Լրահոս
Օրվա լրահոսը

Արագած Ախոյան. «Մոտ վեց կարմիր գլխարկավոր հարձակվեցին ու սկսեցին հարվածել մեքենային ու դիմապակին կոտրեցին»

Ապրիլ 28,2022 12:47

Երեկ տեղեկություն էր տարածվել, որ Ազատության պողոտայում բողոքի ցույցի ժամանակ ոստիկանները կոտրել են ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի որդու ավտոմեքենայի դիմապակին:

Ինքը՝ Արագած Ախոյանը, կատարվածի մասին Aravot.am-ին պատմեց հետեւյալը. «Ազատության պողոտայում, «Ռեդիսոն» հյուրանոցի առջեւ անհնազանդության ակցիա էր, որին մասնակցում էինք բոլորս: Ագրեսիա չկար, սակայն ոստիկանությունը անհասկանալի կերպով սկսեց ուժ կիրառել: Ակցիայի մասնակիցները կանգնեցին ու քաշքշուկ սկսվեց: Այդ պահին հայտնվեց տղայիս մեքենան: Երեւի եկել էր իմ հետեւից, բայց չհասցրեց: Մեքենայի առջեւ մարդիկ կային նստած: Ոստիկանները դիմեցին, որդուս՝ «քշի, արա, քշի, արա»: Բայց ինչպե՞ս, ո՞ւր քշեր մարդկանց վրա: Մի պահ կանգնեց ու այդ պահին մոտ վեց կարմիր գլխարկավոր հարձակվեցին ու սկսեցին հարվածել մեքենային ու դիմապակին կոտրեցին: Ասես, ժողովրդի մուռը հենց մեքենայից էին հանում: Դեմքերը ֆիքսված են ու պատասխանատվության պետք է ենթարկվեն: Կատարվածի առիթով կյանքումս առաջին անգամ հանցագործության մասին հաղորդում եմ տվել:

Հետո ինձ բերման ենթարկեցին ոստիկանության Արաբկիրի բաժին: Ավելի ուշ այնտեղից իմ վրա մեկ այլ գործով՝ իբր, բռնության կոչեր եմ հնչեցրել, գնացի Կենտրոն բաժին, որտեղ ինձ սպասում էին:

Վերջերս նկատել եմ, որ ոստիկանության վերաբերմունքը կոշտացել է, հավանաբար, հրամանով: Նախկինում էլ բողոքի ակցիաներ արել ենք ու երբեք այսպիսի վերաբերմունք չի եղել: Բայց հաջողության չեն հասնելու: Մենք էլ մեր անելիքը գիտենք»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930