Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վրաերթի ենթարկված հղի կինը չի ենթարկվել ոստիկանին, ձեռքը տնկած՝ շարունակել է հատել փողոցը. փաստաբանը վկայակոչում է տեսագրությունները

Ապրիլ 28,2022 13:14

Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում հղի կնոջը վրաերթի ենթարկած մայորին դեռեւս մեղադրանք չի ներկայացվել, նա դեռեւս չի հարցաքննվել, գտնվում է ձերբակալման մեջ: Չեն եղել քննչական գործողություններ: Այս մասին Aravot.am-ին հայտնեց նրա ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը:

Ըստ նրա՝ վրաերթի ենթարկողը դեռեւս չի հայտնել դեպքի հանգամանքները, թե ինչ պայմաններում է վրաերթը եղել: Փաստաբանի խոսքով, միայն հայտնել է, որ շատ է ցավում հղի կնոջ մահվան համար: Մեր զրուցակցի խոսքով, քանի դեռ իր վստահորդը չի խոսել, ինքը ձեռնպահ կմնա մեկնաբանություններ տալուց:

Ռուբեն Բալոյան

Փաստաբանից հետաքրքրվեցինք՝ դիտելով համացանցում տարածված դեպքի տեսագրությունները, ինչ է եզրահանգել. տեսնո՞ւմ է վրաերթ անող Արամ Նավասարդյանի մեղավորությունը:

Արամ Նավասարդյանի լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

«Նայել եմ՝ կարգավորողը՝ ձեռքերը պարզած կողք, աջ ձեռքն էլ պտտում է, այսինքն՝ ուղեկցողին ասում է՝ արագացրու, անցի: Իսկ դեմքի մասով կանգնած է դեպի Լեոյի փողոցի ուղղությամբ, ինչը նշանակում է, որ բոլոր երթեւեկության մասնակիցներն անխտիր, ներառյալ` հետիոտները պարտավոր են ղեկավարվել կարգավորողի ազդանշաններով: Նույնիսկ այն դեպքերում, եթե դրանք հակասում են լուսացույցի ազդանշաններին ու ճանապարհային նշանների կամ գծանշումների պահանջներին»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը:

Սոնա Մնացականյան

Մեր դիտարկմանը, թե տեսագրությունների համաձայն՝ կինն անցնում էր հետիոտնի համար սահմանված վայրով ու կանաչ լույսի տակ եւ վրաերթի ենթարկող մեքենան շատ արագ սլացավ, ինչի դեպքում վրաերթն անխուսափելի էր, փաստաբանը չհամաձայնեց. «Չէ, դուք այնքան էլ լավ չեք տեսնում: Ես ուրիշ բան եմ տեսնում, դուք՝ ուրիշ բան: Ես տեսնում եմ, որ տեսուչը ինչ-որ մի բան է ասում հենց այդ աղջկան: Տեսնում եմ, որ այդ աղջիկը, ինձ մոտ տպավորություն է, որ չի ենթարկվում, շարունակում է ճանապարհը հատել: Ես նման բան եմ տեսնում: Նույնիսկ ինչ-որ մի անհասկանալի բան, իր դուրը չի գալիս, քանի որ ինքը ձեռքը պարզում է դեպի տեսուչը: Երեւի 30 անգամ այդ տեսանյութը նայեցի: Դրանից հետո այդ աղջիկը շարունակում է հատել փողոցը եւ գրեթե մի գոտին ամբողջությամբ հատում է, դուրս է գալիս վրաերթ կատարող մեքենայի ընթացագոտուց: Ինձ համար անհասկանալի է, թե ինչու է ինքը մոտ երեք քայլ հետ գալիս»:

Մեր դիտարկմանն ի պատասխան, թե որոշ մեկնաբանությունների համաձայն, մեքենան հենց այդ կնոջ ուղղությամբ էր գալիս, հետքայլով կինը փորձել է խուսափել վրաերթից, սակայն իր ուղղությամբ եկող մեքենայի վարորդն էլ է փոխել ուղղությունը, փաստաբանը շարունակեց. «Ով ինչ ուզում է մեկնաբանի՝ իրենց իրավունքն է: Դրանք ոչ պրոֆեսիոնալ մեկնաբանություններ են: Եթե նույնիսկ հատում է փողոցը, ինքը պետք է ազատի ճանապարհը, ոչ թե մի հատ էլ կանգնի, ձեռքը տնկի ու հետ գա»:

Մեր հարցին՝ տեսագրությունները դիտելիս մեծ արագություն նկատե՞լ է իր վստահորդի կողմից, փաստաբանը պատասխանեց. «Էդ Ձեզ է թվում, որ դա մեծ արագություն է, սովորական մի 60 արագություն է, ձեզ է թվում: Ուղղակի մեր աչքն այնքան է սովորել, որ քաղաքը գյուղ է դարձել , որ 20-ով երթեւեկեն, դրա համար էլ ամբողջ քաղաքում խցանում է: Հենց թույլատրելի 60-ով երթեւեկում են, բոլորի աչքին թվում է արագություն: Ուզում եմ՝ օբյեկտիվ մեկնաբանվի, լիքը մարդ կա այսօր, որ կրակի վրա բենզին է լցնում…եկեք դա սովորական վրաերթի հետ մի նույնացրեք, ի վերջո, տվյալ անձը դասակի հրամանատարն է, վարչապետին ուղեկցող դասակի, դա առաջին մեքենան է, որը ճանապարհ է բացում: Յուրաքանչյուր նորմալ երկրում, երբ իրենց երկրի ղեկավարը գալիս է, բոլորը հարգելով կանգնում են, ոչ թե պետք է տեսուչներ կանգնեցնես, որ մի հատ ձեռքներից բռնեն, որ ճանապարհը հանկարծ չհատեն: Մենք երկու մատի արանքով ենք նայում այդ հարաբերություններին, դրա համար էլ նման դժբախտ դեպքեր են լինում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930