արդյունքներով կա հաղթող։ Այսօր մենք քննարկում ենք արդեն ֆինանսավորելու հարցը, որպեսզի կոնկրետ նախագծողը նախագծի մետրոյի Աջափնյակ կայանի նախագիծը, ինչը նշանակում է մտնում ենք շինարարության փուլ»,-ասաց Փաշինյանը։
Այս հարցը սկզբնական շրջանում նախատեսված էր կառավարության որոշմամբ հաստատել, սակայն այսօր կառավարությունը որոշեց այլ ընթացակարգով գնալ եւ ինչպես ներկայացրեց Փաշինյանը, կառավարությունը պետք է նախագծումը ֆինանսավորի, բայց վերջերս մի քրեական գործի շրջանակներում այլ հնարավորություն ստեղծվեց․ «Մենք տեսանք, որ վերջերս քրեական մի գործի շրջանակներում Երեւան քաղաքին հասցված շուրջ 850 մլն դրամ վնասի փոխհատուցում է տեղի ունեցել, եւ քննարկումների արդյունքում որոշվեց, որ այդ գումարից 750 մլն դրամը Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ ուղղենք այդ նպատակին։ Քրեական գործը վերաբերում էր «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության գործունեության հետ կապված մի դրվագի»։
Կարդացեք նաև
Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ ասաց, որ 2021-ին պայմանագիր է կնքվել նախագծող կազմակերպության հետ, նախագծելու համար 510 օր է նախատեսված, բայց նախագծողը հայտնել էր, որ ժամկետից շուտ էլ կիրականացնեն․ «Նախագիծը երեք փուլով է լինելու, այս ֆինանսական միջոցների հաշվին հնարավորություն կունենանք առաջին երկու փուլերի աշխատանքները ֆինանսավորել։ Խնդրում եմ ձեր հանձնարարականը, որ հիմիկվանից սկսենք աշխատել նախագծման երրորդ փուլի ֆինանսավորման աղբյուրները հայթայթելու ուղղությամբ, ինչպես նաեւ արդեն մետրոպոլիտենի կառուցման հետ կապված ենթադրում եմ, որ միջնաժամկետ ծրագրերի ծախսերում այդ ֆինանսական տեղեկատվությունը պետք է արտացոլվի, որպեսզի կարողանանք նախագծի ավարտից հետո շինարարության մեկնարկ տալ»։
Քաղաքապետն ասաց, որ մետրոպոլիտենում տարիներով կապիտալ ներդրումներ չեն իրականացվել, եւ սուբսիդավորվող կազմակերպություն է․ «Մետրոպոլիտենի ծածկույթը մեկ ուղեւորի հաշվով 213 դրամ է, որի մեջ կապիտալ ծախսերը ներառված չեն։ Այս մասով հասկանանք՝ ֆինանսավորման ինչ աղբյուրներ է հնարավոր հայթայթել, որ կայարանները վերազինենք»։
Վարչապետն ասաց, որ նոր կայարանի նախագծման աշխատանքների համար ավելի քանի 1 մլրդ դրամ է ծախսվելու, եւ ենթադրվում է, թե մոտավոր ինչ կարժենա մետրոյի կայարանի կառուցումը։ Քաղաքապետն ասաց՝ ասում են շուրջ 50 մլն դոլար կարող է լինել՝ հաշվի առնելով տարբեր նախադեպեր, ինչպես նաեւ ԱՆԻՖ-ի հետ քննարկվում է, որ հնարավորություն լինի այդտեղ տարբեր ներդրումային պրոյեկտների միջոցներով պետական ներդրման չափերն ինչ-որ ձեւ մեղմացնել։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ