Լրահոս
Օրվա լրահոսը

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեններից մեկի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Ապրիլ 28,2022 12:34

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲ ընկերության գլխավոր հաշվապահի կողմից առանձնապես խոշոր չափերով գումար յուրացնելու, ինչպես նաև նույն ընկերության տնօրենների կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու դեպքերի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲ ընկերության գլխավոր հաշվապահը, օգտվելով այն հանգամանքից, որ նշված ընկերության տնօրեններն իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով չեն կատարել իրենց պարտականությունները, 2019 թվականի սեպտեմբերից մինչև 2020 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում օգտագործելով ՀՀ-ում գործող բանկերից մեկի կողմից նրանց տրամադրված էլեկտրոնային բանալին՝ 105 գործարքներով ընկերության հաշվեհամարից որպես առ հաշիվ գումար ելքագրել է 348.502.000 դրամ, որից որպես առ հաշիվ տրված գումարի ետ վերադարձ մուտքագրել է 242.200.000  դրամ, իսկ գումարի տարբերություն կազմող՝ առանձնապես խոշոր չափերով 106.302.000 ՀՀ դրամ գումարը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կանխիկացրել և օգտագործել է իր անձնական կարիքների համար։

Նախաքննության ընթացքում ընկերության գլխավոր հաշվապահն ամբողջությամբ վերականգնել է պատճառված վնասը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179֊րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ընկերության տնօրեններից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ընկերության մյուս տնօրենը 2021թ. սեպտեմբերին հատել է ՀՀ պետական սահմանը և չի վերադարձել: Վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2֊րդ մասով, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Ընկերության գլխավոր հաշվապահի և տնօրեններից մեկի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930