Լրահոս
Օրվա լրահոսը

Քովիդ սահմանափակումները վերացվեցին․ կառավարությունը մեղմացնում է կարանտինը

Ապրիլ 28,2022 12:21

ՀՀ մուտք գործելիս որեւէ պահանջ՝ կապված քովիդի դեմ պատվաստման կամ թեստավորման բացասական արդյունքի հետ, այլեւս չի գործի։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Այսօրվա նիստում ընդունվեց որոշում, որով կարանտինային սահմանափակումները մեղմացվում են։

Ըստ այդմ՝ հանվում է պետական սահմանին ցամաքային եւ օդանավակայաններում տեղակայված անցման կետերով մուտք գործելիս ՊՇՌ արագ ախտորոշիչ թեստի հետազոտության եւ պատվաստման հավաստագիր ներկայացնելու պահանջը։ Նախարարի ներկայացմամբ՝ նույն կերպ հանվել է ՔԿՀ-ներում եւ ՊՆ ԶՈՒ-ում սահմանափակումները՝ արձակուրդ մեկնելիս, տեսակցությունների ժամանակ այլեւս թեստ հանձնելու կամ պատվաստման հավաստագիր ներկայացնելու պահանջը չի գործի։

Փոփոխություն է կատարվել նաեւ նախարարի հրամանում, սահմանափակումները կրկին թուլացվել են․ վերացվել է դպրոցներում, մանկապարտեզներում եւ այլ վայրերում միջոցառումների ժամանակ 1,5 մետր հեռավորություն պահպանելու արգելքը եւ աշխատանքի վայրում 7 օրը մեկ ՊՇՌ հետազոտության թեստ կամ պատվաստման հավաստագիր ներկայացնելու պահանջը։

Որոշումը կայացվել է հաշվի առնելով երկրում համաճարակի մեղմ իրավիճակը։

Անահիտ Ավանեսյան

Նախարարն ասաց, որ քովիդով հիվանդացությունը ծանր է ընթանում չպատվաստված քաղաքացիների մոտ։ Նա ներկայացրեց պատվաստման ցուցանիշները՝ առաջին դեղաչափ`50%, ամբողջական դեղաչափ՝ 44.1%-ը, մոտ 50 հազար քաղաքացի ստացել է խթանիչ դեղաչափը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց՝ արդեն բավականին երկար ժամանակ է՝ կորոնավիրուսի համավարակի թվերը եւ իրավիճակն այնպիսին է, որ հանրային եւ քաղաքական ուշադրության չեն արժանանում․ «Բայց ես ուզում եմ խնդրել, որ մեր զգոնությունը չթուլացնենք, որովհետեւ այսօր Չինաստանում կան քաղաքներ, որտեղ լոքդաուն է: Իհարկե դա արվում է այսպես ասած՝ համավարակին վերջնական հարված հասցնելու համար, բայց ոչ ոք չի կարող ասել, թե հաջորդ պահին ինչ տեղի կունենա»։

Նիկոլ Փաշինյան

Վարչապետը ասաց՝ ՀՀ-ում առկա է պատվաստանյութի լայն ընտրություն եւ մեծ պաշարներ, բավականին երկար ժամանակ է՝ պատվաստման հնարավորությունը բաց է նաեւ օտարերկրյա քաղաքացիների համար, օտարերկրացիները կարող են առանց սահմանափակման ՀՀ-ում պատվաստվել եւ տուրիստական սեզոնի բացման առումով սա շատ կարեւոր է։

«Ուզում եմ հիշեցնել, թե ինչ էր տեղի ունենում 2020 թվականի առաջին կիսամյակում, երբ համավարակը ծավալվում էր։ Հայտնի շրջանակները փորձում էին ցույց տալ, որ ՀՀ կառավարությունը չի կարողանում կառավարել համավարակը, կործանվում ենք, փլուզվում ենք, կոտորվում ենք։ Հետո տեղի ունեցավ այն, որ ՀՀ-ում թվերը սկսեցին գահավիժել, իսկ այն երկրները, որոնք մեզ ի ցույց էին դնում որպես օրինակ, թե ինչպես է պետք կառավարել համավարակը, այդ երկրներում թվերը ոչ միայն գերազանցեին մեր թվերին, հաճախ տասնապատիկ ավելացան, տասնապատիկ բարձրացավ մահացությունների մակարդակը եւ այլն»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930