Այս գիշեր Տավուշից դեպի Երեւան քայլող երթի մասնակիցների հետ Սեւանի ափին խարույկի շուրջ քննարկումն իր ներկայությամբ պատվել էր Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը։ Սրբազան հոր խոսքից որոշ դրվագներ՝ ստորեւ․
-Ինձ համար մտածողության առումով շատ առանցքային են երկու գաղափարներ, որոնց ճիշտ ներդրումն ու կիրառելիությունը մեզ՝ որպես ազգ եւ պետություն, կփոխի։ Դրանք անհրաժեշտություն են եւ բխում են դեռեւս 5-րդ դարի մեր մեծերի եւ հայրերի գրվածքներից։ Իմիջիայլոց, նրանց չեն կարդում, մեկ-երկուսի անունն ուղղակի գիտեն։
Առաջինը Մովսես Խորենացին, ապա Եղիշեն, Եզնիկ Կողբացին, Կորյունը, իրենք կարմիր գծով խոսում են ընտրված ազգ լինելու մասին։ Ոմանց սա շատ է անհանգստացնում, բայց դա այդպես է, մեր հայրերն են դա տեսել։ Քրիստոնեության ընդունումը, գրերի գյուտը, որն ազատականացրեց եւ բոլորին հասցրեց կրթությունը, դրա մասին են խոսում, ինչպես եւ կենաց-մահու կռիվները։ Անգամ ցեղասպանության ողբերգությունից անցնելուց հետո ընտրված ազգի գաղափարը մեր գոյաբանության առանցքում է եղել։ Բայց խնդիրն այն է, որ միայն խոսում ենք դրա մասին։ Երբ ընկալելի ընդունենք եւ դրան համապատասխան գործենք, երկիրը, օրինակ, չենք աղտոտի, աղբ չենք թափի, կրթությանը լավագույն որակները կհաղորդենք, բժշկությանը բարձրագույն արժեք կտանք, հոգեւոր կյանքն իր խորությամբ ճանաչելի կլինի, անվտանգությունը եւս կլինի բարձրագույն արժեք, եւ կգործենք այս ամենին համապատասխան։ Մենք մեզ փոխանցված պատգամով այդպիսին ենք, իսկ գործողություններով՝ ոչ, չենք ուզում դրա պատասխանատվության տակ մտնել, թեթեւ կյանքն ենք նախընտրում, բայց չէ՞ որ որոշում ենք կայացրել, որ սա մեր պետությունն է, ուստի պետք է անընդհատ պայքարի պատրաստ լինենք։
-Աշխարհի մեծամեծները բնութագրել են մեզ՝ ասելով, որ այս «մոռացված ազգը», կամ «լքված ազգը»․․․այսպես են մեզ կոչել եւ բնորոշել՝ առանց իմանալու, թե ինչ մեծ պարգեւ կունենանք, եթե մոռացված ազգ լինելու կոնցեպտը դարձնենք փրկության ճանապարհ։ Սրանից հետո միայն մեզ չեն ասի, թե մենք մոռացված ազգ ենք, մեր հետ կուզենան անընդհատ հարաբերության մեջ լինել։
Կարդացեք նաև
Մեզ անընդհատ ներշնչում են, թե խեղճ ենք, տկար, թշվառ, չենք կարող, ի վիճակի չենք․․․սա ձախողված գաղափար է, որի դեմ մենք կարծես անընդհատ պետք է մարտնչենք, բայց՝ մտքի փոփոխությամբ, մեր դռան շեմից եւ ընտանիքից սկսած։ Ուրիշ ձեւ չունենք գործելու։ Մարդկանց անընդհատ ներշնչում են, որ իրենք ոչ մի բան են, պաշարված են, հոգեւոր արժեք չեն ներկայացնում, գնացեք որտեղ ուզում եք ապրեք աշխարհում։ Այ այս գաղափարը պետք է ջնջվի մեր միջից։ Մոռացված ազգ լինելը մեզ պետք է ավելի ամրացնի եւ պնդացնի, դառնա գործիք՝ գործելու։
-Մյուս գաղափարն «այլեւս երբեք»-ն է, որը ծնվեց հոլոքոստից հետո։ Երբ իսրայելցիներն ասում են «այլեւս երբեք», նկատի են ունենում անվտանգային համակարգը՝ բոլոր տեսանկյուններից։ Ասում են, որ դա այլեւս երբեք չպետք է կրկնվի, հետեւաբար՝ բոլոր ջանքերը պետք է ներդնել դրա համար․ երկրի եւ արժանապատվության ամեն միլիմետրի համար կոչված են պայքարելու, թույլ չտալու․․․Երբ ցեղասպանության 100-րդ տարելիցին մեր նահատակները սրբադասվեցին, շատ կարեւոր է, որ ցեղասպանության գաղափարը զգացմունքից փոխադրվի բանականության դաշտ։ Ահռելի միջոցներ ենք ներդնում, որ ցեղասպանությունը ճանաչվի, այո, դա կարեւոր է, բայց մեր համար դա առաջնային չպետք է լինի, այլ ցեղասպանված լինելը որպես հովանոց պետք է բխի մոռացված ազգի գաղափարից, լինի ոչ թե զգացմունք, որն, այո, ցավալի է, այլ դառնա գործ։ «Այլեւս երբեք»-ը մեր համար պետք է դառնա համակարգ եւ տարածվի բոլոր ոլորտների վրա․ գիշերը պետք է քնենք եւ արթնանանք այդ գաղափարով։ Դժվար է, բայց մի՞թե ընտանիքը պահելու համար չենք կռվում եւ պայքարում։ Իհարկե, անում ենք, հաճախ կորցնում ենք, բայց կորուստը միջոց է՝ կյանքի կռիվը հաղթելու համար։ Պարտված մարդուն անգամ ընկերները չեն ուզում նայել, դժբախտաբար, այդպես է։ Ազգային կյանքում էլ է այսպես։ «Այլեւս երբեք»-ը համակարգ դարձնելով է, որ զոհի հոգեբանությունը փոխակերպվում է հաղթողի հոգեբանությամբ։
-Մի անգամ ինձ հարց տվին, թե ինչ է ինձ համար Ծիծեռնակաբերդը։ Այն վերստին իմաստ է ստանում՝ Եռաբլուրի ներկայությամբ։ Եռաբլուրը կարծես Ծիծեռնակաբերդի պահպանողը լինի՝ զոհի հոգեբանությունը դարձնելու հաղթողի հոգեբանություն։ Խնդրանքս է, որ ամեն մարդ հիշի մոռացված ազգ լինելու մասին։ Դա վատ բան չի, հակառակը՝ ամրացնող է եւ աշխարհին փաստում է, որ կարող ես, որ որպես ազգ կարող ես ճանապարհ անցնել՝ աշխարհի մեջ եւ աշխարհի համար, շատ հաճախ էլ՝ աշխարհի դեմ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ